Հնարավոր է՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին համաձայնագիրը ստորագրի հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությունը:
«Փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին»,- ասել է Իդրիսովը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու «ժամկետները ճշգրտվում են, և դրանց մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»:
Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: