Ծեծի ենթարկված սիրիահայ բժիշկը մտադիր է հեռանալ Հայաստանից

0
111

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը որոշել է հեռանալ Հայաստանից, քանի որ աշխատանքի անցնելուց հետո արդեն երկու անգամ նվաստացուցիչ իրավիճակում է հայտնվել։

Վերջինը օգոստոսի 20-ին էր, որի առնչությամբ Բողոս Աղոյանն արդեն ոստիկանություն բողոք է ներկայացրել։ Սիրիահայ բժշկի պատմելով՝ իրեն Թալինի քաղաքապետի բարեկամները ծեծի են ենթարկել։ Աշխատանքից տուն գնալիս է եղել, երբ հիվանդանոցի բակում կայանված իր ավտոմեքենան չի կարողացել տեղաշարժել, քանի որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա փակած է եղել ճանապարհը:

«Հարցրի՝ ով է տերը, չգտա: Վերջը մեկը վերեւից ասեց՝ ապեր, ինչ ես ուզում, ասեցի՝ արի, ավտոն հանի: Ասեց՝ հեսա կգամ, բայց մի քանի րոպե անցավ, չեկավ: Էլի սիգնալ տվեցի, սպասեցի բավականին, չեկավ: Հետո էլի սիգնալ տվեցի, ձեռքով ասեցի՝ դե իջի, պիտի գնամ: Էդ պահին հետեւիցս մի ավտո էր դուրս գալիս հիվանդանոցի բակից: Մեքենայի միջից գոռալով վարորդն ասեց՝ ի՞նչ ես ձեռքդ բարձրացնում: Իջա ավտոյից, մոտեցա իրեն, ասեցի՝ ի՞նչ ա եղել, դու ո՞վ ես: Ասեց՝ ես Կայծն եմ: Ասեցի՝ ես էլ Բողոսն եմ, բժիշկ եմ, ի՞նչ ա եղել, քո ավտո՞ն ա էս: Ասեց՝ մեր ավտոն ա, ես էլ ասեցի՝ հանի: Ասեց՝ հեսա կգան, կհանեն: Ու տենց սկսեցինք վիճել: Մի չորս-հինգ րոպե էր՝ վիճում էինք, էդ վերեւինը իջավ, եկավ, միանգամից աչքիս խփեց:  Հետո մի չորս հոգով եկան, հավաքվեցին, ինձ գցեցին գետնին, ու սկսեցին ոտքով, ձեռքով հարվածել, հայհոյել ինձ շատ անվայել խոսքերով: Քաղաքապետի եղբայրն էր՝ Արամ անունով, նրա բարեկամներից Սուրիկ Գրիգորյանն էր՝ «Մերսեդեսի» տերը, վարորդն էր՝ Կայծը, ու էլի մի մարդ, որ վերեւից իջավ իրենց հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց բժիշկը՝ նշելով, որ միայն դեպքից հետո է իմացել, որ իրեն ծեծողները քաղաքապետի բարեկամներն են եղել:

Բողոս Աղոյանի խոսքով՝ ինքն արդեն երկրորդ անգամ է նվաստացուցիչ իրավիճակում հայտնվում։

«Շատ շուտ, նոր էի եկել, էլի նման դեպք պատահեց. մեր կարդիոլոգ բժշկուհու հորեղբայրը վատ էր, խնդրեց, որ ես գնամ կանչի, ես գնացի իր հորեղբոր տուն: Իր տղան դուրս եկավ խմած, ասեց՝ բժշկուհին չի եկել, դուք հետ դարձեք: Ասի՝ եկել ենք օգտակար լինենք, ասեց՝ չէ, հետ գնացեք: Էդպես հայհոյանքներով մի փոքր դեպք եղավ»,-պատմեց Բողոս Աղոյանը:

Բողոս Աղոյանի խոսքով՝ այդ դեպքն ինքը կարողացել է հաղթահարել, սակայն նախորդ օրվա դեպքից   հիասթափությունն այնքան մեծ է, որ որոշել է հեռանալ Հայաստանից:

 «Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, բայց արդեն հիասթափվել եմ: Մենք այստեղ բժշկության մեջ շատ սովորելու բաներ ունենք: Ես անցել եմ ամերիկյան դպրոց, շատ  ուզում եմ օգտակար դառնալ իմ հայրենիքին, բայց որ այսպես պիտի վերաբերվեն, ես շատ շուտով կթողնեմ կգնամ»,-ասաց Բողոս Աղոյանը՝ նշելով, որ ինքն արդեն 1 տարի 8 ամիս է, ինչ Հայաստանում է ապրում, եկել է Հալեպից:

Սիրիահայ բժշկի խոսքով, Հայաստանում՝ Թալինի հիվանդանոցում աշխատելու ժամանակ ինքը երեք մարդու կյանք է փրկել, դրա համար պատվոգիր է ստացել Առողջապահության նախարարից:

Օգոստոսի 20-ի դեպքից հետո Բողոս Աղոյանը ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում  է տվել, արդեն դատաբժշկական փորձաքնննության է ենթարկվել, ախտորոշվել են թեթեւ վնասվածքներ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here