«Առաջին Լրատուական»ի RealPolitik Հաղորդաշարի Հիւրն Է Փորձագէտ Հայկազուն Ալվրցեանը

0
174

ՀԱՐՑ.- Պարոն Ալվրցեան, առանձնայատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում Հայաստանի եւ Վրաստանի յարաբերութիւնները՝ հաշուի առնելով առաւելապէս ռուս-վրացական պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակը եւ աննախադէպ այն լարուածութիւնը, որ առաջացաւ Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ շփման գծով, նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ինչը լրջօրէն անհանգստացրեց Վրաստանին: Վրաստանի իշխանութիւնները տարբեր մակարդակներում՝ նախագահից սկսած, յոյս էին յայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կը կարողանան լիցքաթափել լարուած իրավիճակը: Ինչո՞ւ էր առաւելապէս Վրաստանին անհանգստացնում այդ լարուածութիւնը, եւ ինչո՞վ կարող էր սպառնալ տոտալ (լայնածաւալ-Խմբ.) ռազմական գործողութիւնների վերսկսումը Վրաստանին:
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Տարածաշրջանի որեւէ անկայունացում այսպէս թէ այնպէս ազդում է երկրների, պետութիւնների շահերի վրայ, բայց այս պարագայում Վրաստանի հարցը շատ նուրբ է, որովհետեւ հարցը գնահատելու համար մենք պէտք է հաշուի առնենք մի շարք հանգամանքներ: Վրաստանը ռազմավարական լուրջ դաշինքի մէջ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որն ամրագրուած է իրենց անվտանգութեան հայեցակարգում, թէեւ Հայաստանը գրանցուած չէ որպէս ռազմավարական դաշնակից, բայց իրենք ուզեն, թէ չուզեն՝ Հայաստանի հետ յարաբերութիւնները ռազմավարական շահեր են շօշափում:
Ի՞նչ է ստացւում. հայ-ադրբեջանական պատերազմը հարուածում է հարեւան պետութիւնների եւ շատ ծանրօրէն հարուածում է Վրաստանի շահերին, որովհետեւ Վրաստանը տնտեսապէս բազմաթիւ թելերով կապուած է Ադրբեջանի հետ: Բաքու-æեհեան նաւթամուղը նախ Վրաստանով է անցնում, որից նա տարեկան մեծ գումարներ է ստանում: Յետոյ երկաթուղի, գազ, նաւթ, առեւտուր, Կասպից ծովը Սեւ ծովի հետ կապող հիմնական ուղիները՝ ցամաքային եւ երկաթուղային, անցնում են այդ տարածաշրջանով, դրան գումարած Բաքու-æեհեան նաւթամուղը: Սա նշանակում է, որ այդ բոլոր կոմունիկացիաներն ուղղակի վտանգւում էին, եւ Վրաստանն ինչ որ չափով շրջափակման մէջ էր յայտնւում: Պատկերացնո՞ւմ էք՝ կտրւում են նրա կապերը Ադրբեջանի հետ: Մինչդեռ Վրաստանը ոչ միայն Ադրբեջանի հետ տնտեսական լուրջ համագործակցութեան մէջ է, այլ նաեւ Ադրբեջանի միջոցով՝ Թուրքիայի: Ադրբեջանական ապրանքները, ի վերջոյ, Թուրքիայով են անցնում, իսկ թուրքական ապրանքները Վրաստանով են անցնում Ադրբեջան: Այս առումով նա շահող է բոլոր տեսակէտներից՝ թէ՛ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւններում, թէ՛ Ադրբեջան-Թուրքիա յարաբերութիւններում, ե՛ւ անմիջապէս կորցնելու էր ամէն ինչ, ե՛ւ հետաքրքիր է այն, որ ոչ միայն մնում էր Ռուսաստանի յոյսին, այլ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում ստիպուած էր լինելու լուրջ փոփոխութիւններ կատարելու:
Տարածաշրջանում սա հազուագիւտ դէպք էր, որ Վրաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկան, եւ ճիշդն ասած՝ Ռուսաստանին այս պահին այդ պատերազմը ձեռնտու չէ:

ՀԱՐՑ.- Տարբեր փորձագէտներ նշում են, որ Ռուսաստանն է հրահրողը:
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ.- Ռուսաստանը կարող է լինել եւ չլինել: Եթէ անգամ հրահրողը ՌԴն էր, ապա պէտք է մտածել՝ տեսէք, ես կարող եմ հրահրել եւ կանչել հաշտեցնել: Այսինքն՝ նա փորձում է ցոյց տալ, որ տէր է: Ուկրաինայի հետ այսպիսի առճակատման պայմաններում, երկրորդ ճակատը Կովկասում Ռուսաստանի համար մահ է, մահ է քաղաքական, ռազմավարական, մի շարք առումներով: Նա չէր կարողանայ դիմակայել: Եթէ սկսուի հայ-ադրբեջանական պատերազմ, այստեղ ինքը չի կարող ունենալ այն ազդեցութիւնն ու դերակատարութիւնը՝ ունենալով Ուկրաինան: Լոկալի դէպքում, եթէ Ուկրաինան չլինէր, ինքն էր տէրն ու տնօրէնը, Ուկրաինայի դէպքում շատ լուրջ հարցականներ են առաջ եկել: Կովկասում ԱՄՆը, ՆԱՏՕն շատ աւելի մեծ դերակատար եւ հարց որոշող պէտք է լինէին:
Երկար ժամանակ խօսք է գնում խաղաղապահների, տեղապահների տեղակայման մասին, եւ խաղաղապահներն էլ ըստ էութեան երկու կողմից կարող են լինել՝ կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Արեւմուտքի: Այստեղ արեւմտեան խաղաղապահների խնդիրն էր գալիս օրակարգ, այստեղ կայ Իրանի գործօնը: Իրանը շատ ու շատ սպասելիքներ ունի Արեւմուտքից, որոնց դիմաց ինչ որ բան պէտք է զիջի: Ոչ ոք չի կարող ասել, թէ չի լինի: Քաղաքականութեան մէջ ասել, որ անհնար է, որովհետեւ սա այսպէս է, արդէն իսկ սխալ է, որովհետեւ քաղաքականութիւնը, ի վերջոյ, մեծ առեւտուր է: Իրանին ոչ թէ Արեւմուտքը ձեռնտու չէ, այլ ռուսական խաղաղապահները ձեռնտու չեն: Միւս կողմից՝ Իրանը Արեւմուտքին շատ աւելի պէտք է, քան Ռուսաստանին: Արեւմուտքը Իրանից կարող է անսահման քանակութեամբ գազ եւ նաւթ ներկրել եւ կախուածութիւնը նուազեցնել Ռուսաստանից: Ուղղակիօրէն սա Իրանի շահերին համընկնում է, եւ այդ տեսակէտից Ռուսաստանին թուլացնելը ձեռնտու է իրեն, իսկ մենք բարդ խնդիրներ ենք ունենում:
Տարածաշրջանում ըստ էութեան բոլոր կողմերը շահող էին լինելու: Մենք յոյս ունենք, որ պատերազմի դէպքում շահող պէտք է լինենք: Կորցնող լինելու են առաջին հերթին Ադրբեջանը, երկրորդ հերթին՝ Վրաստանը: Դրա համար Վրաստանի անհանգստութիւնը, ի դէպ, Ադրբեջանինը եւս հասկանալի է. նա մասնակից է: Տեսնելով սա՝ հասկացանք, որ տարածաշրջանային քաղաքականութեան մէջ Վրաստանի կողմից Հայաստանի մեկուսացումը շատ ծանր է նստելու Վրաստանի վրայ հեռանկարում եւ ապագայում: Ե՛ւ հայերի համար, ե՛ւ վրացիների, այսօր շատ հետաքրքիր ժամանակ է՝ վերանայելու եւ վերարժեւորելու այն, ինչ կատարուել է մինչ օրս:
Այդ հարցը պէտք է անընդհատ շօշափուի՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ու Վրաստանը չեն կարողացել æաւախքը հակադրութեան դաշտից դարձնել համագործակցութեան դաշտ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here