Կենտրոնական բանկը կրկին էժանացնում է փողը

0
292

Կենտրոնական բանկը շարունակում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը. 2014թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7%-ի մակարդակում: Այս տարվա ընթացքում ԿԲ արդեն երրորդ անգամ է էժանացնում փողը, ընդլայնողական քաղաքականություն իրականացվում է անցած տարվա սեպտեմբերից (տոկոսադրույքն իջեցվեց 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8%)։

Ըստ ԿԲ տարածած հաղորդագրության, 2014 թ. մայիսին արձանագրվել է 0,8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա գների անփոփոխ մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3,6%: ԿԲ խորհրդում կարծում են, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, իսկ երրորդ եռամսյակում գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև։

«Աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրությունում:

Ըստ ԿԲ-ի՝ 2014թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվող ցուցանիշի շրջանակում. 2014 թ. համար ԿԲ-ում 4,1-4,8% տնտեսական աճ են ակնկալում։

Ըստ ԿԲ-ի՝ արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: Բացի այդ, 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչև օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացրած թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնման ու գնաճի տեմպերի վերականգնման: Ընդ որում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի՝ 4±1,5%, ստորին հատվածում: «Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով»,- նշված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին պետք է արձագանքել դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Սիվիլնեթ

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here