Ինչո՞ւ Է Նալբանդեանը Դժգոհ ՆԱՏՕից

0
178

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Սեպտեմբերի 4-5ը Ուելսում անցկացուած ՆԱՏՕի գագաթաժողովի եզրափակիչ յայտարարութեան մէջ Հարաւային Կովկասում առկայ հակամարտութիւնների կարգաւորման վերաբերեալ դիրքորոշման մէջ առաջին անգամ տեղ գտան ձեւակերպումներ, որոնք էականօրէն տարբերւում էին Դաշինքի՝ նախորդ նման փաստաթղթերում արձանագրուածներից:
Եթէ նախորդ եզրափակիչ յայտարարութիւններում Հիւսիսատլանտեան դաշինքն ընդգծում էր միայն հարաւկովկասեան երեք պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը յարգելու կեցուածքը՝ կատարելապէս անտեսելով ՄԱԿի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի միւս առանցքային՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, ապա Ուելսում ստորագրուած փաստաթղթում այս կապակցութեամբ արուել է կարեւոր կոնկրետացում:
Վերոնշեալ մտքի ձեւակերպումից յետոյ, մասնաւորապէս, նշւում է. «Այս համատեքստում մենք կը շարունակենք աջակցել Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ Մոլդովայի Հանրապետութիւնում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղուած ջանքերին՝ հիմնուելով յիշեալ սկզբունքների, ինչպէս նաեւ ՄԱԿի կանոնադրութեան եւ Հելսինկեան եզրափակիչ ակտի վրայ»: Այս լրացումն էական է յատկապէս ԼՂ հիմնահարցի կարգաւորման համատեքստում, ոչ միայն այն առումով, որ խօսում է Դաշինքի կողմից հակամարտութեան նկատմամբ աւելի հաւասարակշռուած դիրքորոշում ցուցաբերելու մասին, այլ նաեւ այն պատճառով, որ փաստացի արձանագրում է հակամարտութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից չհանելու անհրաժեշտութիւնը, ինչն ինքնին հարուած է խնդիրն այդ ձեւաչափից հանելու, միջազգային այլ հարթակներ տեղափոխելու՝ թուրք-ադրբեջանական անթաքոյց պլաններին:
Այս իմաստով Ուելսում որոշ իմաստով բեկում է տեղի ունեցել: Այն արժեւորւում է յատկապէս ուկրաինական ճգնաժամի խորապատկերին, երբ թւում էր, թէ Ղրիմի ինքնորոշման հանրաքուէն չճանաչելու, Արեւելեան Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի հասցրած անջատողականութեան պատճառով Դաշինքը պէտք է աւելի կոշտ դիրքորոշում արտայայտէր տարածքային ամբողջականութեան սկզբունքը պաշտպանելու հարցում:
Թէ ո՞րն էր ՆԱՏՕի դիրքորոշման փոփոխութեան պատճառը, թողնենք մի կողմ: Էականն այն է, որ, չնայած Ուելսում արձանագրուած այս նկատելի տակտիկական յաջողութեանը, ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը երէկ քննադատեց ՆԱՏՕի եզրափակիչ յայտարարութեան այդ հատուածը՝ որակելով այն «ընդհանրացուած եւ ընտրովի մօտեցում», որը վնաս է հասցնում ԼՂ հարցով բանակցային գործընթացին, տարածաշրջանային կայունութեանը եւ անվտանգութեանը:
«Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը աւելի եւ աւելի է կտրւում իրականութիւնից եւ իր ռազմատենչ հռետորաբանութեամբ ու քաղաքականութեամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգաւորման՝ միջազգային հանրութեան մօտեցմանը», ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նալբանդեանի այս յայտարարութիւնը հայաստանեան փորձագիտական որոշ շրջանակների մօտ շոկ է առաջացրել՝ հիմք տալով պնդելու, թէ կա՛մ արտգործնախարարն է կատարեալ անադեկուատ (ոչ պատշաճ-Խմբ.), կա՛մ էլ այն աւելի շատ ուղղուած է յայտարարութեան հիմնական թիրախի կարգավիճակում յայտնուած Ռուսաստանի շահերի սպասարկմանը, քանի որ փաստաթղթում խօսւում է առաջին հերթին հէնց Ռուսաստանի կողմից միւս երկրների նկատմամբ հնարաւոր ագրեսիան կանխելու անհրաժեշտութեան մասին:
