Հայերը` թուրքական մամուլի ատելության թիրախ

0
115

«Հրանտ Դինք» հիմնադրամը հերթական անգամ ուսումնասիրել է 2014թ. առաջին չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում տեղ գտած՝ ռասիզմ և ատելություն սերմանող հրապարակումները: Ուսումնասիրության արդյունքները  հրապարակվել են երկու մասից բաղկացած զեկույցում: Առաջին մասում ուսումնասիրվել են առհասարակ ատելության սերմանման դրսևորումները  թուրքական մամուլում, երկրորդում ուշադրություն է դարձվել ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումներին: «Ակօս» շաբաթաթերթը «Ցեղասպանությունը մնաց Էրդողանի «ցավակցական ուղերձի» ստվերում» վերնագրով հոդվածում ներկայացնում է վերոնշյալ զեկույցը: Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Զեկույցի առաջին բաժնում ուշադրություն է գրավում հետևյալը:

  • Ատելություն սերմանող ամենաշատ հոդվածները գրվել են հայերի ու հրեաների մասին: Այսպես՝ 75 հոդված գրվել է հայերի, 66` հրեաների, 21` հույների, և 10` քրդերի, 45` առհասարակ քրիստոնյաների դեմ:

Ատելություն սերմանող նյութերի 60%-ը սյունակներ են, 30%-ը` լուրեր:

  • Տեղական մամուլին բաժին է ընկնում ատելություն սերմանող նյութերի 49 %-ը, իսկ հանրապետական մամուլին` 51%-ը:

  • Ատելություն սերմանող ամենաշատ հրապարակումներ՝ թվով 22, տեղ են գտել Yeni Akit-ում, 16-ը` Milli Gazete-ում, 10-ական Takvim-ում և Yeni mesaj-ում: Տեղական թերթերից չորս լուրով առաջին տեղն է գրավում Istanbul Gazete-ն:

  • Ատելություն սերմանող հոդվածների 60%-ը առանձնացված է «ուռճացվածություն, մեղադրանք և խեղաթյուրում» խմբում, իսկ 21%-ը՝ «հայհոյանք, վիրավորանք և նվաստացում» խմբում:

  • Ատելություն սերմանող ամենաշատ նյութեր են գրվել հայերի, հրեաների, առհասարակ՝ քրիստոնյաների, հույների և քրդերի մասին:

Զեկույցի երկրորդ բաժնում ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ թուրքական տպագիր մամուլում խտրականություն պարունակող հրապարակումները: Ըստ այդմ` ապրիլի 22-26-ը ուսումնասիրվել են թուրքական հետևյալ թերթերը` Aydınlık, Birgün, Habertürk, Hürriyet, Radikal, Sabah, Türkiye, Zaman:

  • Ապրիլի 24-ին ամենաշատ լուրերը հայտնվել են Aydınlık-ում

  • Թերթերը հիմնական ուշադրությունը բևեռել են Էրդողանի «ցավակցական ուղերձի» վրա

  • Լուրերի 42%-ը պարզապես անդրադարձել է Էրդողանի ուղերձին, իսկ 13%-ը՝ սադրիչ և ծայրահեղ բնույթ է կրել:

  • Էրդողանի ուղերձին հատկապես անդրադարձել են Hürriyet, Habertürk և Sabah թերթերը: Zaman-ն ու Radikal-ը թեև ուղերձը դրական են գնահատել, այդուհանդերձ՝ լուրջ վերապահումներով:

Անցյալի հետ առերեսվելու և հանրային պատասխանատվության տեսանկյունից ամենաշատ հոդվածները հրապարակել է Birgün թերթը: Aydınlık-ը մեծ տեղ է հատկացրել պատմական բնույթի տեղեկություններին, սակայն պարբերականն անկողմնակալություն չի դրսևորել:

Բավական մեծ «խառնաշփոթ» է առաջացրել եզրի օգտագործումը [Հայոց ցեղասպանություն – ՍիվիլՆեթ]: Թերթերը ապրիլի 24-ին 53 անգամ օգտագործել են «1915թ. իրադարձություններ» կամ «այսպես կոչված ցեղասպանություն» ձևակերպումները: «Ցեղասպանություն» եզրը ամենահաճախն օգտագործել է Birgün թերթը (62 անգամ): Զեկույցում ընդգծվում է, որ թեև Birgün-ն ու Radikal-ը օգտագործել են «ցեղասպանություն» եզրը, սակայն դրա կիրառումը պայմանավորված է եղել իշխանության դեմ պայքարով:

Զեկույց կարևոր է համարում, որ մամուլի միջոցով «ցեղասպանություն» բառը  մտել է հանրային մտածողության մեջ, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը ստվերել է այդ միտումը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here