Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԼԱՎՐՈՎՆ ԻԼՀԱՄԻ «ԱԿԱՆՋԻՆ»

0
124

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի նախօրեին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տարածել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի «կողմերը կքննարկեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարագի առանցքային ասպեկտները, ուշադրություն կդարձվի կասպյան խնդիրներին` Աստրախանում Կասպյան գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում»: Նույն աղբյուրը նաեւ ծանուցել էր, որ «բանակցությունների օրակարգում է ղարաբաղյան կարգավորման հարցը` ստեղծված իրավիճակի ապաշրջափակման եւ կոնկրետ պայմանավորվածությունների դուրս գալու անհրաժեշտության շեշտադրմամբ»:

Հունիսի 18-ին Լավրովն արդեն Բաքվում էր: APA գործակալության փոխանցմամբ` ՌԴ արտգործնախարարն «այցելել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի շիրմին, ծաղկեպսակ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել հանուն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության զոհված շեհիդների գերեզմաններին»: Խոստովանենք, որ ՌԴ արտգործնախարարը բավական խորհրդանշական ժեստերով է սկսել իր առաքելությունը: Նույն օրը նա դեմ առ դեմ բանակցություններ է վարել ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ: Բանակցությունների ավարտին Լավրովը եւ Մամեդյարովը մամուլի ճեպազրույց են անցկացրել:

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ»,- սա Էլմար Մամեդյարովի գնահատականն է, ինչին նա հավելել է, որ Լավրովի հետ քննարկվել են «համագործակցությունն ավելի խորացնելու հեռանկարները, մենք նաեւ չենք շրջանցել ղարաբաղյան հակամարտության հարցը»: Այդ կապակցությամբ Մամեդյարովը հատկանշական հայտարարություն է արել. «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից կա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկություն: Մենք այժմ սպասում են այդ հանդիպման կազմակերպման մասին Ֆրանսիայի պատասխանին»:

Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպման շուրջ Ադրբեջանն ինչ-որ «առանձնահատուկ պայմանների» խնդիր է առաջադրել Ֆրանսիային եւ սպասում է պատասխանի, թե՞ Մամեդյարովը պարզապես խուսափել է հրապարակել Բաքվի վերջնական որոշումը: Թվում է, գործ ունենք երկրորդ տարբերակի հետ. Իլհամ Ալիեւը հնարավորինս երկարաձգում է հանդիպումը` սպասելով «որոշակի պարզությունների»:

Այս իմաստով ուշագրավ է ՌԴ արտգործնախարար Լավրովի այն միտքը, որ «Ռուսաստանը ԵՏՄ-ին միանալու հատուկ հրավեր Ադրբեջանին չի ուղարկել»: Դիվանագիտական խոսքում ամեն բառ իր կարեւորությունն ունի: Լավրովը չի ասել, թե Ռուսաստանն Ադրբեջանին ԵՏՄ չի հրավիրել, նա շեշտել է, որ «հատուկ հրավեր չի ուղարկվել»: Այսինքն, Ռուսաստանը Ադրբեջանին ԵՏՄ-ին միանալու պաշտոնական առաջարկություն չի արել: Այս համատեքստում Լավրովի ասածը գրեթե բառացիորեն համընկնում է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովի պարզաբանմանը, որ «Ադրբեջանը դեռեւս ԵՏՄ-ին միանալու մտադրություն չունի»:

«Բայց մենք կուզենայինք,- Բաքվում ավելացրել է Լավրովը,- որպեսզի մեր (Ադրբեջանի եւ Ռուսաստանի- Վ. Ա.) գործընկերային հարաբերությունները զարգանային բազմակողմանիորեն, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում»: ՌԴ արտգործնախարարի բնութագրմամբ` «ԵՏՄ-ն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսական միություն է, եւ այս ամսվա վերջին այդ միություն կմտնի նաեւ Հայաստանը»: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, ՌԴ արտգործնախարարի ներկայացմամբ` «Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է… ԵՏՄ-ին անդամակցությունը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լիովին տարբեր հարցեր են: Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այսուհետ եւս կնպաստի այդ հարցի խաղաղ կարգավորմանը»:

Այդուհանդերձ, ՌԴ արտգործնախարարն Ադրբեջանը համարել է «Հարավային Կովկասում լուրջ գործընկեր», ինչպես եւ վերահաստատել ռուս-ադրբեջանական հարաբերությունները խորացնելու իր երկրի հետաքրքրվածությունը եւ շեշտել, որ «նախագահ Վլադիմիր Պուտինի անցյալ տարվա Ադրբեջան կատարած այցից հետո այդ հարաբերություններն ինտենսիվացել են»:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հրապարակային հայտարարություններից ընդհանուր տպավորությունն այն է, որ Լավրովի Բաքու այցելության շուրջ հետաքրքրվածությունն Ադրբեջանում եւ Հայաստանում, թերեւս, փոքր-ինչ չափազանցված էր: Գուցե թե` նաեւ արհեստականորեն: Հնարավոր է, սակայն, որ Լավրովն Ռուսաստանի հիմնական ասելիքը Մամեդյարովի հետ հանդիպմանը լրիվ ծավալով չի բացահայտել:

Ըստ էության, կանդամակցի՞ ԵՏՄ-ին Ադրբեջանը, թե՞` ոչ, դրանից քիչ բան է կախված լինելու: Լավրովն արդեն հասցրել է Բաքվում ասել, որ «Հայաստանը համաձայնել է ԵՏՄ-ին անդամակցել այն սահմաններով, որոնցով անդամակցել է միջազգային այլ կազմակերպությունների»: Եւ, ամենայն հավանականությամբ, սա ՌԴ արտգործնախարարի ամենագլխավոր ասելիքն է Իլհամ Ալիեւին: Դա ռուսաստանյան կողմի հավաստիացումն է Ադրբեջանին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը «չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը»: Լավրովը նաեւ մեսիջ է հղել ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներին, որ Ռուսաստանը «ԼՂ հարցում միակողմանի քայլեր չի ձեռնարկի»:

Դիվանագիտական ձեւակերպումները, սակայն, իրենց մեջ ավելի հաճախ երկիմաստություն են պարունակում: Լավրովի մեսիջը, գուցե, հասցեագրված է հատկապես Իլհամ Ալիեւի՞ն: Այն իմաստով, որպեսզի վերջինս ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում Լեռնային Ղարաբաղի հարցը «նախապայման» չդարձնի: Չափազանց ուշագրավ է, որ Բաքվում ՆԱՏՕ-ի ԽՎ կազմակերպած քննարկումներին ելույթ ունենալով` Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն այսպիսի հայտարարություն է արել. «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ Ադրբեջանը մաս կազմի անվտանգության եվրոատլանտյան համակարգին, բայց հիմա հիասթափված եմ: Դուք ոչինչ չեք անում Ղարաբաղի հարցում: Այս իրավիճակում Ադրբեջանն իրավունք ունի բանակցություններ սկսելու Ռուսաստանի հետ»:

Մեկ այլ ադրբեջանցի խորհրդարանական, Միլլի մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովն ավելի հեռուն է գնացել: Նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունները սառեցնելու մասին ՆԱՏՕ-ի որոշմանը եւ փարիսեցիաբար հարց բարձրացրել, թե այդ դեպքում «հարկ է, որ Հայաստանը հեռացվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ից»: Ռուսաստանի հասցեին այս «քաղցրախոսությունները», պետք է դիտել տալ, հնչեցվել են Լավրովի այցի նախօրեին: Չպետք է կասկածել, որ Աղազադեն եւ Ասկերովն իրենց արտահայտությունները նախապես համաձայնեցրել են Իլհամ Ալիեւի աշխատակազմի հետ:

Փաստացի պետք է կատարելապես ձախողված համարել Եվրոհանձնաժողովի նախագահ Բարուզոյի այցը Բաքու: Ադրբեջանական մամուլը չէր զլացել վերջինիս համարել «կաղ բադիկ»` նկատել տալով, որ նա մոտ ապագայում հրաժեշտ կտա պաշտոնին: Ըստ էության, սակայն, ադրբեջանական գրեթե բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ Իլհամ Ալիեւը «չի կարող ընդունել խաղի եվրոպական կանոնները, քանի որ այդ դեպքում նա կկորցնի իշխանությունը»:

Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «վճռական ընտրություն» կատարելու հարցում այսպիսով Ադրբեջանում պարզություն է մտցվել: Խնդիրն ամենեւին էլ Լեռնային Ղարաբաղը չէ, այլ` «ժառանգական իշխանության» պահպանումը, որն Իլհամ Ալիեւի համար եղել եւ մնում է գերխնդիր: Արեւմուտքում դա հասկացել են: Այս դեպքում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն:

Ինչպես արդեն ասել ենք, Բաքվում Լավրովը հստակ նկատել է տվել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինտենսիվացել են անցյալ տարի Ադրբեջան Վլադիմիր Պուտինի այցից հետո: Ադրբեջանական փորձագիտական եւ լրագրողական հանրությունն արդեն անթաքույց խոստովանում է, որ Պուտինն է «երաշխավորել Իլհամ Ալիեւի վերընտրությունը»: Մենք այդ մասին գրել էինք անցյալ տարի եւ կանխագուշակել, որ «գալու է մուրհակներ մարելու ժամանակը»:

Այդ պահը, կարծես, մոտենում է: Իլհամ Ալիեւը հետեւողականորեն փչացրել է արեւմտյան ընկերակցության հետ հարաբերությունները: Դատելով Բաքվի որոշ լրատվամիջոցների կեսբերան հրապարակումներից, Արեւմուտքն անցել է համակարգված քարոզչական հակահարվածների: Հատկապես ամերիկյան եւ բրիտանական մամուլում Ադրբեջանը գրեթե առանց բացառության ներկայացվում է իրական տեսքով` որպես «ավտորիտար երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամեն քայլափոխի»:

Բաքվի արձագանքն այդ քարոզչությանը պարզապես «կացնային» է: Իլհամ Ալիեւի գործակալներն ամենուր եւ ամեն ինչում «Ադրբեջանի կայունության հանդեպ նախանձ», «նարնջագույն հեղափոխության սպառնալիք» եւ «գործող իշխանության տապալման վտանգ» են տեսնում: Ադրբեջան- ԱՄՆ հարաբերություններում արձանագրվել է հերթական սկանդալը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը եւ հարկային նախարարությունը միաժամանակյա վարույթ են սկսել ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի Բաքվի մասնաճյուղի դեմ:

Տվյալ կառույցը մեղադրվում է «առանձնակի խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու եւ փողերի լվացմամբ զբաղվելու» մեջ: Ըստ դատախազության վարկածի, ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի Բաքվի մասնաճյուղը «գործող օրենսդրության կոպիտ խախտումներով դրամաշնորհներ է տրամադրել մի շարք հասարակական կազմակերպությունների եւ առանձին անձանց»: Դա համարվում է «փողերի լվացում»:

Իրականում, մինչդեռ, խնդիրը զուտ քաղաքական է: ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի «հովանավորյալների» շարքում է նաեւ Nida երիտասարդական կազմակերպությունը, որն անցյալ տարվա գարնանն Ադրբեջանում մի քանի հաջողված ակցիաներ էր կազմակերպել` բանակում մահվան դեպքերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Կազմակերպության մի շարք անդամներ ներկայումս դատապարտված են երկարաժամկետ պատիժների:

Այդուհանդերձ, տարօրինակ է, որ անցյալ տարվա դեպքերի «հետքերով» ադրբեջանական իշխանությունները միայն այսօր են ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի դեմ անցնում բացահայտ հարձակման: Տպավորությունն այն է, որ Իլհամ Ալիեւի վարչախումբն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը լիովին «ազատագրվի արեւմտյան ազդեցությունից»: Ճիշտ է, դա ներկայացվում է առանձին` զուտ ադրբեջանական «արժեհամակարգը պահպանելու» տեսանկյունից, բայց մի՞թե նախկինում «ադրբեջանականությունը խորթ ազդեցություններից ապահովագրելու» խնդիր չկար:

