ԱԼ-ՄԱԼԻՔԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ

0
149

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իսկ հետո՞

Եռում է մեր տարածաշրջանը: Երեւանում նստած, առօրյա դժվար հոգսերով ու մտահոգություններով ծանրաբեռն, թվում էՙ Իրաքում, Սիրիայում, Հորդանանում ու Լիբանանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն կամ քիչ կապ ունեն մեզ հետ ու դրանց կարելի է հետեւել ընդամենը միջազգային առօրյա լրահոսի պատուհանից եւ, ապա, ասենք, կրկին վերադառնալ ֆուտբոլային իրադարձություններին եւ, օրինակ, «զբաղվել» մեքսիկացի ֆուտբոլիստ Սուարեշի վամպիրական թուլությամբ, եւ կամ…

Հաճախ ենք մոռանում, որ մենք այս աշխարհամասում ենք գտնվում, սա՛ է մեր բնական միջավայրը, որքան էլ որ տարվենք ռուսական կամ եվրոպական հովերով: Եվ աշխարհի այս մասում այս օրերին խիստ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք խոստանում են վերաճել տարածաշրջանային պատերազմիՙ երկրների նոր սահմանագծումներով, «սրբագրելով» 1916 թ. Սայքս-Պիկո պայմանագրովՙ կարծես քանոնով գծված (մեկ անգամ էլ նայեք քարտեզին) սահմանները:

Այս պահին արդեն կարելի է վստահորեն պնդել, որ Մ. Նահանգները նախապատրաստում է իր 3-րդ ներխուժումը Իրաք, որտեղ արդեն գործի են լծվել նրա 300 ռազմական խորհրդականներըՙ «օգնելու համար իրաքյան կառավարական բանակին», որը օրհասական ջանքեր է ի գործ դնում ջիհադիստների առաջխաղացքը կանգնեցնելու մայրաքաղաք Բաղդադի մատույցներում: Պենտագոնը երեկ պատրաստակամություն հայտնեց 260 հազար ծովային հետեւակ ուղարկելու Իրաք, որը Պարսից ծոցում արդեն պարեկություն անող օդանավակրի եւ ուղեկցող ռազմանավերի պաշտպանության ներքո կկարողանա «վերականգնել Իրաքի ամբողջականությունը եւ խաղաղությունը»:

Հայտնի է, նման պահերին մեծ պետությունների հայտարարությունները միշտ էլ կրում են արդարասիրակա՜ն ու խաղաղասիրակա՜ն պաթոս: Բացառություն չէր նաեւ այս անգամ: Մ. Նահանգները երկուշաբթի օրը պետքարտուղար Ջոն Քերրիի բերանով նման հայտարարություն արեց Բաղդադում, վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ հանդիպումից հետո, միաժամանակ շեշտելով երկրում նորՙ ազգային համերաշխության կառավարություն ստեղծելու անհրաժեշտությունըՙ վերջ տալու համար միջդավանանքային մոլեգնող վայրագությանը եւ միասնաբար կանգնեցնելու ջիհադիստների առաջխաղացքը: Ավելի ուշ, Քերրին նույնը կրկնեց արդեն Իդլիբում, քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը: Քրդերի ղեկավարը վերապահությամբ, սակայն ընդունեց առաջարկը: (Ավելի մանրամասն տեսՙ էջ 8):

Սակայն նույնը չի կարելի ասել վարչապետ ալ- Մալիքիի պարագայում: Վերջինս, երեքշաբթի օրը իրաքցիներին ուղղված իր ճառում, ազգային համերաշխության կառավարություն կազմելու առաջարկը համարեց ազգային սահմանադրությունը սպանելու փորձ: Նա կտրականապես դեմ է այդ գաղափարին, գտնելով, որ դրա հեղինակները հենց իշխանության դեմ դավադրողներն են…

Սա արդեն չափից դուրս է: Դավադրողների շարքում Մ. Նահանգնե՞րն է նաեւ: Մինչդեռ վերջինիս եւ ընդհանրապես արեւմտյան մամուլը ստեղծված վիճակի համար առաջին հերթին քննադատում է Նուրի ալ- Մալիքիին երկրի սուննիների, քրդերի ու թյուրքոմանների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելու եւ, փաստորեն, ջիհադիստների առջեւ հող նախապատրաստելու համար:

Թեեւ հուլիսի 1-ին վարչապետ Նուրի ալ- Մալիքիի առաջարկով Իրաքի խորհրդարանը նիստ է գումարելու նոր կառավարություն կազմելու օրակարգով, սակայն այժմվանից կարելի է պնդել, որ ալ- Մալիքին պետք է հեռանա ասպարեզից:

Որպես դրածոՙ նա չի կատարել եւ չի կատարում իր պարտականությունը:

Իսկ հետո՞…

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here