Նորօրեայ Առակ

0
183

ԿԱՐԻՆԷ ԽՈԴԻԿԵԱՆ

Արուեստանոցում լոյսը հաւաքւում էր միայն կենտրոնում՝ անկիւնները թողնելով անորոշ կիսախաւարի մէջ, որտեղից աւարտուն կամ անաւարտ քանդակների հատուածներն էին երեւակւում: Ամբողջական երեւում էր միայն կենտրոնում պատուանդանին դրուած քանդակը: Քանդակագործն այդպէս էլ չհասկացաւ՝ ի՞նքը գրանիտից դուրս բերեց նրան, թէ՞ նա, իր ցանկութեամբ, քանդեց քարէ պատնէշն ու յայտնուեց՝ ինչպէս եղել ու մնացել էր յիշողների ու չիմացողների մտապատկերում՝ կամային ծնօտ, խորաթափանց աչքեր, որոնց ուղղութիւնը երբեւէ որեւէ մէկը գուշակած չկար: Քանդակագործը, ճիշդն ասած, չէր ուզում անգամ ինքն իրեն խոստովանել, որ արձանը ինքը դուրս պրծաւ գրանիտից, ու գուցէ դա էր պատճառը, որ դատապարտուած ժպիտով էր ընդունում Յանձնաժողովի շնորհակալութեան խօսքերը արուած աշխատանքի համար: Յետոյ արուեստանոցի դուռը փակեցին ու գնացին՝ ամէն մէկն իր գործին, իսկ քանդակագործը զարմանքով զգաց, որ առաջին անգամ չի ուզում հարբել, մինչդեռ ամէն աւարտուած քանդակից յետոյ քէֆ էր անում գիտակցութիւնը կորցնելու աստիճան: Առաւօտեան նա բացեց կողպէքը, ներս մտաւ ու… արձանի մատները կարմիր էին: Չենթարկուող ոտքերով մօտեցաւ, ձեռք տուեց, այդպէս էլ չհասկացաւ՝ նե՞րկ էր, թէ՞ արիւն… Իսկ կէս ժամ չանցած Յանձնաժողովն արդէն քննում, զննում ու տնտղում էր «յանցանքի վայրը»: Ոչ մի եզրակացութեան չյանգելով՝ որոշեցին շուրջօրեայ հսկողութիւն սահմանել արուեստանոցի շուրջը:
Յաջորդ առաւօտ քանդակագործը պահակազօրի պետի հետ ներս մտաւ ու… արձանի ձեռքերը մինչեւ դաստակները կարմիր էին: Յանձաժողովը, որ այս անգամ 15 րոպէում էր տեղ հասել, որոշեց տեսախցիկներ տեղադրել, քանի որ պահակազօրի պետը երդւում էր, որ գիշերուայ ընթացքում ոչ ոք ու ոչինչ… ու ոչ մի կասկածելի բան…
Յաջորդ առաւօտ արդէն յանձնաժողովն էր քարացել արձանի առջեւ: Քանդակագործը չկար, ասացին՝ այնպէս է հարբել, որ մի շաբաթ դեռ ուշքի չի գայ, իսկ պահակազօրի պետն առաջինն ուշքի եկաւ ու դողացող ձեռքերով միացրեց էկրանը: Յանձնաժողովը չէր ուզում հաւատալ աչքերին՝ արձանի ձեռքերն իրենք իրենց էին կարմրում… Ու մինչ նրանցից ամենանեարդայինը զգոյշ, ոտնաթաթերի վրայ ետ-ետ կը քայլէր դէպի դուռը, պահակազօրի պետը խոշորացրեց պատկերը, ու բոլորը տեսան, թէ ինչպէս է արձանի աչքերից կաթում անգոյն հեղուկ, ու միայն սրահում տարածուած սուր աղահոտը ոմանց ինչ որ բան յուշեց: Յանձնաժողովը զգոյշ, ոտնաթաթերի վրայ ետ-ետ քայլելով, դուրս եկաւ ու հեռացաւ առանց մի խօսք ասելու: Պահակազօրի պետը ուզեց փակել, բայց բանալին չպտտուեց կողպէքի մէջ, լռուեց ու քարացաւ: Նա ուսերը թոթուեց ու առանց ետ նայելու գնաց՝ ծուլօրէն մտածելով, որ քանդակագործը հիմա ստիպուած արուեստանոցի նոր տարածք պիտի փնտռի:

«Գրական Թերթ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here