Կիմ Չեն Ինից հինգ է պակաս

0
157

Սերժ Սարգսյանն այցելել է Հանրային hեռուստաընկերություն: Լուսանկարներից դատելով` նա Կիմ Չեն Ինից հինգ պակաս է: Այն իմաստով, որ այդ մարդը ի պաշտոնե որևէ տեղ լինելու ճաշակ չունի: Թվում է, թե հիմա ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ Հանրային այցելելը դարձրել ենք թեմա: Կարծես թե Հանրայինում վերացվել է առևտրային գովազդը, կարծես թե բարելավվել է որոշ հաղորդումների որակը, կարծես թե Հանրայինն այսօր գրեթե չունի այն ագրեսիվ քաղաքական հակազդեցությունը, որ ցուցաբերում էր ընդդիմության ցանկացած արտահայտության առիթով:

Մի խոսքով, Հանրայինն այսօր Սերժ Սարգսյանի իշխանության ամբողջ կամ միակ փաստաբանը չէ: Նրան միացել է «Արմնյուզը», «Արմենիան», «Շանթը»: Դերերն, այսպես ասած, բաժանել են առանց կիսելու: Հանրայինում կա Գևորգ Ալթունյանի «Տեսանկյունը» և Նվեր Մնացականյանի «Հարցազրույցը». հաղորդումներ, որոնք իրենց փիլիսոփայությամբ Հանրային հեռուստաընկերության բան չեն: Առաջինը ժամանակ առ ժամանակ հարձակվում է ընդդիմության վրա՝ մոռանալով, որ Հանրայինը նաև ընդդիմության Հանրայինն է, քանի որ ընդդիմությունը, որպես ՀՀ քաղաքացիների ամբողջություն, նույնպես հարկեր է վճարում, որոնցից ձևավորվում է Հանրայինի բյուջեն, երկրորդը, այսինքն, Նվեր Մնացականյանի «Հարցազրույցը», անհնարին անճաշակ բան է: Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է հենց այս «Հարցազրույցին»: Երբ ասում եմ, որ այս մարդը ի պաշտոնե որև տեղ լինելու ճաշակ չունի, հենց սա նկատի ունեմ: Թեպետ մնացած հեռուստաընկերություններին այցելելն էլ նրան չէր փրկի, բայց այնպես չէ, որ ամբողջ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի մեջ է:

Մյուս կողմից՝ ո՞ւր գնա: Երևի միայն Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ»: Որովհետև ո՛չ «Արմնյուզն» է նրան քրքրելու, ո՛չ Շանթը, ո՛չ «ԱՐ»-ը, ո՛չ «Արմենիան»: Կարող էր էական լինել, թե ի՞նչ է հարցրել նրան Նվեր Մնացականյանը, եթե այն, ինչ պատասխանել է Սերժ Սարգսյանը, առանց նրա հարցերի չէր ասի: Եթե Նվեր Մնացականյանը հարցեր չտար, կդադարե՞ր Աբդուլլահ Գյուլը լինել լայնախոհ մարդ: Ոչ: Հետևաբար, Նվեր Մնացականյանը պետք է աշխատեր տարբերվեր ֆինանսների նախարարության այն աշխատակցուհուց, որն անցյալ տարվա նոյեմբերին իրենց հիմնարկ այցելած Սերժ Սարգսյանից հետաքրքրվում էր, թե մեր երկրի համար ի՞նչ արդյունքներ ունեցավ Վիլնյուսի գագաթաժողովը, մշակույթի նախարարության աշխատակցուհին հարցնում էր Վիեննայում Ալիևի հետ հանդիպումից, իսկ բնապահպանության նախարարության աշխատակիցը հարցնում էր Մաքսային միությունից: Պարզ չէ՞, որ նրանք այդպես էլ չստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, քանի որ այդ հարցերը «փաթեթավորված» էին այնպիսի պատասխանների համար, որոնք նույնիսկ ժլատ տեղեկատվական չէին:

Իսկ Նվեր Մնացականյանը ի՞նչ բացեց պաշտոնավարման 6,5 տարիների ընթացքում այդպես էլ լրագրողների հետ գործ չունեցած (վերջերս իմ և Սիվիլնեթի լրագրողի ներկայությամբ այս փաստով գրեթե հպարտանում էր գործող նախագահի նորանշանակ մամուլի քարտուղարը) այս մարդու հարցազրույցով: Ոչինչ: Սերժ Սարգսյանը վիրավորել է Նվեր Մնացականյանին արդեն այն փաստով, որ համաձայնել է հատկապես նրա հաղորդումով չասել այդ ոչինչը: Մինչդեռ ինչքան հարցեր կային, որոնց նա ոչ թե պետք է պատասխաներ, այլ պատասխան տար դրանց համար: Այսօր՝ լրատվամիջոցին, վաղը՝ միգուցե դատարանում: Ինձ հաճելի չէ 60-ամյա մարդուն դատարանում տեսնելը, բայց մարտի 1-ի տասը զոհերի հետևողական կոծկումը հենց նրա մակարդակով, Հայաստանի էներգետիկ սեփականության հետ ստույգ ենիչերային վերաբերմունքը, պարտադիր կուտակայինի ուղղակիորեն հանցավոր ներդրումը տարբեր «սոուսներով», արտագաղթի ուղղակի 1915-ի ցեղասպանության զոհերի տվյալներին հասնող տեմպերի հիմքերը, և դրան զուգահեռ ընտրողների թվի հետևողական ավելացումը մի օր պետք է ջրի երես դուրս գան:

Նա պետք է ասի, թե ինչու հասարակության 80 տոկոսի ընդվզումին ի պաշտոնե տեղեկանալով և մեզ տեղեկացնելով իր «էշն» է քշում: Նա պետք է ասի, թե ինչու է անընդհատ խոսում ժողովրդավարությունից ու այդպես էլ որևէ լրատվամիջոցի հաշիվ չտվեց, թե ի վերջո ինչ է հասկանում ինքը ժողովրդավարություն ասելով մի երկրում, որտեղ իր նախագահության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներն ավելի շատ էին, քան իր երկու նախընտրական ծրագրերի (կատարած և չկատարած) դրույթները:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here