Հունիսի 27-ին Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի կունենա մեծ համերգ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Այս մասին հայատարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նինո Կոբախիձեն:
Համերգին կմասնակցեն ինչպես արտերկրում, այնպես էլ Վրաստանում բնակվող վրացի հայտնի արտիստներ:
Տոնական միջոցառմանը կմասնակցի նաև Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած պատվիրակությունը, որն այդ ժամանակ արդեն վերադարձած կլինի Թբիլիսի: Հավաքվածների առջև ելույթ կունենան նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում ենք կիսել ուրախությունը, որը կապված է Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ տոնական միջոցառումները կշարունակվեն հաջորդ օրը՝ հունիսի 28-ին Բաթումիում: Այնտեղ Ղարիբաշվիլին ընդունելություն կկազմակերպի, որին կմասնակցեն Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Բրյուսելում Վրաստանի պատվիրակությունը կղեկավարի վարչապետ Ղարիբաշվիլին: Պատվիրակության կազմում կլինեն արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Թեա Ցուլուկիանին: Նախագահ Մարգվելաշվիլին Բրյուսել չի մեկնի: Նա համաձայնագրի ստորագրման իրավունքը պատվիրակել է վարչապետ Ղարիբաշվիլիին, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ փաստթուղթը պետք է ինքը ստորագրի:
Հունիսի 23-ին Եվրամիությունը համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ հայտարարություն է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ փաստաթուղթը կխթանի Վրաստանի տնտեսության զարգացմանը:
Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է 2013թ. նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Սիվիլնեթ