ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը դեռ կբախվեն Հայաստանում

0
133

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի սահմանամերձ գյուղեր արձակած կրակոցներին, նշել է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստել է այն բանին, որ սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։ Իսկ հարցին, թե ինչ հետեւանք կթողնեն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները Հայաստանի վրա, դեսպանը պատասխանել է, որ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի կառավարության հետ այդ պատժամիջոցների վերաբերյալ. «Պատժամիջոցները ուղղված են Ռուսաստանի նկատմամբ, ոչ թե Հայաստանի, սակայն դրանք կարող են իրենց հետեւանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա, եթե դա Հայաստանին դուր չի գալիս, նրանք պետք է բողոքեն Մոսկվային»։

Վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, իսկ ավելի ճիշտ Ռուսաստանին ուղղված մեսիջները բավական թափանցիկ են, միաժամանակ` կոնկրետ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը օրերս հայտարարությամբ է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան շփման գծում վերջին բախումների կապակցությամբ, որում որպես հրադադարի ռեժիմը խախտող կողմ հստակորեն մատնանշում է Ադրբեջանին։ «Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնության խախտումը խորապես տագնապեցնող է։ Դրա հետեւանքով շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների ահագնացումը մեկ տասնյակից ավելի հայ եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքեր արժեցավ», – ասված է հայտարարությունում, որը տարածել է Կոնգրեսի հանձնաժողովի նախագահի գրասենյակը։ Ռոյսը շեշտում է հրադադարի անհրաժեշտությունը՝ հետագա զոհերից եւ իրավիճակի շիկացումից խուսափելու համար։ «Օբամայի վարչակազմը պետք է գործի՝ խրախուսելու համար հրադադարի վերականգնումը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որ նա շփման գծից հետ քաշի դիպուկահարներին, եւ առաջ մղելու խաղաղության պլան, որն ընդգրկի հանրաքվեի ժամկետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշի սեփական ապագան», – հայտարարում է Ռոյսը։

Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան եւ այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով։ Ցավակցելով Կարեն Պետրոսյանի ընտանիքին, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում թափանցիկ հետաքննություն վարել եւ հրապարակել դրա արդյունքները։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան տարածած հաղորդագրությունում Պետդեպարտամենտը Ադրբեջանին եւ Հայաստանին հիշեցնում է իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը։

Պետդեպարտամենտի հայտարարությունը մեղմ է իհարկե, այն կարող էր ավելի  խիստ լիներ եւ ուղղված բացառապես Ադրբեջանին: Հայտարարությունն անշուշտ, նաեւ ուշացած էր: Բայց  ԱՄՆ-ը նման հայտարարությամբ է հանդես գալիս, բայց ի տարբերություն նախորդների՝ այս հրապարակային է:

Միացյալ Նահանգների կողմից վերջին հայտարարությունները հիմք ընդունելով, կարելի է արձանագրել, որ Վաշինգտոնը դժգոհ է Ադրբեջանից, եւ դա կապված չէ միայն հայ գերու մահվան հետ։

Այստեղ պատճառներն ավելի խորքային են: Վաշինգտոնը նկատում է Մոսկվայի հետ Ալիեւի իշխանության հարաբերությունների ջերմացումը: Իսկ այդ հարաբերություններ լինելով ռազմաքաղաքական, ավելի են, քան գործընկերային, դրանք ռազմավարական բնույթ են ստանում, ինչը անհանգստացնում է Վաշինգտոնին:

Իսկ այն, որ անձամբ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին բավական արագ կաչեց Սոչի, թեեւ այն առավելապես Մոսկվայի դերն ընդգծելուն էր ծառայում, բայց, այնուամենայնիվ, դարձյալ Արեւմուտքին ուղղված կոնկրետ մեսիջ էր:

Այս ամենը շատ լավ գիտակցում է պաշտոնական Վաշինգտոնը: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները եւ փաստում են, որ դրական են գնահատում Մոսկվայի կողմից Սոչիի հանդիպման կազմակերպումը, մյուս կողմից, սակայն, վերջին շաբաթներին Ադրբեջանին ուղղված քննադատությամբ, ինչպես ասում են, պատժում են Ադրբեջանին իշխանություններին:

Այնպես որ, Վաշինգտոնի ու Մոսկվայի շահերը հնարավոր է հաճախ բախվեն տարածաշրջանում, նույնիսկ` Հայաստանին եւ Ադրբեջանին առնչվող տարբեր ռազմավարական խնդիրներում:

Թամար Բագրատունի

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here