ԿՐԿԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻՆՍԿՈՒՄ

0
104

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ գրվում էր այս հոդվածը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ձեռքը չէր դրել թուրքական պետության սրբությունների կամ խորհրդանիշերի վրա ու չէր ստանձնել Թուրքիայի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի նախագահական երդմնակալությունը, որին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությամբ մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք:

Այս կապակցությամբ, հստակեցնելով, թե կոնկրետ ո՞ւմ գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը պետք է մեկնի Էրդողանի երդմնակալությանը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին, մասնակցելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական ֆորումի վրանային ճամբարին եւ պատասխանելով մասնակիցների հարցերին, մասնավորաբար ասել էր. «Հայաստանի մասնակցությունը` Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը հավանաբար տեղի կունենա արտգործնախարարի մակարդակով: Անկարայում Հայաստանի ԱԳ նախարարը կտեղականա նաեւ, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը դեպի անմար կրակ, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է»:

Անշուշտ Անկարայում Հայաստանի պատվիրակությունը կարող էր գլխավորել ոչ թե նախարար Նալբանդյանը, այլ, ասենք, նրա տեղակալներից մեկը, ով նաեւ` «կտեղեկանար, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին… այցելել Ծիծեռնակաբերդ», բայց հենց ԱԳ նախարարի մակարդակով պատվիրակության գործուղումը թերեւս վկայում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի համար չեն դադարել մնալ պակաս կարեւոր, ինչը միանգամային հասկանալի է: Ուշագրավ է նաեւ նախագահ Սարգսյանի ընդգծումը, որ Թուրքիայի նախագահը` գալիք ապրիլի 24-ին կարող է այցելել ոչ թե Հայաստան` ընդհանուր առմամբ, այլ հենց կոնկրետ Ծիծեռնակաբերդ: Այլ կերպ ասած, գալիք ապրիլին Երեւանում Թուրքիայի նախագահին սպասում են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ հենց Ծիծեռնակաբերդում:

Սա, նկատենք, հայ-թուրքական հարաբերությունների նոր եւ բավականին ուշագրավ ուղղություն է. Հայաստանն այլեւս չի պատրաստվում Թուրքիայի նախագահի հետ` անկախ վերջինիս ով լինելուց, պարզապես ֆուտբոլ նայել, առավել եւս` խաղալ:

Բայց մեր երկրի եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կարող են հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի կարգավորմանը մասնակցություն ունենալուց զրկել Հայաստանին: Բոլորովին վերջերս` Մինսկում կայացած խորհրդաժողովի ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի, ինչպես նաեւ Ղրղզստանի անդամակցության հարցը` Եվրասիական տնտեսական միությանը կորոշվի այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված գագաթաժողովի ընթացքում: Ո՞վ է սա հայտարարել, իհարկե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչո՞ւ հենց նա, Պուտինը կիմանա…

Մեզ համար, բացի հանգամանքից, որ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության վերաբերյալ գրեթե բոլոր հայտարարությունները հնչում են Նազարբաեւից, հատկանշական է նաեւ Մինսկի` ճակատագրական գագաթաժողովի օրը` հոկտեմբերի 10: Հիշեցնենք, հինգ տարի առաջ հենց այդ օրը շվեյցարական Ցհյուրիխում նախաստորագրվեց հայ-թուրքական զույգ արձանագրությունները: Իհարկե քիչ է հավանական, որ Մինսկի գագաթաժողովի կազմակերպիչները ուշադիր զննել են օրացույցը` գագաթաժողովի անցկացման համար ընտրելով մի օր, որի հետ Երեւանում, մեղմ ասած, դառը հուշեր ունեն, բայց մեծ քաղաքականության մեջ պատահականություններ քիչ են լինում:

Օրինակ, հենց հոկտեմբերի 10-ին ստորագրելով ԵՏՄ-ին միանալու, եւ ինչպես Պուտինն ինքն է հայտարարել` «սեփական ինքնավարության մի մասը զիջելու» վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների, առհասարակ երկու երկրերի հարաբերությունների կարգավորումը դուրս է հանում երկկողմ միջպետական հարաբերությունների տիրույթից` մտցնելով այն ԵՏՄ-Թուրքիա հարաբերությունների տիրույթ: Վտանգավո՞ր է սա, անշուշտ, թեկուզ միայն այն պատճառով, որ հայ-թուրքական կնճռոտ հարաբերությունների բարելավման վերահսկողությունից Երեւանն ամբողջությամբ լվանում է ձեռքերը, այն պարագայում, երբ ԵՏՄ այսօր անդամ բոլոր երեք երկրները լուրջ հույսեր են կապում Թուրքիան եւս իրենց միություն ներառելու, առնվազն այդ միությունով Անկարային հետաքրքրելու առումով:

Ուրեմն կարո՞ղ է արդյոք այս տարվա հոկտեմբերի 10-ը ազդարարել նոր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման (նախ հաստատման, անշուշտ) մեկնարկ, իհարկե կարող է, հատկապես, որ ԵՏՄ-ում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, չգիտես ինչու, դարձել է Նազարբաեւը, ով առաքելություն ունի Միություն բերել հնարավորինս շատ թյուրքախոս երկրների:

Այնուամենայնիվ, եկող ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մենք Էրդողանին կսպասենք. Օբամայի ամենամյա ուղերձներն այլեւս արդիական չեն դրանց սպասելու համար:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here