Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հունաստանի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։
«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը 54 կողմ, 42 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Այլատյացության դեմ պայքարի» անվանումն ստացած օրինագիծը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։
Այն արգելում է ժխտել նաև Հոլոքոստը, ընդլայնում է դատախազության լիազորությունները այլատյացության, ազգային պատկանելության դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարում։
Հունաստանը երրորդ երկիրն է Եվրոպայում՝ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։