ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄՏՆՈՂ 40-50 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԼԻՆԻ

0
139

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1964 թվականի հունվարի 1-ից մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված եւ համակարգին կամավոր միացած անձանց համար եւս կլինի պետական մասնակցությունՙ ընդհանուր կանոններով: Այսինքն, 40-50 տարեկան այն անձինք, որոնք մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը կամավոր կընդգրկվեն կուտակային համակարգում եւ կկատարեն սոցիալական վճարներ իրենց ապագա կենսաթոշակների համար, պետական բյուջեից կստանան նույն չափով գումար` ինչպես դա նախատեսված է մինչեւ 40 տարեկանների համար: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ («Կուտակային նոր համակարգ` նոր մանրամասներ», «Ազգ», 20.06.2014) գրել էինք. «Պահպանվում է 40 տարեկանից բարձր անձանց համար կամավոր կուտակային համակարգը, որի դեպքում սակայն պետությունը իր կողմից գումարներ չի ուղղում նրանց հաշիվներին: Այսինքն, այս տարիքային խմբի մարդկանց համար, կուտակային համակարգին միանալու պետական այս կարեւոր խթանը բացակայում է»: Սակայն այս մոտեցումը վերանայվել է: Խորհրդարանի կողմից հաստատված նոր օրենքով, 40-50 տարեկան անձանց համար պետական համաֆինանսավորում նախատեսելը երկու կարեւոր հարց է կարգավորում:

Առաջինը` այն վերացնում է մինչ այդ ստեղծված անարդար եւ խտրական կացությունը, երբ պետության կողմից խրախուսվում էր միայն մինչեւ 40 տարեկանների ընդգրկումը կուտակային նոր համակարգում: Երկրորդ` խթաններ է ստեղծում կուտակային համակարգին 40-50 տարեկան անձանց միանալու համար, որոնք, տարիքով պայմանավորված, ավելի իրատեսական են պատկերացնում ներկայիս կենսաթոշակային համակարգում իրենց ապագա կենսաթոշակի չափը եւ այն ավելի բարձր տեսնելու հույսովՙ կօգտվեն նոր համակարգով նախատեսված` պետության տրամադրած հավելյալ միջոցներից: Սա թերեւս նոր օրենքի արմատական փոփոխություններից մեկն է:

Անդրադառնանք նաեւ այլ կարեւոր փոփոխություններին, որոնք չէինք ներկայացրել նախորդ հրապարակման մեջ: Ինչպես արդեն հայտնի է, վարձու աշխատողների համար սահմանվում է սոցիալական վճարի առավելագույն շեմ` 25 հազար դրամ: Սակայն, եթե անձը մի քանի աղբյուրից ստանում է եկամուտ, որից հաշվարկված սոցվճարները գերազանցում են այդ առավելագույն շեմը` 25 հազար դրամը, ապա անձը կարող է հետ ստանալ 25 հազար դրամից ավելի վճարած գումարները :

Արդեն նշել էինք, որ պարտադիր սոցիական վճար են կատարում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձինք, որոնք պետական աշխատողներ են: Մասնավոր հատվածում աշխատող այդ տարիքի անձը կարող է մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը հրաժարվել սոցիալական վճար կատարելուց: Դիմում ներկայացրած անձը, մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը, ցանկացած ժամանակ, կարող է կրկին դիմել` սոցիալական վճար կատարելը վերսկսելու համար:

Սոցիալական վճար կատարելուց չեն կարող հրաժարվել նաեւ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները, որոնք 2014-ի հուլիսի 1-ից հետո են դարձել վարձու աշխատող, նոտար եւ անհատ ձեռնարկատեր եւ նրանք, ովքեր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր:

Նոր օրենքում ամրագրված է եւս մեկ նոր դրույթ: Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են միանվագ, ամբողջությամբ վճարվել ժառանգին: Նախկին օրենքով այդ գումարը ոչ թե անմիջականորեն վճարվում, այլ փոխանցվում էր ժառանգների կենսաթոշակային հաշվին:

Ինչ վերաբերում է արդեն կատարված վճարներին, ապա դրանց առնչությամբ հետեւյալ լուծումն է առաջարկվում: Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի գումարը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով, դիմումների հիման վրա, մաս-մաս վերադարձվում են 2015թ. հունվարի 1-ից` 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում : Անկախ դիմում գրելու պահից, հետ վերադարձման ենթակա են միայն մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վճարները: Հետ վերադարձի դիմումներն ընդունվում են 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Հետ են վերադարձվում միայն մասնակցի կողմից կատարված վճարումները` առանց պետության համաֆինանսավորած գումարի: Եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին, ապա պետական մասնակցության գումարը մնում է նրա հաշվին, իսկ եթե անձը չի մասնակցում կուտակային համակարգին, ապա պետական մասնակցության գումարը փոխանցվում է պետական բյուջե: Այս դրույքով վերացվում է եւս մեկ անարդարություն, երբ անձը վճարում չէր կատարում սեփական եկամտից, բայց պետությունը, մնացած բոլոր հարկատուների հաշվին, շարունակում էր համաֆինանսավորումը :

Միեւնույն ժամանակ, նշենք, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ անգամ ամենալուրջ խթանների դեպքում կամավոր մասնակցությունը կուտակային համակարգում չի ընդգրկում լայն զանգվածներ: Ինչը նշանակում է, որ կառավարության զիջումը պարտադիր կուտակային համակարգին ընգրկվելուց հրաժարվողներին եւ նրանց համար երեք տարվա կամավոր ընգրկվելու ժամկետ սահմանելը, որոշակիորեն թուլացնում է անցկացվող բարեփոխման արդյունավետությունը: Մեկ այլ հարց էլ է առաջանում` միջազգայնորեն հայտնի կառավարիչ ընկերություննները` «Ամունդին» եւ «Ցե-Կվադրատը» կցանկանա՞ն այս դեպքում շարունակել գործունեությունը Հայաստանում: Հարյուր միլիարդավոր դոլարների ակտիվներ կառավարող ընկերությունների համար հայկական շուկան առանց այն էլ մեծ գրավչություն չունի, իսկ կառավարվող ակտիվների նվազման դեպքում` առավել եւս: Մնում է հուսալ, որ Հայաստանի կառավարությունն ու այս ընկերությունները որոշակի պայմանավորվածություն կունենան «խաղի կեսից» որոշակիորեն փոփոխված պայմանների պարագայում:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here