«Կողմ Ենք Ցանկացած Բարեփոխման, Բայց Ոչ Վերարտադրման». Գ. Ծառուկեան

0
211

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԻ ՀԵՏ

 Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը հարցազրոյց է տուել zham.am կայքին, խօսել իր քաղաքական նպատակների մասին: Ստորեւ ներկայացուած է հարցազրոյցից մի հատուած.

ՀԱՐՑ.- Ի՞նչ խնդիրներ էք դուք այսօր լուծում քաղաքական դաշտում, եւ ո՞րն է դրանցից ամենակարեւորը ձեզ համար:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Ես տեսնում եմ խնդիրներ եւ պատրաստ եմ դրանք լուծել պետութեան մէջ՝ երկրի համար, ժողովրդի համար: Բայց ես երբեք չեմ մտել եւ չեմ մտնելու քաղաքական տարբեր յարաբերութիւնների մէջ, որոնք երբեմն շատ մանր են: Իսկ երբեմն էլ աւելի շատ յիշեցնում են սովորական առեւտուր: Դա իմը չէ, ինձ չի սազում:
Ես շատ լաւ գիտեմ հայաստանեան քաղաքական դաշտի խաղի կանոնները, յարաբերութիւնների՝ մեղմ ասած, ոչ այնքան ազնիւ խաղի կանոնները: Ճիշդ հասկացէք, ինձ համար դա օտար եւ անհետաքրքիր զբաղմունք է:
Եթէ ես քաղաքական դաշտում մտածէի անձնական շահի մասին, ապա ես ընդհանրապէս չէի մտնի քաղաքականութիւն: Ես շատ հանգիստ կարող էի ապրել միայն իմ, իմ ընտանիքի, իմ մերձաւորների համար: Ի՞նչն էր ինձ խանգարում. ոչ մի բան:
Բայց, տեսնելով, որ մեր երկրում լուրջ խնդիրներ կան, տեսնելով, որ ժողովուրդը շատ վատ է ապրում, մարդիկ թողնում են իրենց տները, հեռանում օտար երկրներ, յուսահատութիւնն ու անարդարութիւնը մեծ է երկրում, ես չկարողացայ անտարբեր մնալ, ես չուզեցի մի կողմ քաշուել ու ապրել միայն ինձ համար: Սա է քաղաքական դաշտում լինելու իմ միակ դրդապատճառը:

ՀԱՐՑ.- Բայց ձեր բարձր ժողովրդականութիւնը, բարձր վարկանիշը պարտաւորեցնող են, եւ գաղտնիք չէ, որ հասարակութեան եւ քաղաքական դաշտի զգալի հատուածը առաջիկայ փոփոխութիւնները կապում են նաեւ ձեր անձի հետ:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Ընդհանրապէս մարդու հեղինակութիւնն ու յարգանքը ձեռք է բերւում աշխատանքով ու կենսագրութեամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարուել, քաղաքական գործընկերների հետ յարաբերութիւններում պայմանաւորուածութիւններ չխախտել:
Եւ երեւի ամենակարեւորը՝ ես չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ես իշխանութիւն չեմ ուզում, որ փող աշխատեմ, հարստութիւն դիզեմ, իմ բարեկամներին աշխատանքի տեղաւորեմ:
Ես շատ լաւ գիտեմ մեր երկրի պրոբլեմները, ես փայլուն գիտեմ մեր երկրի տնտեսութիւնը, ես շատ լաւ պատկերացնում եմ ժողովրդի հիմնական խնդիրները: Եւ վերջապէս՝ ես պատկերացնում եմ, թէ այդ հարցերից շատերը քայլ առ քայլ ինչպէս պէտք է լուծել: Ես լաւ գիտեմ Սփիւռքի գործարար հնարաւորութիւնները, եւ գիտեմ, թէ ինչպէս պէտք է դա ի շահ մեր երկրի օգտագործել, ես գիտեմ, թէ ինչպէս կարելի է օտարերկրեայ խոշոր ներդրումներ բերել Հայաստան ու նոր աշխատատեղեր, նոր հնարաւորութուններ ստեղծել երկրում:

ՀԱՐՑ.- Կոնկրետ ի՞նչ քայլեր էք պլանաւորում դուք եւ ԲՀԿն:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Նախ, ես հպարտ եմ, որ կարողացել եմ ձեւաւորել գրագէտ քաղաքական թիմ ԲՀԿում, եւ այսօր ԲՀԿի բարձր հեղինակութիւնը պայմանաւորուած է նաեւ այդ մարդկանց աշխատանքով: Նշեմ, որ մեր կուսակցութեան մէջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ: Եւ որոշումները կայացւում են հէնց այդ մթնոլորտում խնդիրները քննարկելուց յետոյ: Եւ մենք կարեւորում ենք նոյնանման քննարկումները այլ քաղաքական ուժերի եւ հասարակական խմբերի հետ:
Մօտակայ ժամանակներում ես պլանաւորում եմ (ծրագրում են-Խմբ.) քաղաքական հանդիպումների եւ խորհրդակցութիւնների մեծ փուլ՝ քաղաքական կուսակցութիւնների, հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ: Ես կարծում եմ, որ հիմա կայ նման հանդիպումների անհրաժեշտութիւնը: Եւ ակնյայտօրէն կայ նման ցանկութիւն շատերի մօտ:
Ես չեմ ուզում բացել փակագծերը, բայց այս հանդիպումները շատ կարեւոր են՝ մօտեցումների յստակեցման, տեսակէտների փոխանակման եւ առաջիկայ անելիքների քննարկման համար:

