Ինչպես են քվեարկել Թուրքիայի հայերը

0
99

Թուրքիայի հայերի ստվար հատվածն ապրում է Պոլսում, հիմնականում` Շիշլի և Բաքըրգյուղ թաղամասերում: Ստամբուլի Իշխանաց կղզիներում ևս կա որոշակի հայկական ընտրազանգված: 

Օգոստոսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շիշլիում ստացել է քվեների 30,2%-ը, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը` 10,2%-ը, իսկ Ժողովրդահանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած Էքմելեդդին Իհսանօղլուն` 59,6%-ը: Բաքըրգյուղում քվեները հետևյալ կերպ են բաշխվել` Էրդողան` 23%, Դեմիրթաշ` 6,7%, Իհսանօղլու` 70,3%: Իշխանաց կղզիներում Էրդողանի օգտին իր քվեն տվել է ընտրողների 28,7%-ը, Դեմիրթաշին` 13,9%-ը, իսկ Իհսանօղլուին` 57,4%-ը:

Հատկանշական է, որ հիմնականում հայերով բնակեցված թաղամասերում քվեների մեծ տարբերությամբ հաղթել է Իհսանօղլուն, թեև մեծ թվով քվեներ է ստացել նաև քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: Օրինակ` Շիշլիում, որտեղ ընտրության մասնակցության տոկոսը կազմել է մոտավորապես 67%, քուրդ թեկնածուի քվեների թիվը գրեթե կրկնապատկվել է` նույն տարվա մարտին իր կուսակցության արձանագրած արդյունքների համեմատ:

Օգոստոսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներով` Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ նախագահի պաշտոնում ընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի անցած 12 տարիների վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 51,8%-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here