Իսպանական Նավարեն ճանաչել է Ցեղասպանությունը

0
137

Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը 2014թ. հունիսի 23-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր: Այն հաստատում է, որ «համաձայն 1987թ. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, որը հետագայում վերահաստատվել է համապատասխան որոշումներով (2002թ. փետրվարի 28-ի և 2004թ. ապրիլի 1-ի բանաձևեր) հայ ժողովրդի կրած տանջանքները հիրավի ցեղասպանություն են»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն` հռչակագիրն ընդունվել է իրենց «նախաձեռնությամբ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իրականացված ուսումնական մի շարք այցերի արդյունքում»:

Նավարեի խորհրդարանի ընդունած հռչակագիրը դատապարտում է 20-րդ դարի սկզբի թուրքական վարչակարգի մշակած քաղաքականությունը և կոչ է անում Թուրքիային «բարիդրացիական և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և լուծել սահմանների շուրջ վեճը խաղաղ ճանապարհով»: Հռչակագիրն ընդգծում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հիմնախնդիրները (Հայոց ցեղասպանության ճանաչումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը) պետք է անհապաղ լուծվեն:

Նավարեն Ֆրանսիային սահմանակից ինքնավար մարզ է Իսպանիայի հյուսիսում, որը տեղակայված է մոտավորապես Կիպրոսի տարածքի չափ ցամաքին (10, 391 կմ²) և ունի մոտ 650,000 բնակչություն (հավասար է Մոնտենեգրոյի բնակչության քանակին): Այն Ցեղասպանությունը ճանաչած` Իսպանիայի չորրորդ շրջանն է` Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here