Ըստ երեւույթին, արեւմտյան «կեղծ արժեքների» դեմ Բաքվի իշխող վարչախմբի «սրբազան պատերազմը» մղվում է անցյալ տարի Իլհամ Ալիեւի կողմից «ստանձնած սոցիալիստական պարտավորությունների» շրջանակներում` ի տես Ռուսաստանի, որտեղ նույնպես արեւմտյան ազդեցությունը հայտարարված է «ազգային անվտանգության սպառնալիք»:

Ուշագրավ է նաեւ, որ Լավրովի այցի նախօրեին անսպասելի հայտարարություն է արել Բաքվում Թուրքիայի դեսպանը: «Եթե Ադրբեջանը որոշում ընդունի անդամակցելու ԵՏՄ-ին, ապա Թուրքիան չի կարող առարկություններ ունենալ, քանի որ նա լիովին պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ անկախ քաղաքականությունը: Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին, թուրք-ադրբեջանական հարաբերությունները ողջ տարածաշրջանի համար ընդօրինակելի են, եւ դրանք այսուհետ եւս կզարգանան»:

Եթե ասվածից «փրփուրը քաշենք», ապա արդյունքում կունենանք այն, որ Թուրքիան Լավրովի Բաքու այցելությունը դիտարկում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության համատեքստում: Իսկ եթե նկատի ունենանք, որ Լավրովը Մամեդյարովի հետ բանակցություններից հետո խստորեն տարանջատել է ԵՏՄ-ին անդամակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարից, ապա կստացվի, որ պաշտոնական Բաքուն մտադիր է ավելի թանկ վաճառվել, քան իր փաստացի եւ նույնիսկ հնարավոր արժեքն է:

Պարզ ասած, Ադրբեջանում ԵՏՄ-ին անդամակցության «հրավերն» ընկալել են իբրեւ Ռուսաստանի հետ «սեպարատ բանակցությունների միջոցով ԼՂ հարցի լուծման հնարավորություն»: Արտգործնախարար Լավրովն, այնինչ, Ռուսաստանի այդ հարցում դերակատարությունը պայմանավորել է բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության` իր երկրի մանդատով:

Լավրովի ադրբեջանական «տեսչավորմանը» չափազանց սրված հետաքրքրությամբ էին սպասում նաեւ հայկական որոշ շրջանակներ: Արվում էին ամենամռայլ կանխատեսումներ, որ «Լավրովը կպահանջի պատերազմ սկսել» եւ այլն: Ինչպես պարզվեց` արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել: Մոսկվան Ադրբեջանի կարիքը չունի, որովհետեւ Մոսկվան դեռեւս անցյալ տարի «պատանդ է վերցրել» Իլհամ Ալիեւին: Իսկ Իլհամ Ալիեւից դուրս Ադրբեջան գոյություն չունի: Կա մեկ մարդու կառավարման տարածք, իրողություն, որ իրավապաշտպան Լեյլա Յունուսովան անվանում է իր «հայրենիքի օկուպացիա»: Ահա այդ օկուպացիայի երաշխավորն է Ռուսաստանը:

Այնպես որ, պետք է վստահ լինել. Բաքվում Սերգեյ Լավրովն Իլհամ Ալիեւի ականջին միայն մի բան է ասել. «Հիշիր ով ես դու եւ ումն ես դու»: Եթե Իլհամը կարողանա մոտակա մի քանի օրում հասկանալ եւ Մոսկվային համարժեք պատասխան տալ, ապա ամեն ինչ համեմատաբար հանգիստ ընթացք է ունենալու: Եթե` ոչ, ապա Բաքու հասնելով` ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն արդեն ստիպված կլինի ձգել «ինքնիշխան Ադրբեջանի անկախ նախագահի» երկար ականջները եւ հստակ «գարու հաշիվ» կներկայացնի:

Ստեփանակերտ

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here