ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ (*)

0
151

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանը մի անգամ եւս ընկել է համաշխարհային քաղաքական մեքենայությունների ծուղակը, գլխավորապես իր մեկուսացված լինելու եւ վտանգավոր աստիճանի հասած արտագաղթի հետեւանքով: Գործընթացը լավ բան չի խոստանում երկրին: Տարիներ շարունակ Եվրոմիության հետ բանակցություններ վարելուց հետո, անցյալ սեպտեմբերին Երեւանը, շրջադարձ կատարելով, միացավ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, որն այսօր արդեն ընդարձակվելով դարձել է Եվրասիական միություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս կրկնել է, որ իր նպատակը չէ վերականգնել նախկին Խորհրդային Միությունը, բայց ընթացիկ բոլոր զարգացումները այլ բան են կանխագուշակում:

Գնալով սաստկացող նոր սառը պատերազմի պայմաններում, աշխարհի գլխավոր պետությունները փորձում են իրենց դիրքերը վերադասավորել այսպես կոչված նոր աշխարհակարգում: Արեւմուտքը, ինչպես միշտ, ժխտում է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար, բայց ամբողջ ժամանակ շրջափակումներով պարփակում է նրա կարողությունները:

Մոսկվան փորձում է իր ձեւով ելք գտնել ստեղծված իրավիճակից: Ուկրաինան վերջին օղակն էր պարփակման գործընթացի: Ռուսաստանը կորցրեց, բայց չի կարելի ասել, որ Արեւմուտքն էլ լիակատար հաղթանակ տարավ:

Ղրիմի վերակցումը Մոսկվային եւ վերջինիս «վատ վարքագիծը» արեւելյան Ուկրաինայում պատճառ հանդիսացան, որ Արեւմուտքը տնտեսական պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ռուսաստանի: Դրանց որպես հակադարձ քայլ, Ռուսաստանը կարողացավ իրագործել համաշխարհային նշանակության երկու կարեւոր ծրագրեր. մեկըՙ Չինաստանի հետ 400 միլիարդ դոլարի պայմանագիրն էր էներգետիկայի ոլորտում, իսկ մյուսըՙ Եվրասիական միության գոյատեւումը, որն ըստ Պուտինի «պատմական նշանակության դարակազմիկ պայմանավորվածություն է»: Ղազախստանի նախագահ Նազարբաեւը նմանատիպ որակում տվեցՙ ասելով, որ «ծնունդ առավ 21-րդ դարում մի նոր աշխարհաքաղաքական իրականություն»:

Արեւմուտքն, իհարկե, նույն ձեւով չընկալեց այս զարգացումները, հաշվի առնելով մասնակից պետությունների տարամետ շահերը: 1995-ին, օրինակ, Ղազախստանի առեւտրաշրջանառության 47 տոկոսը Ռուսաստանի հետ էր, մինչդեռ 2011-ին արտահանումների 40 տոկոսը Եվրոպայի համար էր նախատեսված, Ռուսաստանին թողնելով ընդամենը 9 տոկոս:

«Նյու Յորք Թայմսում» մայիսի 30-ին տպագրված մի հոդված այս գործողությունները դիտարկում է իրենց քաղաքական կոնտեքստում. «Ինչպես Չինաստանի հետ կնքած գազի մեծածավալ պայմանագիրը, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունը միջոց է, ցույց տալու համար, որ Մոսկվան դեպի Ասիա է շրջադարձ կատարում եւ կարող է դիմակայել արեւմտյան որեւէ պատժամիջոց կամ ճնշում իր ազգային շահերը պաշտպանելու ճանապարհին»:

Մինչ Ռուսաստանը, անշուշտ, իրավունք ունի պաշտպանելու իր ազգային շահերը, Հայաստանը պարտավոր է կենաց-մահու պայքար մղել, եւ կարծես նրա վիճակը Ռուսաստանի տարածքային առաջնահերթությունների շարքում չէ: Մոսկվան շարունակում է զինել Ադրբեջանին եւ նրա պնդումները, թե ցանկանում է խաղաղ լուծում գտնել Ղարաբաղյան հակամարտությանը, մեղմ ասածՙ այնքան էլ համոզիչ չեն թվում: Գործողությունները հստակ խոսում են այն մասին, որ Մոսկվայի շահերից չի բխում լուծել այդ հարցը, որպեսզի կարողանա Երեւանին եւ Բաքվին պահել իր բռան մեջ: Ռուսաստանի դերը նսեմացնելու նպատակով ամերիկյան կողմը Ջեյմս Ուորլիքի բերանով հնչեցրեց Ղարաբաղի վերաբերյալ իր առաջարկը: Վերոնշյալ զարգացումները նախադրյալ հանդիսացան այն ամենին, ինչ կատարվեց Աստանայում, որտեղ Եվրասիական միության առաջնորդները հավաքվել էին ստորագրելու այդ կազմակերպության կանոնադրությունը:

