Տպավորություն է, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ. Բալայան

0
107

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյայի հայտարարությունները` Սոչիի եռակողմ հանդիպման մասին։ 

«Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել,- ասել է Տիգրան Բալայանը: -Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին»:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում ամփոփել էր նաև Սոչիի հանդիպման արդյունքները: Հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում առաջնագծում նկատվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը օրերս հարցազրույց էր տվել ադրբեջանական «ԱզերԹաջ» գործակալությանը, որում ի թիվս այլնի՝ հայտարարել էր, թե Սոչիի հանդիպմանը Իլհամ Ալիևը նշել է, որ «իր երկիրը ամենից շատն է ձգտում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Նա ասել էր, թե այդ հանդիպմանը Ալիևը, «վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձևերը, Հայաստանին առաջին անգամ անվանել է օկուպանտ պետություն և հայտարարել է, որ այդ պետության կողմից գրավված հողերի անվերապահ վերադարձը ամենակարևոր պայմանն է»։ Ըստ Հասանովի՝ հանդիպմանն Ալիևը բարձրացրել է ադրբեջանցի երկու դիվերսանտների վերադարձի հարցը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here