Կատալոնիայի օրը՝ հանրաքվեի նշանաբանով

0
133

Կատալոնիայի հազարավոր բնակիչներ սեպտեմբերի 11-ին Բարսելոնայում մասնակցել են ցույցի՝ պահանջելով շրջանի՝ Իսպանիայից անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու իրավունք, հաղորդում է BBC-ն։

Ցույցը նվիրված է եղել Կատալոնիայի օրվան։ Ակցիայի մասնակիցները ծածանել են Կատալոնիայի դրոշները և շարք են կազմել “V” տառի տեսքով՝ ցույց տալով քվեարկելու իրենց ցանկությունը [իսպաներեն votar նշանակում է քվեարկել]։

Կատալոնացիները ոգեշնչվում են Շոտլանդիայի օրինակով, որտեղ սեպտեմբերի 18-ին անցկացվելու է Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե։

Կատալոնիայի շրջանային կառավարությունը ցանկանում է անկախության հանրաքվեն անցկացնել այս տարվա նոյեմբերի 9-ին, սակայն Իսպանիայի կառավարությունը վստահեցնում է, որ դա անօրինական է։

Կատալոնիան Իսպանիայի առավել զարգացած շրջաններից մեկն է, և այստեղ անկախության կոչերը վաղուց են հնչում։ 2013թ․ սեպտեմբերի 11-ին կատալոնացիները կազմել էին կեսմիլիոնանոց կենդանի շղթա՝ հանուն շրջանի ինքնորոշման։

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար այս համայնքին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 1/4-ը։ Ընդ որում՝ կատալոնացիներին դժգոհեցնում է այն, թե Մադրիդն ինչպես է տնօրինում հարկերը և ինչ մասնաբաժին է հետ վերադարձնում ինքնավարության բյուջե։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here