Ուորլիքն արդյունավետ է գնահատել Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպումը

0
113

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսում արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած` Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպմանը: 

«Ուելսում Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Լեռնային Ղարաբաղի հարցով: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է Ուորլիքը:

Սեպտեմբերի 4-ին Ուելսում կայացած Քերի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար։

Պետքարտուղարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։

Առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ նախատեսվում է նաև Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում։

Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ` Սոչիում օգոստոսի 10-ին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here