Ադրբեջանի ՊՆի Յոխորտանքը Կամ Ինչպէս Էր Ալիեւը Կացին Թիկունքի Յետեւում՝ «Հաճոյախօսում» Սոչիում

0
120

PanARMENIAN.Net – Բաքուն «չէր կարող չարձագանգել» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հարցազրոյցին, որտեղ վերջինս ներկայացրեց իրավիճակը ղարաբաղեան հակամարտութեան շուրջ եւ ապագայ հեռանկարներն Ադրբեջանի համար, եթէ վերջինս խելքի չգայ եւ չվերադառնայ կառուցողական բանակցութիւնների: Ադրբեջանական կողմի արձագանգը սպասելի էր: Բայց ոչ այն ոճը, որով դա արուեց: Կարծես թէ լուրջ համարուող գերատեսչութեան՝ պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնն աւելի շուտ յիշեցնում է սկսնակ գրամոլի յօրինուածք:
Մասնաւորապէս, դա վերաբերում է Սերժ Սարգսեանի անդրադարձին Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի հրթիռային հարուածներ հասցնելու ու «Երեւանը երկրի երեսից ջնջելու» սպառնալիքներին: Հայաստանի նախագահը այս յայտարարութիւնը համարեց յոխորտանք եւ զգուշացրեց. «Նրանք (Ադրբեջանը) հիանալի գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց շառաւիղը 300 կմ. աւելի է եւ որոնք կարող են շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել աւերակների, ինչպիսին են Աղդամի աւերակները: Սա ընտրութեան հարց է: Եթէ դա է նրանց ընտրութիւնը եւ նրանք որոշել են, որ պէտք է լայնածաւալ ռազմական գործողութիւնների գնան եւ որպէս թիրախ կարող են ընտրել նոյնիսկ Հայաստանի ոչ սահմանամերձ բնակավայրերը, ապա թող մտածեն իրենց պատասխանատուութեան մասին»:
Անյապաղ հետեւեց Բաքուի պատասխանը. «Մենք վճռականօրէն յայտարարում ենք, որ այն ռազմական տեխնիկան, որն ունեն Հայաստանի Զինուած ուժերը, անհամեմատելի է Ադրբեջանի ամենաժամանակակից սպառազինութեան ու տեխնիկայի հետ: Հայկական բանակի զինանոցում առկայ անսարքի, ժամկէտանց ու հնացած խորհրդային զէնքն ու զինամթերքը, այդ թւում «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռները, որոնք յայտնի են որպէս «կերոսինի լամպ», չեն կարող ոչ միայն ոչնչացնել որեւէ օբյեկտ, այլ նոյնիսկ օդ բարձրանալ»:
Որպէս տեղեկանք. «Սկադ» տիպին են պատկանում խորհրդային արտադրութեան P-17 հրթիռները, որոնք «Էլբրուս» համալիրի բաղադրիչ մաս են կազմում: Վերջիններիս գործողութեան շառաւիղը հասնում է 300 կմ.ի: Գոյութիւն ունեն այս հրթիռի տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք ընդունակ են կրել ամենատարբեր մարտագլխիկներ: Հրթիռի գործարկումից յետոյ նրա գործած աւերածութիւնները գնահատելն անհնար է: 1950ականների կէսին ստեղծուած հրթռիներին հակազդելու միջոց մինչ օրս չի ստեղծուել:
Սա միայն «Սկադ»ի մասով, եթէ լռենք միւս սպառազինութեան մասին:
Բայց խօսքը դրա մասին չէ: Բանն է այն է, որ Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քիչ թէ շատ ադեկուատ (յարմա-րող-Խմբ.) էր, յոյս յայտնելով, որ «առաջիկայում բանակցութիւնների, խաղաղ ճանապարհով հնարաւոր կը լինի գտնել ղարաբաղեան խնդրի լուծումը, որը կը համապատասխանի միջազգային իրաւունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպէս նաեւ արդարութեանը»:
Կարծես ամէն ինչ կարգին է: ՌԴ նախագահի ներկայութեամբ Ալիեւը զէնք չէր ճօճում, պատերազմի կոչեր չէր անում, ինչպէս դրանից տառացիօրէն երկու օր առաջ իր Twitter-ում: Սուս ու փուս նստել ու կամաւոր համաձայնւում էր բանակցութիւնների:
Բայց արդէն մի քանի ժամ անց Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը կիրկին սպառնում է, «որ նորագոյն, արդիական ու բարձր ճշգրտութեան զէնքով սպառազինուած ադրբեջանական բանակը կ՛աւերի ցանկացած ռազմավարական օբյեկտ Հայաստանի տարածքում»:
Գուցէ Ալիեւը տեղեակ չէ իր ենթակաների գործողութիւններին: Թէ՞ ադրբեջանական սովորութեան համաձայն՝ երեսին «հաճոյախօսում է», իսկ թիկունքում կացին պահում: Թէ՞ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը հերթական անգամ հանդէս է գալիս «քաւութեան նոխազ»ի դերում: Իսկ գուցէ ադրբեջանցի պաշտօնեաները կարողանում են յոխորտալ միայն սեփակա՞ն հողի վրայ, օտարութեան մէջ մոռանալով «տղամարդու արժանապատուութեան» մասին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here