Կարմիր գծերը հետաքրքրել են «արտասահմանցիներին»

0
132

Արտասահմանյան երկու ընկերություն հետաքրքրված է «Փարկինգ սիթի սերվիսի» ձեռքբերմամբ, որը, ըստ տնօրեն Վազգեն Հարությունյանի, Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար արդեն ներդրել է ավելի քան 2 մլրդ դրամ։

Երևանում վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությամբ հետաքրքրված է երկու արտասահմանյան ընկերություն, չնայած բանակցություններ դեռ չեն սկսվել։ Այս մասին ՍիվիլՆեթի թղթակցին ասաց «Փարկինգ սիթի սերվիս» ընկերություն տնօրեն Վազգեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Փարկինգ սիթի սերվիսը» հունիսի 20-ին հայտարարություն էր տարածել, որ ընկերության բաժնետեր Տիգրան Հարությունյանը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով։

Ընկերության վաճառքի վերաբերյալ հայտարարությունը տարածվեց այն բանից հետո, երբ հասարակության շրջանում վճարովի կայանատեղերի նկատմամբ դժգոհության ալիքը նոր թափ ստացավ, իսկ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, իշխանություններին ներկայացրած 12 առաջնահերթ պահանջներում ներառեցին վճարովի ավտակայանատեղերից ստացվող գումարները հօգուտ համայնքային բյուջեի վերաբաշխման պահանջը։

Վազգեն Հարությունյանն ասաց, որ 2013-ից ընկերությունն իրականացրել է ավելի քան 2 մլրդ դրամի ներդում։ Մասնավորապես, ընկերություն հաշվեկշռում են 1600 գործող տեսանկարահանող սարքեր, որոնք ապահովում են կայանած ավտոմեքենաների անվտանգությունը, կառուցվել է 250 կմ ընդհանուր երկարությամբ 10 Գբիթ/վ թողունակությամբ օպտիկամանրաթելային ցանց, տվյալների մշակման համակարգչային համակարգ, ունի 7 շրջիկ ավտոմեքենա՝ ժամանակակից նկարահանող սարքավորումներով։

Երևանի քաղաքապետարանը վճարովի կայանատեղերի ծառայություն կազմակերպելու նպատակով 2012թ. վերջին հայտարարել էր մրցակցային երկխոսության ձևով մրցույթ և հաղթող ճանաչել «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» (հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին) ընկերությունների կոնսորցիումը։ Վճարովի ավտոկայանատեղերի տուրքից քաղաքապետարանը ակնկալում էր ստանալ տարեկան 1 մլրդ դրամ, որից 70%-ը պետք է փոխանցվեր «Փարկինգ սիթի սերվիսին»։

Անցած տարի սեպտեմբերին կայացած ասուլիսին ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն ասել էր, որ հավաքագրվող տուրքի 70%-ից 16,67%-ը ավելացված արժեքի հարկն է, 10%-ը՝ ընկերության շահութաբերությունը, մնացած մասն ուղղվելու է ներդրումների վերադարձելիությանը։

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here