Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի աշխարհի չեմպիոնին եւ գաւաթակրին

0
121

Յունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի եւ «Ակրօնիս» ընկերութեան հրաւէրով Հայաստանում գտնուող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին եւ աշխարհի գաւաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնեանին:

Ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառութիւն պիտի պարգեւի շախմատի սիրահարներին: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ դեռեւս վաղ միջնադարից Հայաստանում յայտնի շախամատը, այսօր եւս լայնօրէն տարածուած է երկրում եւ ծրագրային առարկայ լինելով հանրակրթական դպրոցներում` նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի թանգարանում են պահւում Տիգրան Պետրոսեանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկայիշատակ Վազգէն Ա Կաթողիկոսին:

Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնեանը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրին Տաթեւի վանք կատարած այցելութեան իրենց տպաւորութիւնները: Երեկ Տաթեւում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգեւորականների, ինչպէս նաեւ Հալիձորի ու Տաթեւ համայնքների երեխաների հետ:

            Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարութեանը հայ ժողովրդի կեանքում, պատմութեան ընթացքում կրած դժուարութիւններին եւ ներկայիս նրա հոգեւոր առաքելութեան արդիւնաւորմանն ուղղուած գործունէութեանը:

 Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը փոխանցեց շախմատիստներին` մաղթելով նորանոր յաղթանակներ եւ յորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցոյթը կարող է լինել ի նպաստ խաղաղութեան, ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման եւ համերաշխ գոյակցութեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here