Թուրք Բլոգերը Յօդուածաշար Է Սկսում Հայոց Ցեղասպանութեան Մասին

0
126

Թուրքական «Ռադիկալ» կայքի բլոգում Ֆաթիհ Թունչը սկսում է յօդուածաշար՝ Թուրքիայի հայերի եւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Թունչը նշում է, որ թեմայի վերաբերեալ բազմաթիւ աշխատութիւններ, յօդուածներ է կարդացել, սակայն բոլորն էլ աւելի շատ փորձել են արդարացնել իրենց համար աւելի հարազատ կողմերից մէկին, քան ներկայացնել գիտական փաստերը: «Այդ ստեղծագործութիւններից եւ ոչ մէկում չի պարզաբանւում, թէ ինչու են հազարաւոր մարդիկ սպանուել: Ինչո՞ւ են երեխաներ սպանուել, ինչո՞ւ են մօր աչքի առաջ երեխային այրել», գրում է Թունչը՝ նշելով, որը ինքը գրի է առել հէնց այն ամէնը, ինչ տեսել է ժողովուրդը:
Առաջին յօդուածում Թունչը, հայերի վիճակի մասին սեղմ ակնարկ տալով, ներկայացնում է այն հարցերը, որոնց անդրադառնալու է յաջորդ յօդուածներում:

Հիմնականում Թուրքիայի արեւելքում եւ հարաւ-արեւելքում քրդերի հետ կողք-կողքի ապրած ժողովուրդը ժամանակի ընթացքում իր դաւանանքի պատճառով աքսորուել եւ կոտորածների է ենթարկուել: Հայերն իրենց մայրենի լեզուին զուգահեռ շատ լաւ քրդերէն են իմացել: Դրա պատճառներից են հայերի՝ առեւտրի բնագաւառում բաւականին առաջատար լինելը եւ քրդերէնի տիրապետող դիրքը:
Չնայած հայերի ռազմական ունակութիւնները բաւականին զարգացած էին, բայց որպէս հասարակութիւն նրանց խիզախութիւնը կոտրուել էր: Բացի այդ, երկարատեւ ասիմիլացիայի էին ենթարկուել ու ապրելու համար կրօնափոխ էին եղել: Ժամանակին քրդերի հետ միասին ապրած եւ նրանց հետ որեւէ խնդիր չունեցած հայերը իրենց կրօնի պատճառով քրդերի կողմից ճնշումների եւ կոտորածների են ենթարկուել:
Յօդուածագիրը նշում է նաեւ, որ հայերը մինչեւ 1915 թուականը համապարփակ կերպով ապրել են Աղրըի (Արարատ-«Ակունք»), Մուշի, Վանի, Բիթլիսի (Բաղէշ-«Ակունք»), Մարդինի, Կարսի, Ամեդի (Տիգրանակերտ-Դիարբեքիր-«Ակունք»), Դերսիմի շրջաններում:
«Տարածաշրջանում բաւականին լաւ գործունէութիւն ծաւալող հայերը ինչո՞ւ սպանուեցին: Ինչո՞ւ քրդերը եւ հայերը ոչ մի կերպ համաձայնութեան չեկան: Ովքե՞ր էին համիդեան գնդերի հրամանատարները եւ ինչո՞ւ համախմբուեցին հայերի կոտորածների ժամանակ: 1915ին որքա՞ն մարդ է սպանուել: Հայերի դէմ սկսուած այդ պատերազմի պատճառներն ու պատրուակները որո՞նք էին», այս հարցերն է ուղղում Թունչը՝ յստակեցնելով, որ սա ընդամէնը ընթերցողին յաւելեալ տեղեկութիւն տալու համար է գրել:

 

«Ակունք»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here