Ինչու Նալբանդյանը չպետք է գնա Թուրքիա

0
129

Կարեն Հարությունյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, հաղորդել է արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հրավեր է ստացել Թուրքիայի իշխանություններից՝ մասնակցելու ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, և, հավանաբար, մասնակցությունը կլինի արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Հայաստանը արտգործնախարարի մակարդակով չպետք է մասնակցի Էրդողանի երդմնակալությանը: Դրա համար մի շարք պատճառներ կան:

Առաջին, երբ երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ և այդ հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտը հենց ինքը՝ Էրդողանն է, անհեթեթ է, որ Հայաստանի թիվ մեկ դիվանագետը մեկնի նրա երդմնակալությանը մասնակցելու։

Երկրորդ, Նալբանդյանը հայ-թուրքական հաշտեցման ձախողված գործընթացի գլխավոր նախաձեռնողներից էր, և տրամաբանական է, որ  գործընթացի` թեկուզ ոչ իր պատճառով տապալումից հետո ինքը՝ որպես քաղաքական ֆիգուր, չմեկնի Թուրքիա: Սա միջազգային որևէ կազմակերպության շրջանակում տեղի ունեցող միջոցառում չէ, որպեսզի ընդունելի լիներ արտգործնախարարի մակարդակով Հայաստանի ներկայությունը Թուրքիայում։

Երրորդ, Էրդողանն իր նախընտրական արշավի ժամանակ «հայ լինելը» վիրավորական էր համարել: Ռասիստական և հայատյաց նման հայտարարությունից հետո չի կարելի շտապել նրան շնորհավորել, առավել ևս՝ ներկա լինել երդմնակալությանը։

Իհարկե, Թուրքիան հարևան երկիր է, և եթե Հայաստանը ելնում է կառուցողական հարաբերություններ հաստատելու դիրքից, ապա ավելի ճիշտ կլիներ Անկարա ուղարկել, օրինակ, Ազգային ժողովի փոխնախագահներից մեկին: Տարբերակ կարող էր լինել նաև Սփյուռքի նախարարի գործուղումը Թուրքիա, որի մասնակցությունն Էրդողանի երդմնակալությանը յուրատեսակ ուղերձ կլիներ Հայաստանի կողմից։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here