Ցեղասպանութեան Հետքերը Դանիական Փաստաթղթերում

0
186

 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՊԱՏՄԱԲԱՆ ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴԻ ՀԵՏ

Վարեց՝ ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ
Թարգմանեց՝
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

 Որոշ ժամանակ է, ինչ arme-nocide.de կայքում 1922-1945թթ. Հալէպում՝ Ցեղասպանութիւնից փրկուած հայերի համար հիմնուած Ազգերի լիգայի ապաստարաններում եւ որբանոցներում ապրող հայերի վերաբերեալ, թղթապանակներից փաստաթղթեր են հրապարակում: Վերջերս «Ակօս» թերթն ընթերցողներին ներկայացրեց Էմրէ æան Դաղլըօղլուի հարցազրոյցը պատմաբան Մաթիաս Բէօրնլունդի հետ, ով ուսումնասիրում է 1922-1945թթ. Հալէպում Ցեղասպանութիւնից փր-կուած հայերի համար գործունէութիւն ծաւալած Ազգերի լիգայի ապաստարաններում եւ որբանոցներում ապրող հայերի վերաբերեալ թղթապանակները: Պատմաբանն անդրադառնում է Դանիայի պետութեան եւ ժողովրդի 1915թ. վերաբերեալ դիրքորոշմանն ու Հալէպի օգնութեան կազմակերպութեանը:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Ո՞րն էր Դանիայի դերը 1915թ.:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Դանիան եւ կառավարութիւնը Ցեղասպանութեան ընթացքում դիտորդի կարգավիճակում էին: Յատկապէս Դանիայի արտգործնախարարութիւնը եւ Դանիայի բնակչութիւնն ընդհանրապէս տեղեակ էին շարունակուող բնաջնջման գործընթացից, սակայն քանի որ Դանիան փոքր եւ չէզոք պետութիւն էր, քաղաքական շրջանակներում հայերի օգտին լուրջ միջամտելու ազդեցութիւն չունէր: Սա վերաբերում է նաեւ Ցեղասպանութեանը յաջորդած փուլին: Որոշ հարցերում Ազգերի լիգան եւ որոշ ուժեր սկանդինաւեան երկրներից Արեւմտեան Հայաստանի՝ Արեւելեան Անատոլիայի կոտորածներից փրկուած հայերի համար պահանջում էին ռազմական եւ մարդկային պատասխանատուութիւն ստանձնել: Սակայն սա իրատեսական ցանկութիւն չէր: Սկանդինաւեան պետութիւնները նման պատասխանատուութիւն չէին նախատեսում իրենց համար, եւ հակազդեցութիւնը հետեւեալն էր՝ «Ոչ, շնորհակալութիւն»:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Ո՞րն էր այս դիրքորոշման պատճառը:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Որովհետեւ սկանդինաւեան երկրները ռազմական ուժի տեսանկիւնից շատ թոյլ էին: Իրականութիւն է, որ փորձառու եւ բարձր շարժառիթներով առաջորդուող թուրքական միաւորումների դէմ Անատոլիայում ոչ մի հնարաւորութիւն չէին ունենալու: Դանիայի, Շուէդիայի եւ Նորվեգիայի կառավարութիւնները գիտէին, որ պարտուելու էին: Այդ իսկ պատճառով էլ չցանկացան մասնակցութիւն ունենալ: Մտածում էին, որ եթէ ներգրաւուէին «Հայկական Հարց»ի մէջ, ոչ մի բան չէին շահի:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Կարելի է ասել, որ 1915թ. ընթացքում Արեւմուտքի լռութիւնը բնորոշ է նաեւ սկանդինաւեան երկրներին:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Կարող ենք ասել, որ ողջ Արեւմուտքը տեղեակ էր, սակայն Անգլիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համար պատերազմում յաղթելն աւելի առաջնային հարց էր: Բացի այդ՝ 1915թ. կոտորածները կամ սպանութիւնները դադարեցնելու միջամտութեան համար Արեւելեան Անատոլիան կամ Սիրիան դժուարին, կարելի է ասել՝ անհնարին վայր էր: Ըստ էութեան պատահականութիւն չէր, որ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը բնաջնջման գործընթացն աւարտելու համար ընտրել էր Դեր Զօրի պէս հեռու շրջան, սակայն Գերմանիան, որպէս Թուրքիայի դաշնակից, Ցեղասպանութիւնը դադարեցնելու համար շատ բան կարող էր կատարել, բայց նաեւ, նախ եւ առաջ պատերազմում յաղթել էր ցանկանում:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Դանիայի ժողովրդի կամ Օսմանեան կայսրութիւնում գտնուող պաշտօնեաների դիրքորոշումը պետութեան դիրքորոշումից մի փոքր տարբեր չէ՞ր:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Եթէ նայենք Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիայի եւ միւս սկանդինաւեան երկրների շարժումներին, ապա իրավիճակը մի փոքր տարբեր է: Միսիոներները, սոցիալական աշխատողները, դիւանագէտները եւ Օսմանեան կայսրութիւնում գործուղման մէջ գտնուող միւս մարդիկ ստանձնում են վկայի եւ փրկչի պարտականութիւն: Իրենց