Սահմանադրական փոփոխությունների քննարկումը երկարաձգվում է

0
152

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումները կերկարաձգվեն առնվազն երեք ամսով: Այս մասին առաջարկ է հնչել հունիսի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպմանը, որին նախագահը հավանություն է տվել:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկայացվել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ցուցաբերած օժանդակությունը:

Գագիկ Հարությունյանի խոսքով` կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով` «նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:

2014թ. ապրիլի 10-ին հրապարակվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին և քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը:

Հունիսի 5-ին նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և GIZ-ի աջակցությամբ Երևանում կազմակերպել էր սահմանադրական փոփոխությունների առաջարկներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները:

Սահմանադրական փոփոխությունների թեմայով ՍիվիլՆեթի «Ազատությունից 100 մետր» հաղորդման շրջանակում կազմակերպվել է երկու քննարկում. մայիսի 22-ի «Իշխանությունների տարանջատումը և կառավարման ձևը» թեմայով քննարկմանը մասնակցել են սահմանադրագետ Արմեն Մազմանյանը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, իսկ հունիսի 7-ի «Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների անմիջական գործողության ապահովումը, իրավունքների սահմանափակման սահմանադրական լուծումները» թեմայով քննարկմանը մասնակցել են իրավաբան Վահե Գրիգորյանը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:

Սիվիլնեթ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here