Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջ. Ղարաբաղի հարցը, Ուորլիքի հայտարարություններն ու Նազարբաևի դիրքորոշումը

0
144

PanARMENIAN.Net – Ռուսաստանցի քաղաքագետ, իրավագետ Աջար Կուրտովը, հուլիսի 3-ին մասնակցելով «Անվտանգության ժամանակակից մարտահրավերները ԱՊՀ տարածքում» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջին, հայտարարել է, որ ոչ ոք խաղաղություն չի խոստացել ղարաբաղյան հակամարտության գոտում:

Անդրադառնալով վերջերս հայկական գյուղերի գնդակոծությանն ադրբեջանական կողմից՝ Կուրտովը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպերն, ասելով. «Փոխհրաձգությունների մասին ես ոչինչ չեմ ասելու»՝ հանդիմանելով Հայաստանի իշխանություններին Ուկրաինայի իրադարձություններին չարձագանքելու համար: «Ես ոչ մի հայտարարություն չեմ լսել Հայաստանի ղեկավարությունից ուկրաինական կողմից ռուսական տարածքների գնդակոծության վերաբերյալ, թեև Ուկրաինայի զորքերում նաև հայ կար»: Ըստ Կուրտովի, նման միջադեպերը տհաճ են և պատահում են, երբ ռազմական գործողություններ են ընթանում կամ երբ կողմերը հակամարտության մեջ են: «1994 թվականի համաձայնագիրը հրադադարի մասին էր, ոչ թե լիակատար խաղաղության: Նման հակամարտությունները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, հայտարարություններով, նախագահների այցերով, ամեն դեպքում այդ հարցի մեջ անվտանգության որևէ տարածաշրջանային միջազգային կազմակերպության ներքաշումը սխալ կլինի»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը:

Ադրբեջանական կողմը հունիսի 27-ին երեկոյան 22:15-ից հետո խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերը:

Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ գյուղերը գնդակոծվել են խոշոր տրամաչափի զենքից. «Հակառակորդը համարժեք պատասխան է ստացել ու լռել է»:

Իր հերթին, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի առաջարկները կառուցողական չեն: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում, մասնավորապես Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի հսկողությանը, Եվսեևն ասել է, որ Ուորլիքի վերջին հայտարարությունները կառուցողական չեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանին առաջարկվում է «ազատել տարածքները» առանց անվտանգության որևէ երաշխիքների, հայտնում է Armenia Today-ը:

Մայիսի 7-ին Ջեյմս Ուորլիքը ներկայացրեց փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության հաղորդագրության, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ֆեդոսեևն, անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, հայտարարել է, որ Ղազախստանը հակահայկական քաղաքականություն չի վարում:

«Ոչ մի հակահայ ուղղվածություն Ղազախստանի քաղաքականությունը չունի, չի ունեցել և չի ունենա»,-հայտարարել է Ֆեդոսեևը:

Նա նշել է, որ ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանը մինչև տարեվերջ կանդամակցի ԵՏՄ-ին, իսկ դա նշանակում է, որ Ղազախստանի բարձրացրած հարցը «Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի մասին կլուծվի»:

Մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները: Ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»: «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից,: Սա քննարկման համար»,-ասել է Նազարբաևը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here