ՔԵՐՐԻՆ ՔՐԴԵՐԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՂԴԱԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

0
167

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Քուրդիստանի ստեղծումըՙ հանրաքվեի միջոցով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 23-ին անակնկալ այց կատարեց Բաղդադ, որտեղ այս օրերին մեծ անհանգստությամբ սպասում են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորան ջիհադիստների հնարավոր հարձակմանը: «Լը Մոնդ» թերթը տեղեկացնում է, որ Բաղդադում շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիի եւ իրաքցի քաղաքական ու կրոնական այլ գործիչների հետ զրուցելուց հետո Քերրին երեքշաբթի օրը մեկնել է իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջան, որպեսզի քուրդ ղեկավարներին հորդորի մասնակցել Բաղդադում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Նախօրեին Քերրին իրաքցիներին պաշտպանություն էր խոստացել սուննի ջիհադիստների հարձակումների դեմ հանդիման:

Սուննի ապստամբների հարձակողական գործողությունները քրդերին թույլ տվեցին իրենց վերահսկողության տակ առնել Բաղդադի հետ վիճարկվող որոշ տարածքներ: Խոսքը մասնավորապես նավթառատ ու բազմազգ Կիրկուկ քաղաքի մասին է: Ինքնավար Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է սկսված «նոր դարաշրջանի» մասին, Իրաքի վարչապետ Մալիքիին պատասխանատու է համարել երկրին պատուհասած աղետների համար եւ նրան կոչ է արել հրաժարական տալ, գրում է «Լը Մոնդը»:

Ինչ վերաբերում է ամերիկացիների օգնությանը, Իրաքի իշխանությունները իրավաբանական պաշտպանություն են խոստացել արդեն երկիր գործուղված ամերիկացի զինվորական խորհրդականներին: Անցյալ շաբաթ նախագահ Օբաման հայտարարել էր, որ մոտ 300 զինվորական խորհրդական Իրաք կգործուղվի իսլամիստ ապստամբների առաջխաղացման կասեցման գործում իրաքյան զինված ուժերին օգնելու նպատակով:

Ջոն Քերրին քուրդ առաջնորդներին հորդորել է մասնակցել Իրաքի միացյալ կառավարության ձեւավորմանը եւ աջակցել Բաղդադի իշխանություններին ընդդեմ ջիհադիստ ապստամբների:

Քրդական «Փեշմերգա» («Մահապարտներ») ռազմականացված ստորաբաժանումները եւ իրաքյան ինքնավար Քուրդիստանի անվտանգության ուժերը Կիրկուկն իրենց վերահսկողության տակ առան հունիսի 12-ին այն բանից հետո, երբ իրաքցի զինվորականները փախուստի դիմեցին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհի ժամանակ: Ինչպես նշում է Ռոյթեր գործակալությունը, քրդերը վաղուց էին երազում նավթառատ Կիրկուկի շրջանի մասին, որը թեեւ դուրս է ինքնավարության տարածքից, բայց համարվում է քրդերի պատմական հայրենիքը: Այժմ ենթադրվում է, որ կիրկուկյան նավթից ստացվող եկամուտները զգալիորեն կգերազանցեն Բաղդադի բյուջետային օժանդակության բոլոր առաջարկությունները եւ նշանակալիորեն կմեծացնեն Քուրդիստանի անկախացման հնարավորությունները:

Ջոն Քերրին քուրդ առաջնորդների հետ քննարկում է ոչ միայն Իրաքի միացյալ կառավարության մեջ որոշ ղեկավար պաշտոններ ստանձնելու, այլեւ երկրի նավթային հարստությունների բաշխման մեջ բաժին ունենալու հարցը, ընդգծում է Ռոյթեր գործակալությունը: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերովՙ Քերրին քրդերին նաեւ կփորձի համոզել մասնակցելու «ուժեղ նախագահ ընտրություններին, որը կներկայացնի ինչպես քրդերի, այնպես էլ ամբողջ Իրաքի շահերը»:

Վերջերս քրդերը որոշակի քայլեր են ձեռնարկում Թուրքիայի եւ միջազգային ընկերությունների հետ նավթային գործարքներ կնքելու նպատակով: Վաշինգտոնում այդ քայլերը համարում են անօրինական, քանի որ «նավթային հարստությունները պետք է օգուտ բերեն բոլոր իրաքցիներին, այլ ոչ թե նրանց մի մասին»:

Քրդերը նախազգուշացրել էին իսլամիստների հարձակման վտանգի մասին

Դեռ Քերրիի այցից առաջ իրաքյան ինքնավար Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին Իրաքում ԱՄՆ դեսպան Սթիվեն Բիքֆորտի հետ զրուցելիս հայտարարել էր, որ ներկայիս ճգնաժամը Իրաքի կառավարության վերջին տարիների սխալ քաղաքականության հետեւանքն է, եւ որ «քաղաքական նոր լուծումները պետք է հիմնված լինեն նոր իրողության վրա»:

NBS News-ին տված հարցազրույցում համանման կարծիք է արտահայտել իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեզիրվան Բարզանին: Նա հիշեցրել է, որ դեռ կես տարի առաջ ինքը Բաղդադին եւ Վաշինգտոնին նախազգուշացրել էր Իրաքում սուննիների զինված խմբավորման վտանգի մասին:

Նրա խոսքերովՙ քրդերը վարչապետ Մալիքիին հորդորել էին համատեղ ռազմական գործողություններ ձեռնարկել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, մասնավորապես Մոսուլ քաղաքում, որտեղ գրոհայիններն ուժեր էին կուտակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվելու համար: «Մենք գրեթե վեց ամիս առաջ Մալիքիին առաջարկեցինք իրականացնել համատեղ գործողություն: Նա պարզապես հրաժարվեց դրանից: Նրա խոսքերովՙ ամեն ինչ վերահսկողության տակ էր», ասել է Նեզիրվան Բարզանինՙ ավելացնելով, որ Մալիքին պարտավոր է հրաժարական տալ:

Քուրդիստանի ճակատագիրը կորոշվի հանրաքվեով

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին CNN-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել է. «Իրաքը ակնհայտորեն փլուզվում է: Կենտրոնական կառավարությունը կորցրել է ամեն ինչի վերահսկողությունը: Կործանվում է ամեն ինչՙ բանակը, զորքերը, ոստիկանությունը»: Նրա խոսքերովՙ Իրաքի փլուզումը քրդերի ձեռքի գործը չէ, եւ քրդերը չեն կարող մնալ անհայտության պատանդներ: «Ժամանակն է, որ մենք Քուրդիստանում տնօրինենք մեր ապագան եւ որոշենք, թե ինչ ենք պաշտպանելու», ասել է Բարզանին:

Իրաքցի քրդերը արդեն երկու տասնամյակ անկախության ծրագրեր են կազմում, բայց իրենց նպատակի մասին բացեիբաց խոսում են առաջին անգամ, նշում է CNN-ը: Քուրդիստանի սահմանների մոտ ծայրահեղականների կողմից Իրաքի տարածքի զգալի մասի գրավումը եւ ներկայիս քաղաքական ճգնաժամը, ըստ երեւույթին, առավել վճռական են դարձրել քրդերին:

«Երկու շաբաթ առաջ մենք ապրում էինք միանգամայն ուրիշ Իրաքում», ընդգծել է Բարզանին:

Իրաքյան Քուրդիստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը քրդերի դաշնակիցն է, սակայն դեմ է տվյալ շրջանի անկախացմանը: Ջոն Քերրի հետ հանդիպման ժամանակ նա շեշտել է, որ քուրդ ժողովրդի ճակատագիրը պետք է տնօրինեն հենց քրդերը:

Իրաքյան Քուրդիստանը ԱՄՆ-ի հետ սերտ կապեր ունի 1990-ականներից, երբ ամերիկյան բանակը թռիչքազերծ գոտի ստեղծեց քրդերին Սադդամ Հուսեյնից պաշտպանելու համար: Բարզանիի խոսքերովՙ «Քուրդիստանի հաջողությունը Իրաքում ամերիկյան քաղաքականության միակ հաջողությունն էր»: Նա կարծում է, որ ներկայիս ճգնաժամը պահանջում է ոչ թե ռազմական, այլ քաղաքական լուծում: Իրաքի սահմանադրությունը ենթադրում է Կիրկուկի, Քուրդիստանի կամ երկրի որեւէ այլ մասի ինքնորոշման հնարավորություն մարդահամարի եւ հանրաքվեի անցկացումից հետո: «Մենք դեռ չենք անցկացրել հանրաքվե, բայց պատրաստվում ենք դա անել: Եվ մենք կհարգենք քաղաքացիների կարծիքըՙ նույնիսկ եթե նրանք չուզենան Քուրդիստանը տեսնել որպես անկախ պետություն», հավաստիացրել է Բարզանին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here