Հյուսիսային Իրաք ներխուժման հնարավոր շահառուները

0
139

Սիվիլնեթ

Սիրիան և Քրդստանի ռեգիոնալ կառավարությունը (գուցե նաև Թուրքիան) կարող են շահել «Իրաքի և Շամի իսլամական պետության»՝ հյուսիսարևմտյան Իրաք ներխուժումից, կարծում են նավթագազային ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies ընկերության վերլուծաբանները: World Energy Weekly հանդեսի հունիսի 16-ի համարում հրապարակված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Հյուսիսարևմտյան Իրաքում անցյալ շաբաթ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալների իրականացրած արագ ներխուժումը և ներկայում մայրաքաղաք Բաղդադին սպառնացող վտանգը ի հայտ բերեցին երկու հավանական հաղթողի՝ Բաշար ալ Ասադը Սիրիայում և Քրդստանի ռեգիոնալ կառավարությունըԻրաքում։ Մնացած բոլոր կողմերը՝ Իրանից մինչև Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եվրամիությունը, տարբեր աստիճանի սպառնալիքի տակ են։ Սկզբունքորեն առավել շատ պետք է որ տուժեն Իրաքի շիաները, որոնք աջակցում են վարչապետ Նուրի ալ Մալիքիին, սակայն սա հստակ չէ։ Վերջինիս կարող են մեղադրել Քրդստանի ռեգիոնալ կառավարությանհետ համաձայնագիր կնքել չկարողանալու, ինչպես նաև նրա իրականացրած դավանական քաղաքականության և Իրաքի սուննիների նկատմամբ վերաբերմունքի համար, ինչը նպաստել է «Իրաքի և Շամի իսլամական պետության» ի հայտ գալուն։ Քրդերն օգտվեցին դրանից՝ ընդարձակելու իրենց ինքնավարությունը։ Ինչ վերաբերում է սուննիներին, ապա Ալ Մալիքիի կառավարության կողմից նվաստացվելու և  արհամարհվելու արդյունքում նրանց հյուսիսարևմտյան ցեղերը «վազեցին «Իրաքի և Շամի իսլամական պետության» գիրկը»՝ միանալով իսլամիստ զինյալների հարձակմանը։ Սակայն Ալ Մալիքին այժմ կարող է պնդել, թե «Իրաքի և Շամի իսլամական պետության» դեմ պայքարում ինքը վերջին պատվարն է, որը կարող է հասնել առաջընթացի և օգնություն խնդրել թե՛ իրանցիներից, թե՛ արևմտյան տերություններից։ Սա փաստարկ է, որը սահմանի մյուս կողմում՝ Սիրիայում, արդեն իսկ օգտագործում է Բաշար ալ Ասադը՝ արևմտյան ուժերին համոզելու դադարեցնել աջակցությունն իր վարչակարգի դեմ պայքարող ապստամբներին։ Կարծես թե Սիրիայում քաղաքական կարգավորման  հասնելու ճիշտ ժամանակն է։

«Իրաքի և Շամի իսլամական պետության» հարձակման թիրախը գլխավորապես Բաղդադն է։ Այն ուղղված չէ Քրդստանի դեմ, առնվազն ոչ այս փուլում։ Սակայն «Իրաքի և Շամի իսլամական պետության» ու քրդերի միջև երկարաժամկետ համագոյակցումը հավանական չի թվում։ Վերջիններս չափավոր սուննիներ են Իրաքում, մինչդեռ Թուրքիայում և Սիրիայում նրանք ակնհայտ ձախակողմյան են։ Հետևաբար՝ քրդերը ոչ մի դեպքում ռազմավարական աջակցություն չեն ցուցաբերի «Իրաքի և Շամի իսլամական պետությանը»։ Սակայն նրանք վերջինիս թույլ կտան թուլացնել Բաղդադը մարտավարական ճակատում՝ թե՛ իրենց շրջանի ինքնավարությունը ամրապնդելու և թե՛ Իրաքի կենտրոնական կառավարության ու իրենց միջև 2005-ից առկա վեճերը (սահմանադրական, տարածքային, բյուջետային և նավթային) իրենց օգտին լուծելու համար։ Հունիսի 10-ին արձագանքելով «Իրաքի և Շամի իսլամական պետության» իրականացրած հարձակմանը՝ Քրդստանի ռեգիոնալ կառավարության վարչապետը Բաղդադին մեղադրեց  որդեգրած աղետալի դիրքորոշման համար, որը հնարավորություն չտվեց համագործակցություն հաստատելու Իրաքի անվտանգության ուժերի և Քրդստանի ռեգիոնալ կառավարության միջև՝ այդպիսով ձախողելով «Մոսուլ քաղաքն ու նրա բնակչությանը պաշտպանելու» հարցում։ Նա հայտարարեց․ «Մենք վստահեցնում ենք մարդկանց, որոնք ապրում են Քրդստանի տարածքներում՝ Քրդստանի ռեգիոնալ կառավարության վարչակազմից դուրս, որ քրդական անվտանգության ուժերն ու Փեշմերգան [քրդերն այս եզրն օգտագործում են քուրդ զինյալների նկատմամբ – խմբ․] ինչպես միշտ պատրաստն են վերահսկել անվտանգության հետ կապված իրադրությունը այդ տարածքներում»։ Երկու օր անց քրդերը գրավեցին Քրիքուկ քաղաքը՝ նրա նավթային շրջանով, որի նկատմամբ վերահսկողությունը վիճարկում էին Բաղդադի հետ։

