Կոչ ԱԳՆ-ին` բարձրաձայնել Իրաքի եզդիների խնդրի մասին ՄԱԿ-ում

0
114

Մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ բաց նամակ են հղել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան Զոհրապ Մնացականյանին` կոչ անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրաձայնել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նամակում մասնավորապես ասված է. «Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության` ավելի քան 850 000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200 000-ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20 000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են: Տեղահանումներն ընթանում են սպանդով և մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առևանգում և վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ և այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է և պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային և առողջապահական օգնություն, այլև մարդասիրական ռազմական միջամտություն: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով:

Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև»: 

Նամակի տակ ստորագրել են «Սինջար եզդիների ազգային միավորում», «Եզդիների ազգային կոմիտե», «Եզդիների ազգային միություն», «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունները, քաղաքացիներ Արտակ Համբարձումյանը, Արման Յարալյանը, Աննա Շահնազարյանը, Գայանե Մելքոմ-Մելքոմյանը, Մհեր Արշակյանը, Տիրայր Մուրադյանը, Մամե Ամիրյանը, Խանե Մահմուդյանը, Համլետ Սմոյանը, Արթուր Կասիևը, Արթուր Աթաշովը, Լենա Օսեյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Կամո Դավթյանը, Զառա Հովհաննիսյանը, Սարգիս Հովսեփյանը, Վահագն Շահնազարյանը, Աղասի Ենոքյանը, Զարուհի Մուրադյանը, Արթուր Ղազարյանը, Քրիստինե Նաբոյանը, Իսկանդար Աբասյանը, Զուզան Մամոյանը, Բելլա Թամոյանը, Մուրազ Թամոյանը, Սլավիկ Թամոյանը, Նորիկ Միդեյանը, Նանա Շարոյանը:

Ֆեյսբուքյան այս էջում բաց նամակի տակ ստորագրողների թիվն ավելանում է: Օգոստոսի 13-ին`ժամը 19:30-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա հանրային քննարկում Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Իսլամիստ արմատական զինյալների՝ օգոստոսի սկզբին Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրավումից հետո տեղի եզդի փոքրամասնության (որը քաղաքն իր հայրենիքն է համարում) անդամները, վախենալով կորցնել կյանքը, ստիպված են եղել փախչել շրջակա սարերը։ Ներկայում լինելով զուրկ սննդից, ջրից և բուժօգնությունից՝ հազարավոր ընտանիքներ օգնության խիստ կարիք ունեն։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի եզդիական համայնքային կառույցների ներկայացուցիչներին խոստացել էր միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնություններինվերջ դնելու անհրաժեշտության մասին: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, իր հերթին, դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը` Իրաքի եզդիներին հումանիտար օգնություն տրամադրելու առաջարկով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here