ՈՒ՞մ դեմ են հանդես գալու Հայաստանի հարեւանները

0
146

Այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մեկնում է Նախիջեւան, որտեղ այսօր մեկնարկում է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Ալասանիայի խոսքերով` այդ հանդիպումը պատրաստվում էր վաղուց եւ դրա նախաձեռնողի դերում դեռ նախորդ տարի հանդես է եկել վրացական կողմը: Ալասանիան ընդգծել է, որ դա կլինի երեք նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը: Ալասանիան մանրամասնել է, որ հանդիպումն ու առաջիկա համաձայնագրերն առնչվելու են ճգնաժամային իրավիճակում, ռազմական էսկալացիայի դեպքում կոմունիկացիոն ենթակառուցվածքների եւ, մասնավորապես, նավթամուղերի, գազամուղերի ու երկաթուղու պաշտպանությանն ուղղված երեք երկրների գործողությունների պլանավորմանը: Ալասանիան ընդգծել է, որ դա չի հանդիսանում ինչ-որ մեկի դեմ ուղղված քայլ. «Ընդհակառակը, այդօրինակ համաձայնագրերը հավելյալ հիմք են ստեղծում տարածաշրջանային կայունության համար»:

Այս հանդիպումը, մասնավորապես, Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցների եւ լարված հարաբերությունների ֆոնին ուշագրավ է: Առավել հետաքրքրական այդ հանդիպման, այսպես ասած` պաշտոնապես ներկայացված նպատակը` ճգնաժամային իրավիճակում, ռազմական էսկալացիայի դեպքում կոմունիկացիոն ենթակառուցվածքների եւ, մասնավորապես, նավթամուղերի, գազամուղերի ու երկաթուղու պաշտպանություն:

Այսինքն` ումի՞ց են փորձելու պաշտպանվել մեր հարեւան երկրները… Հարցը, իհարկե, հռետորական է:

Ի դեպ, այսօր վրաստանյան կայքերը հաղորդեցին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի Vella Gulf ռազմանավը մտնելում է Բաթումի նավահանգիստ: Նավը զինված է ղեկավարվող հրթիռներով եւ դասվում է Tikonderog հածանավերի թվին: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն ընդգծել է, որ հածանավի այցն ընդգծում է ԱՄՆ-ի ջանքերը` ուղղված ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է Վրաստանը, հարաբերությունների խորացմանը, ընդհանուր առաջադրանքների լուծմանն աջակցելուն, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Ամերիկյան ռազմանավը համատեղ վարժանքներ կանցկացնի Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի հետ:

Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Վրաստանը նոր ռազմաբազա է բացում Ախալքալաքում: Վրաստանի պաշտպանության նախարար ու Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Վախթանգ Կապանաձեն մասնակցել են Ախալքալաքում սկզբնական ռազմական պատրաստության կենտրոնի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Այժմ ընթանում է շտաբի ու ճաշարանի կառուցումը: Ալասանիան հայտարարել է. «Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը: Այստեղ եղել է խորհրդային բանակը, եւ այսօր այս տեղը ձեռք է բերում նոր իմաստ: Ախալքալաքի շրջանի բնակչության կյանքը կդառնա ավելի ակտիվ՝ կապված նոր ռազմաբազայի հետ: Վրաստանի ազգային զարգացման ու մեր շահերի համար շատ կարեւոր է, որ այդ կենտրոնը գտնվի հենց այստեղ: Դա ուսումնական կենտրոն է: Վստահ եմ, որ այս կենտրոնը շատ կարեւոր կլինի ինչպես զինվորականների, այնպես էլ՝ տեղի բնակչության համար»: Սկզբնական ռազմական պատրաստության կենտրոնի կառուցումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում կառուցվելու են շտաբը, ճաշարանը եւ զորանոցը: Այդ ամենը պետք է ավարտվի 2015 թվականի վերջին: Երկրորդ փուլը նախատեսում է մարզահամալիրի, (սպաների ու սերժանտների համար) հանրակացարանի, մանկապարտեզի եւ այլ կառույցների կառուցում: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2019 թվականը:

Հայաստանն իհարկե, չէր կարող մասնակցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հասկանալի պատճառներով: Բայց այդ չմասնակցության պատճառները ոչ միայն այն փաստն է, որ Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ ունի, այլ այն, որ գտնվում է այլ «ուղեծրում»` Ռուսաստանի «թեւի տակ»:

Եթե Հայաստանի երեք հարեւան երկրները քննարկում են` ռազմական էսկալացիայի դեպքում կոմունիկացիոն ենթակառուցվածքների եւ, մասնավորապես, նավթամուղերի, գազամուղերի ու երկաթուղու պաշտպանության հարցը, ապա առնվազն, նման ճգնաժամը չեն բացառում, իսկ եթե չեն բացառում, ապա հնարավոր են համարում Ռուսաստանի կողմից իրավիճակի սրացումը:

Եւ այստեղ գալիս է ամենահետաքրքրական պահը` Հայաստանը կարո՞ղ է իր հյուսիսային հարեւանի` ընդդեմ Վրաստանի դուրս գալ… Տա Աստված, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունների կենսական նշանակությունը գիտակցի թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ պաշտոնական Թբիլիսին:

Մետաքսյա  Շալունց

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here