Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր է ստացել

0
87

Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով. այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝  օգոստոսի 24-ին «Սևան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման անդամների հետ հանդիպմանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանն ասել է, որ արտաքին գործերի նախարարը կտեղեկանա, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գալիք ապրիլի 24-ին, «այցելելու Ծիծեռնակաբերդ և սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է դեպի անմար կրակը»: Հարցին, թե երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, Սարգսյանը պատասխանել է, թե դժվարանում է ասել՝ նշելով, որ Հայաստանի ցանկությունն է, որ այն օր առաջ բացվի:

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նախընտրական արշավի ժամանակ արտահայտություն էր թույլ տվել, որ հայ լինելը իր համար վիրավորական կլիներ ։ 

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ի իր հարցազրույցում ասել էր, որ «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո շնորհավորել է նորընտիր նախագահ Էրդողանին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here