Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

0
143

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին մասնակցել է դաշինքի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` նիստին մեկնարկել է ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը:

«Այն համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն»,- ասված է հաղորդագրությունում:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի ՊՆ-ն դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմմանը:

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Պետքարտուղարն ընդգծել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ էր արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here