Ստորագրահավաք ԱՄՆ-ում` Տիգրան Սարգսյանի դեսպան լինելու դեմ

0
152

«ԱՄՆ-ի հայկական ֆորում» նորաստեղծ նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպել Change.org կայքում` ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ անելով չհաստատել Տիգրան Սարգսյանի հավատարմագրումը Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի պաշտոնում:

Ֆորումի անդամ Աշոտ Բայաթյանը ՍիվիլՆեթին փոխանցեց, որ Գլենդելում հունիսի 27-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու փաստի կապակցությամբ: Հանդիպմանը որոշվել է ձևավորել «ԱՄՆ հայկական ֆորումը»՝ որպես ինֆորմացիոն և քաղաքացիական շտաբ:

Ըստ ֆորումի անդամների` Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելով` «փորձ է արվում օգնել նրան օֆշորային սկանդալի և դեռևս չհրապարակված հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու հարցում»: Հուլիսի 1-ին` ժամը 15:40-ի դրությամբ, խնդրագիրը ստորագրել է 327 մարդ: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է հավաքել 10 000 ստորագրություն:

Խնդրագրում մասնավորապես ասված է. ««Մենք գրում ենք ԱՄՆ պետդեպարտամենտին` տեղեկացնելու, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայում Կիպրոսի Հանրապետությունում ներգրավված է բազմամիլիոնանոց օֆշորային սկանդալներում և օգտագործում է Հայաստանի կառավարությունում իր հզոր դիրքը` անձնական հարստացման համար` զբաղվելով խաբեությամբ և դավադրությամբ` խուսափելով օրենքին համապատասխան արդարադատությունից: Տիգրան Սարգսյանը ներգրավված է մի շարք այլ խարդավանքների մեջ` քրեածին ճանապարհով հարստություն ձեռք բերելու նպատակով:

Հայաստանի կառավարական շրջաններում փորձ է արվում օգնել Տիգրան Սարգսյանին` ԱՄՆ-ում դիվանագիտական անձեռնմխելիության ճանապարհով խուսափելու արդարադատությունից: Վերոնշյալ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակելը հակասում է ամերիկյան ժողովրդավարական և իրավական սկզբունքներին և սպառնում մեր ազգային արժանապատվությանը»:

Խնդրագրում կոչ է արվում կանխել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակումը:

Սերժ Սարգսյանը նախագահի 2014թ. հունիսի 26-ի հրամանագրով նշանակվել է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Վարչապետի պաշտոնից նա հրաժարականի դիմում էր ներկայացրել 2014թ. ապրիլի 3-ին:  

Տիգրան Սարգսյանի անունը կապվում է օֆշորային հայտնի սկանդալի հետ. Hetq.am էլեկտրոնային կայքը 2013թ. մայիսի 29-ին սկանդալային հետաքննական հոդված էր հրապարակել «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը», ըստ որի՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, և նրա գործընկերներն են Տիգրան Սարգսյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Ըստ նույն հրապարակման՝ նրանք մասնակցություն են ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here