երկիր վերադառնալիս այս թեմայի շուրջ տեղեկացուածութիւնն ապահովում էին եւ օգնութեան համար գումար էին հանգանակում:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Նրանցից ամենայայտնին Քարէն Եփփէն է: Լաւ, իսկ ո՞վ է Եփփէն:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Քարէն Եփփէն դանիացի ուսուցիչ է: Նախքան Ցեղասպանութիւնը եւ Ցեղասպանութիւնից յետոյ աշխատել է Եդեսիայի (Ուրֆա) Դանիացի հայ բարեկամներ եւ գերմանական կազմակերպութիւնների համար: Օգնում էր 1909թ. Ադանայի կոտորածներից փրկուած հայերին: Որդեգրում է Միսակ եւ Լուսիա անունով երկու հայ որբի: 1921թ. Ցեղասպանութիւնից փրկուած հայերին օգնելու համար գնում է Հալէպ եւ սկսում աշխատել Ազգերի լիգայում: 1924թ. հող է վարձակալում եւ հայերի համար այն վերածում գիւղատնտեսական դաշտի: Հալէպում կառուցում է որբանոց, ապաստարան, 6 գիւղատնտեսական բնակավայր, դպրոցներ եւ «Սպիտակ տուն» անուամբ յայտնի հանգստարանը: 1935թ. Հալէպում մալարիայից մահանում է:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Ինչո՞ւ է Հալէպում հայերի համար որբանոց եւ ապաստարան կառուցւում:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Ապաստարանն ու որբանոցը 1922թ. Ազգերի լիգայի հրամանով կառուցում է ղեկավարում է Եփփէն: Նպատակն էր այնպիսի մի վայր ստեղծել, որտեղ Ցեղասպանութիւնից փրկուած կանայք եւ երեխաները կարող էին մնալ, գտնել իրենց կորած բարեկամներին, կրթութիւն ստանալ եւ յետագայում գնալ այնտեղ, որտեղ ցանկանում էին: Դանիական որոշ կազմակերպութիւններից նիւթական օգնութիւն էր ստանում: Ազգերի լիգային պատկանող նմանատիպ մի կազմակերպութիւն էլ Ստամբուլում կար, որը կառուցել էին անգլիացի բժիշկ Վ. Ա. Քենեդին եւ ամերիկացի բուժքոյր Էմմա Քաշմանը: Ազգերի լիգայի նորվեգացի պաշտօնեայ Ֆ. Նանսենը եւս հայերի համար նմանատիպ նախաձեռնութեամբ է հանդէս գալիս:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Այս հաստատութիւնը ե՞րբ է փակւում։
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Երբ 1945թ. Դանիացի հայ բարեկամներ կազմակերպութիւնը լքում է Հալէպը, այն ղեկավարում են հալէպցի հայերը, եւ որոշ ժամանակ անց՝ ապաստարանը դատարկւում եւ տունը վաճառւում է: Դեռեւս Հալէպում Եփփէի եւ նրա հաստատութեան կողմից աշխատեցրած որոշ անշարժ գոյքեր դեռեւս գործում են: Օրնակ՝ Հալէպի Քարէն Եփփէ վարժարանը կազմակերպութեան կրթական նախագծերից մէկի արդիւնքն է:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Այստեղ քանի՞ հոգի է ապրում:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- 1920-30թթ. Եփփէի ապաստարանում եւ որբանոցում 2 հազար հայ էր ապրում: Ըստ Եփփէի՝ 1927թ. 1700 հայ է փրկւում, եւ իւրաքանչիւրի համար թղթապանակ է բացւում, որտեղ ներառւում են անունները, նկարները եւ պատմութիւնները: Այս թղթապանակներն այժմ armenocide.de կայքում անգլերէնով հրապարակւում են, թուրքերէն թարգմանելու համար աշխատանքներ են կատարւում: Այստեղ մնացողներից ոմանք յետագայում Հալէպում աշխատանք են գտնում: Մի մասը գնում է Լիբանան, Խորհրդային Հայաստան, Ֆրանսիա, ԱՄՆ կամ Հիւսիսային Ամերիկա: Հայերի համար դասական պատմութիւն է. մեծամասնութիւնը բարեկամների հետքերով, աշխատանք գտնելու կամ անվտանգութեան նկատառումներով ցրւում է ողջ աշխարհով մէկ:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- 1923թ. յետոյ եկողներ եղե՞լ են:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Այո՛, այն էլ շատ: Երբ որոշ կանանց եւ երեխաների երկրից վռնդում էին, ամուսիններին թուրքական բանակ էին վերցնում: Երբեմն ամուսինների յետեւից են գալիս:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- 1915թ. Սիրիայում Այնթուրայի նման թուրքական որբանոցներ են ստեղծւում…
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Այնթուրայի պէս թուրքական որբանոցները նպատակ էին հետապնդում հայերին փորձել թուրքացնել: Մեծաւ մասամբ հայ որբերը այս գործընթացում սպանւում են: Իսկ Արեւմուտքի հայերի կողմից ստեղծուած որբանոցները ջանում էին պահպանել ոչ միայն հայ երեխաների կեանքը, այլեւ լեզուն, կրօնը եւ մշակոյթը, այսինքն՝ հայկականութիւնը:
Թիւ 1216 ապաստարանի թղթապանակի բնօրինակը՝ «Մարիամի» պատմութիւնն ինձ վրայ մեծ տպաւորութիւն թողեց:

ԷՄՐԷ ՋԱՆ ԴԱՂԼԸՕՂԼՈՒ.- Փրկուած հայերի թղթապանակների պատմութիւններից ամենաշատը ո՞րն է ձեզ վրայ տպաւորութիւն թողել:
ՄԱԹԻԱՍ ԲԷՕՐՆԼՈՒՆԴ.- Բնականաբար շատերը… Մէկն էլ ապաստարանում 577 համարի տակ տեղ գտած Մարիամի պատմութիւնը կարող է լինել: Նրա մասին որեւէ մանրամասնութիւն չկայ: Նա միայն Ցեղասպանութիւնից փրկուածներից մէկն է: Անունը մոռացել է: Չի յիշում, թէ որտեղից է եկել, ո՞ւմ են որպէս ստրուկ վաճառել, ինչպիսի դժոխքի միջով է անցել: Թղթապանակում նրա մասին տեղ գտած վերջին բառերը՝ «Ինքն է եկել: Որդեգիր է»: Մի կերպ յաջողում է: Այնտեղ ինքն է հասնում: Խօսքեր չեմ կարողանում գտնել, որպէսզի բացատրեմ այն հիացմունքը, որ զգում եմ նրա կամքի եւ ապաքինուելու ուժի համար:

Akunq.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here