Տեղ է բացվում հայ-թուրքական երկխոսության համար. պետքարտուղարի ներկայացուցիչ

0
162

Սիվիլնեթ

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի տեղակալ Ամանդա Սլոութը Վաշինգտոնում գործող Մերձավորարևելյան ինստիտուտում հունիսի 16-ին հանդես է եկել թուրք-ամերիկյան փոխգործակցության վերաբերյալ ծավալուն ելույթով, որում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: ԱՄՆ Պետքարտուղարության կողմից ստեղծված և թարմացվող կայքում հրապարակվել է Ամանդա Սլոութի ելույթը, որից որոշ հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

Հայաստան-Թուրքիա

Մենք շարունակում ենք խրախուսել Թուրքիային և Հայաստանին շարժվել դեպի կարգավորում՝ որպես միջոց հաստատելու խաղաղ, արդյունավետ և բարգավաճ հարաբերություններ, որոնց արժանի են երկու երկրների ժողովուրդները: Այս տարի՝ Հիշատակի օրը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն հայտնեց Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված հայերի թոռներին: Այդ քայլն ու թուրքական կառավարության՝ վերջին ամիսներին այլ դրական ջանքերը ապացույց են, որ տեղ է բացվում երկխոսության համար: Սակայն հնարավոր է անել ավելին, և մենք խրախուսում ենք երկու կողմերին հասնել փաստերի լիակատար, անկեղծ և արդարացի ճանաչմանը: Մենք պատրաստ ենք սատարել բոլոր ջանքերին, որոնք միտված են հաշտեցմանը: 

Թուրք-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում

Մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր են, ավելի կենսունակ ու բազմակողմանի, քան երբևէ՝ սկսած 1922-ից, երբ հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը: Ժամանակ առ ժամանակ ունենում ենք տարբերություններ, որոնք երբեմն շատ կարևոր են, սակայն մեր գործընկերության հզորությունը նշանակում է, որ կարող ենք քննարկել այդ հարցերը ուղիղ և անկեղծ ձևով:

Երկու խոսք անվտանգության ոլորտում մեր համագործակցության մասին, որը մեր հարաբերությունների հիմնաքարն է: 62 տարի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան տասնամյակներ շարունակ Եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության մաս է կազմում: Մենք կանգնել ենք ուս ուսի՝ Կոսովոյից մինչև Աֆղանստան ու Լիբիա: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ Թուրքիան կանգնել է միջազգային հանրության կողքին՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը:

Միևնույն ժամանակ, Թուրքիան աջակցում է իր դաշնակիցների անվտանգությանը՝ իր սահմաններին առերեսվելով շատ լուրջ մարտահրավերների:   

Բոլորս անհանգստացած ենք Իրաքում ISIS-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») շարունակական առաջխաղացմամբ, որը լուրջ վտանգ է սպառնում տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը: 

Իրաքյան զարգացումները ընդգծում են այն սպառնալիքը, որը կախված է ամբողջ տարածաշրջանի գլխին՝ սիրիական պատերազմի հետևանքով ահաբեկչության և բռնության տարածման պատճառով: Սիրիական հակամարտությունն արդեն շատ թանկ է նստել Թուրքիայի վրա, քանի որ սահմանային բախումներում զոհվել է ավելի քան 70 թուրք: Թուրքիան կրում է նաև ֆինանսական լուրջ բեռ՝ ապաստան տալով մեկ մլն տեղահանված սիրիացիների

Թուրքիայի հարավային գծին անկայունությունը Անկարայի համար հրատապ է դարձնում հարևանների հետ հարաբերությունների ու կապերի կարգավորումը: Շարունակում ենք խրախուսել Թուրքիային և Իսրայելին ավարտին հասցնել կարգավորման գործընթացը, որից կշահեն և՛ երկու երկրները, և՛ տարածաշրջանը: 

Թուրք-ամերիկյան համագործակցությունը տնտեսական ոլորտում 

Բացի անվատնգության ոլորտի բազմաթիվ տարածաշրջանային հարցերում մեր համագործակցությունից, մեր գործընկերությունը ծավալվել է նաև տնտեսական ոլորտում: Վերջին տասնամյակում Թուրքիան գրանցել է զարմանալի աճ՝ եռապատկելով իր տնտեսությունն ու դառնալով աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունը՝ 26-րդից: Թուրքիան Մեծ քսանյակի անդամ է և նպատակ է դրել մինչև 2023-ը մտնել խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակի մեջ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի արտահանման ծավալները Թուրքիա վերջին տասնամյակում եռապատկվել են: 

Առևտրային հարաբերություններն ամրապնդելու և ներդրումներն ավելացնելու, ինչպես նաև բիզնես հնարավորություններ ստեղծելու նպատակով մենք հիմնել ենք ԱՄՆ-Թուրքիա Տնտեսական և առևտրային ռազմավարական համագործակցության երկկողմ կառույցը: 

Ժողովրդավարությունը Թուրքիայում 

Թուրքիայի տպավորիչ տնտեսական աճի պատճառներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն է: Տնտեսական զարգացումը պահպանելու և ավելացնելու համար Թուրքիան պետք է շարունակի ապրել՝ հետևելով համընդհանուր ժողովրդավարական սկզբունքներին, որոնք միայն ամրապնդում են նրա ուժեղ կողմերը:

Պետք է ընդունենք, որ վերջին մի քանի ամիսներին որոշ քաղաքական զարգացումներ մտահոգիչ էին: Որպես հետևանք՝ հարցեր են ծագել թուրքական ժողովրդավարության ուղեգծի վերաբերյալ. արդյոք մամուլի և առցանց ազատությունները բավարար չափով ապահովվա՞ծ են, արդյոք օրենքի գերակայությունը բավականաչափ պաշտպանվա՞ծ է, արդյոք քաղաքացիները ունե՞ն ազատ հավաքների և արտահայտման իրավունք, արդյոք դատական համակարգը ազա՞տ է քաղաքական միջամտությունից և արդյոք լսելի՞ են բոլոր փոքրամասնությունների ձայները: 

Ինչպես նշել է փոխնախագահ Բայդենը, «ԱՄՆ-ն անտարբեր չի ձևանում Թուրքիայում զարգացումների նկատմամբ, քանի որ մենք հավատացած ենք, որ 21-րդ դարում կբարգավաճեն բաց հասարակություններով, քաղաքական համակարգերով ու մարդու իրավունքներին հավատարիմ երկրները»: 

Քանի որ Թուրքիան պատրաստվում է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին, մենք լավատես ենք, որ Թուրքիայում ընթացող բանավեճն ի վերջո կհանգեցնի է՛լ ավելի ուժեղ և հաջող ժողովրդավարության:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here