ԱՄՆ-ի՝ Իրաքում ռազմական իրադրության վրա ազդելու կարճաժամկետ հնարավորությունը մեծ չէ։ Բարաք Օբաման հայտարարել է, որ դիտարկում է բոլոր տարբերակները։ Իրանը կարծես թե ռազմական օգնություն է ցուցաբերել իրաքյան բանակին՝ որոշակի քաղաքներում ու գյուղերում վերահսկողություն հաստատելու համար: Այսպիսով՝ Աֆղանստանից հետո Թեհրանի և Վաշինգտոնի ընհանուր շահի մեկ այլ դեպք ի հայտ եկավ։ Թուրքիան, անկասկած, ինքն իրեն որոշ կարևոր հարցադրումներ անելու գործընթացում է։ Մինչ այժմ Անկարան աչք էր փակել իր տարածքով տարբեր ազգությունների հազարավոր ծայրահեղական զինյալների տարանցման վրա, որոնք ամրացրել են «Իրաքի և Շամի իսլամական պետության» շարքերը Սիրիայում և Իրաքում։ Սակայն արևմտյան տերությունների ճնշման ներքո և ինքնին լինելով մտահոգված «Իրաքի և Շամի իսլամական պետության» ավելի ու ավելի զորացման կապակցությամբ՝ Թուրքիան վերջին մի քանի շաբաթներին ձգտել է կանգնեցնել նրանց տարանցումը։ Այս շրջադարձն ակնհայտորեն շատ ուշ է տեղի ունենում։ Ինչպես որ քրդերի դեպքում է, ռազմավարական տեսանկյունից Անկարան չի կարող ցանկանալ, որ «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» երկարաժամկետ հեռանկարում հաստատվի իր սահմանների մոտ։ Մյուս կողմից՝ Անկարան կարող է գայթակղվել Իրաքի պետական համակարգի նոր թուլացումից մարտավարական առավելություն շահելու հեռանկարով՝ տարածաշրջանի քարտեզն իր օգտին վերաձևելու համար։

Մոսուլ քաղաքը, որը «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» գրավել է՝ առանց որևէ դիմակայության, թուրքերի համար ցավոտ անցյալ է խորհրդանշում։ Այս քաղաքը Օսմանյան կայսրության մաս է եղել։ Երբ վերջինս փլուզվեց, Թուրքիայի Հանրապետությունը, որը նրա իրավահաջորդը դարձավ 1923թ․ Մուստաֆա Քեմալի առաջնորդությամբ, չկարողացավ անել որևէ բան՝ հակազդելու համաձայնագրին, որը Լոնդոնը պարտադրեց նրան 1926թ․ հունիսի 5-ին․ համաձայն այդ փաստաթղթի՝ նավթով հարուստ Մոսուլի նահանգն ընդգրկվեց Իրաքի սահմաններում, որն այդ ժամանակ Բրիտանիայի պրոտեկտորատ էր։ «Իրաքի և Շամի իսլամական պետության» կողմից Մոսուլի գրավումը «թարմացրեց Թուրքական պետության հավաքական հիշողության բաց վերքը», գրել էր թուրքական մամուլի առաջատար սյունակագիրներից մեկը։ Ինքը՝ «Իրաքի և Շամի իսլամական պետությունը», ասում է, որ ցանկանալով ստեղծել իսլամական պետություն, որն անտեսում է գաղութային դարաշրջանում հաստատված սահմանները, «չեղյալ է հայտարարում 1916թ․ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը», որով մասնատվեց Օսմանյան կայսրությունը։ «Բոլորին է հայտնի, որ երբ սահմանները սկսում են փոխվել, ոչ ոք չի կարող գուշակել՝ որտեղ դա կանգ կառնի», նկատում է թուրք սյունակագիրը։

Ռազմական գործողություն ձեռնարկելու գայթակղությունը Թուրքիայում պետք է որ մեծ լինի ներկայում։ Այս շրջանի թուրքմենները պատրաստ են Անկարային խնդրել «պաշտպանել» իրենց։ Թուրքական բանակը բոլոր առումներով գերազանցում է տարածաշրջանի մյուս ուժերին։ Վերջիվերջո, Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը 1974-ից ի վեր որևէ անդիմադրելի դիմակայության չի առերեսվել Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից։ Ավելին, այն այժմ նույնիսկ  բանակցային խաղաթուղթ է թուրքական դիվանագիտության համար Եվրամիության հետ հարաբերություններում։ Անկարայում որոշ աղբյուրներ նաև վստահեցնում են, որ «Իրաքի և Շամի իսլամական պետության» կողմից Մոսուլի գրավումը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար՝ լուծելու իր «քրդական խնդիրը»։ Թուրքիայի քրդերին Սիրիայի քրդերից անջատող տարածքի գրավումը կթուլացնի Անկարայի դեմ հանդես եկող քրդերին։ Սա կարող է Քրդստանի ռեգիոնալ կառավարությանը Թուրքիայից էլ ավելի մեծ կախվածության մեջ դնել։ Բացի այդ՝ ազատելով տարածաշրջանը «Իրաքի և Շամի իսլամական պետության» ներկայությունից՝ Թուրքիան լավություն կանի ամբողջ աշխարհին։ Հատկապես, եթե զավթումը ներկայացվի ընդամենը «ժամանակավոր»։ Որպես այս ճգնաժամի արդյունք՝ Բաղդադը չի ունենա այլ ընտրություն, քան ընդունել թուրքերի և քրդերի (գրեթե) բոլոր պահանջները։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here