Մինչ Ծոցի առաջին պատերազմի օրերին, Ջորջ Բուշը փորձում էր «ցանկացողների կոալիցիա» ստեղծել, Եվրասիական միությունը կարծես «չցանկացողների կոալիցիա» է: Ռուսաստանը ստիպված էր 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրելով ներգրավել Բելառուսին, իսկ Հայաստանին հասավ ընդամենը 300 միլիոն դոլարՙ Մեծամորի ատոմակայանը վերանորոգելու համար: Ի դեպ, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու նախնական ճոռոմախոսություններից հետո Ռուսաստանը նախընտրեց նոր ատոմակայան կառուցել Թուրքիայում:

Եվրասիական միության մյուս գործոնը մասնակիցների քաղաքական անհամաձայնությունն է: Լուկաշենկոն կանխատեսում էր, որ միությունը հետագայում կվերածվի քաղաքական կառույցի, մինչդեռ Նազարբաեւը միայն տնտեսական համագործակցություն է տեսնում դրանում: Եթե Եվրասիական միությունը կրկնօրինակելու է Եվրոմիությանը, ապա քաղաքական թեւի պակասը իրեն զգացնել է տալու, քանի որ Եվրոմիության բոլոր նոր անդամները աստիճանաբար հայտնվում են ՆԱՏՕ-ում:

Հաջորդը Նազարբաեւի հայտնի ելույթն էր, որը Հայաստանի նախագահի կողմից որակվեց «տհաճ»: Նազարբաեւի կատարած միջամտությունը ոչ միայն «տհաճ» էր, այլեւ վտանգավոր, քանի որ նա իր խոսքերին ավելացրել էր, որ «մենք չպետք է վիրավորենք մեր ընկերոջՙ Ալիեւի զգացմունքները»: Ավելին, Ալիեւին հաճոյանալուց բացի, նա ազատ էր զգացել հրավեր ուղղելու Թուրքիային, որ միանա Եվրասիական միությանը, ամբողջովին անտեսելով այն հանգամանքը, որ կնճռոտ խնդիրներ գոյություն ունեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Ռուսաստանը շարունակում է լուռ մնալ, եւ այդ լռությունը չարագուշակ է: Վիրավորանքին անարգանք ավելացնելով ռուս մեկնաբաններից մեկը Հայաստանին մեղադրեց այդ «տհաճ» նամակի ընթերցման համար: Այսպես, Ռուսական դաշնության ավագ խորհրդատու եւ «Ռեքս» լրատվական գործակալության խմբագիր Մոդեստ Կոլերովը մեկնաբանելով Ալիեւի նամակի ընթերցումըՙ ասաց, որ դա պատասխան էր Հայաստանի վարչապետի ակնարկներին:

Ադրբեջանը նույնիսկ անդամ չլինելով Եվրասիական միությանը եւ մտադրություն անգամ չունենալով անդամակցելու այդ կառույցին, շանտաժի է ենթարկում Հայաստանին ի ցույց տալով իր «նավթային» մկանները: Նազարբաեւը, մյուս կողմից, միության անդամներից մեկի հանդեպ ցուցաբերած իր անտարբերությամբ, մի կողմնակի պետության անունից հանդես գալով կատարում է պանթուրանական իր ընկերների ցանկությունները: Հայաստանում շատերն են նրան մեղադրում Կենտրոնական Ասիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի պանթուրանական երազանքների հիմնասյունը լինելու մեջ: Եվ չնայած պանթուրանականությունն ու օսմանիզմը Ռուսաստանի բազմամյա թշնամիներն են եղել, մեր օրերում նախագահ Պուտինը դրանց հնարավոր սպառնալիքներ չի համարում, քանի որ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու: Կազմավորման առթիվ արտասանված ճոռոմախոսություններով հանդերձ, եվրասիական միությունը կարծես անհաջող մեկնարկ ունեցավ, առնվազն Հայաստանի համար:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

(*) տպագրվում է կրճատումներով:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here