Երկու զոհ` հայ-ադրբեջանական սահմանին

0
184

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակից երկու զինծառայող է զոհվել: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հունիսի 19-ին զինծառայող է զոհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտանության բանակի մարտական հենակետում, իսկ հունիսի 20-ին` Արարատի մարզում` հայ-նախիջևանյան սահմանային գոտում: ՊՆ խոսնակը այլ մանրամասներ չհայտնեց` նշելով, որ դեպքերի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում:

«Հանգամանքները կպարզենք և կհայտնենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում մասնավորապես ասված է. «Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ)»:

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ խոսել է ադրբեջանական սադրանքներին հայկական կողմի պատասխանների, սահմանային միջադեպերի և խուճապի չմատնվելու անհրաժեշտության մասին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here