Իրականում, սակայն, Նալբանդեանի յայտարարութիւնը՝ հիմնական շեշտադրումների առումով, ոչ միայն տեղին էր, որքան էլ տարօրինակ թուայ, առհասարակ, ՀՀ արտգործնախարարութեան վերջին շրջանի գործողութիւնների կամ աւելի ճիշդ անգործութեան ֆոնին, այլեւ հիմնաւորուած: Եւ դա ունի առաւել քան պարզ՝ հէնց յայտարարութեան տեքստից բխող բացատրութիւն:
Խնդիրն այն է, որ, ըստ էութեան, ՆԱՏՕն այս յայտարարութեամբ ոչ թէ խօսում է Հելսինկեան եզրափակիչ ակտի երեք յայտնի սկզբունքների համահաւասարութեան եւ համարժէքութեան մասին, այլ ակնյայտօրէն ազգերի ինքնորոշման իրաւունքը դիտարկում է տարածքային ամբողջականութեան սկզբունքի համատեքստում կամ ներքոյ:
Ուշադրութիւն դարձնենք՝ հարաւկովկասեան երեք երկրների տարածքային ամբողջականութիւնը յարգելու մասին սկզբունքային ձեւակերպումից յետոյ յայտարարութեան մէջ նշւում են «այդ համատեքստում», ապա նաեւ «հիմնուելով յիշեալ սկզբունքների» բառակապակցութիւնները, որից յետոյ միայն խօսւում է Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների եւ ՄԱԿի կանոնադրութեան հիման վրայ հակամարտութիւնները կարգաւորելու անհրաժեշտութեան մասին: Եթէ աւելի պարզ ձեւակերպելու լինենք, ապա ՆԱՏՕն ասում է, որ հակամարտութիւնների կարգաւորումը, հաշուի առնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, դիտարկում է երեք երկրների, այդ թւում՝ նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան համատեքստում:
Այս իմաստով՝ երկու ձեւակերպումների միջեւ առկայ ակնյայտ տրամաբանական, պատճառահետեւանքային կապն անտեսելը, մտքերը միմեանցից կտրելը եւ համոզելը, թէ տարածքային ամբողջականութեան շեշտադրման մասին միտքը չի արտայայտւում հակամարտութիւնների կարգաւորման շրջանակում, պարզ մանիպուլեատիւ (ձեռնավարական-մեքենայական-Խմբ.) աճպարարութիւն է: Որ Դաշինքն իսկապէս հակամարտութիւնների կարգաւորման հարցում, գոնէ այս պահին, նախապատուութիւնը տալիս է պետութիւնների տարածքային ամբողջականութեանը, հաստատւում է Շոտլանդիայի՝ առաջիկայ անկախութեան հանրաքուէի կապակցութեամբ ունեցած՝ Դաշինքի վերաբերմունքից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն օրերս նշել է, թէ ՆԱՏՕի անդամ որոշ առաջնորդներ գագաթաժողովի ընթացքում իրենց անհանգստութիւնն են արտայայտել Շոտլանդիայի անկախանալու հեռանկարի կապակցութեամբ:
Ինչեւէ, Նալբանդեանի յայտարարութեան տողատակում «ռուսական հետք» գտնելը՝ գոնէ արտաքուստ, կարծես թէ հիմնաւորուած չի թւում, որովհետեւ Նալբանդեանն իր դժգոհութիւնն արտայայտել է փաստացի ոչ թէ ընդհանուր յայտարարութիւնից, այլ միայն դրա այն հատուածից, որը վերաբերում է ԼՂ հակամարտութեանը, թէեւ, հաշուի առնելով այս կառոյցի վերջին տարիների աշխատաոճը, ոչինչ բացառել չի կարելի: Այլ խնդիր է, որ շեշտադրումներն անելով ընտրողական վերաբերմունքի վրայ՝ արտգործնախարարը չի ուզում նկատել կամ աւելի ճիշդ բարձրաձայնել նաեւ ՆԱՏՕի դիրքորոշման մէջ տեղի ունեցած թէեւ թոյլ, բայց կարեւոր փոփոխութիւնը, որը դիւանագիտական դաշտում աշխատելու եւ Դաշինքն աւելի կառուցողական հարթութիւն տեղափոխելու շանս է տալիս:
Նալբանդեանին կարելի է քննադատել սրա համար, այն բանի համար, որ չեն կարողացել հասնել փաստաթղթի նախագծում ազգերի ինքնորոշումը տարածքային ամբողջականութեան հետ որպէս լիարժէք համահաւասար սկզբունքներ ճանաչելուն, բայց ոչ այն բանի համար, որ այդ գնահատականներով նա փաստացի ՆԱՏՕից աւելի հաւասարակշռուած մօտեցում է ակնկալում: Մնում է հաւատալ, որ Նալբանդեանի դժգոհութիւնը բխում է Ուելսում արձանագրուած փոքրիկ դիրքային յաջողութիւնը զարգացնելու ցանկութիւնից:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here