ՀԱՐՑ.- Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրւում է սահմանադրական փոփոխութունների հարցը: Ձեր տեսակէտը ո՞րն է:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Ես լուրջ չեմ համարում խօսել մի բանի մասին, որը դեռ չկայ, յայտնի չէ: Պարզ չէ՝ խօսքը ինչ փոփոխութիւնների մասին է: Երբ կը լինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կը լինեմ բոլոր հարցերին պատասխանելու:

ՀԱՐՑ.- Բայց սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի անդամները, իրենց ասելով, ժողովրդի հետ տարբեր մարզերում քննարկումներ են անում:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Այսինքն՝ ձեր ասած յանձնաժողովի անդամները գնացել են գիւղեր՝ բերքահաւաքի, աշխատանքների ամենախառը փուլում, երբ գիւղացին չունի սերմնացու, տեխնիկա, վառելիք, կարկուտից հսկայական վնասներ է կրել, բանկերում գրաւ է դրել իր տունն ու հողը, ու ասել են՝ սիրելի գիւղացի, դրանք բոլորը կարեւոր չեն, ամենակարեւորը սահմանադրութի՞ւնն է: Թող քո երեխան ու ծնողը սոված լինեն, դեղի, հագուստի փող չունենան, բայց դրանք մի կողմ դիր, արի իրար հետ քննարկենք Սահմանադրութիւնը: Այդպէ՞ս է եղել: Սա լուրջ չէ:
Թէ՞ գնացել են քննարկելու ադրբեջանական բանակի կողմից գնդակոծուող գիւղերում: Թէ՞ աղէտի գօտում են քննարկել, թէ՞ աւտոկայաններում ու օդանաւակայնում են քննարկել, որտեղից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են: Սահմանադրութիւնը լուրջ խնդիր է, ես ոչ մէկին խորհուրդ չեմ տայ՝ անլուրջ վերաբերուել այս հարցին: Սուտ քննարկումներ, սուտ պատկեր չի կարելի ստեղծել:
Եթէ իշխանութիւնները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ «Բարգաւաճ Հայաստանը» նոյնպէս կը քննարկի՝ դահլիճներում եւ հրապարակներում: Մենք կը վերցնենք ամենալաւ դահլիճները, կը հրաւիրենք քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպութիւններին, իշխանութիւններին, կը քննարկենք, մեր փաստարկները կը բերենք, կը լսենք ուրիշներին:
Այդ դէպքում ես կ՛ունենամ բարոյական իրաւունք՝ հրաւիրելու ժողովրդին հանրահաւաքների՝ մարզերում, Երեւանում: Կը ներկայացնեմ մեր մօտեցումները, մարդկանց կը լսեմ: Այն ժամանակ էլ՝ ինչպէս ժողովուրդը որոշի, այնպէս էլ կ՛անենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դէպի լաւը փոփոխութեան, բայց ոչ՝ վերարտադրման:

ՀԱՐՑ.- Սովորաբար, երբ ձեր քաղաքական հակառակորդները ձեր դէմ որեւէ վատ բան են ուզում գրել կամ ձեր շուրջ անվստահութիւն առաջացնել՝ ասում են, որ դուք երբեմն հանդիպումներ էք ունենում իշխանութեան որոշ ներկայացուցիչների հետ: Եկէք խօսենք դրա մասին եւ այս հարցը մէկընդմիշտ փակենք:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Ես հանդիպումներ եմ ունենում շատ շատերի հետ: Թէ՛ արմատական ընդդիմութեան հետ, թէ՛ հասարակական ակտիւիստների, թէ՛ քաղաքագէտների, առաջին եւ երկրորդ նախագահների, Հայաստանում հաւատարմագրուած դեսպանների հետ: Ես հանդիպումներ ունենում եմ նաեւ իշխանութեան որոշ ներկայացուցիչների հետ, եւ ես դա համարում եմ շատ կարեւոր: Օրինակ, ես չէի կարող սահմանի լարուածութեան ժամանակ չզանգել պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին, չհետաքրքրուել իրավիճակով եւ չյայտնել իմ պատրաստակամութիւնը՝ ցանկացած հարցով աջակցելու:
Ես անհրաժեշտութեան դէպքում հանդիպում եմ Սերժ Սարգսեանին: Իրենից եմ ճշդում իր տեսակէտները որոշ խնդիրների նկատմամբ, ներկայացնում եմ իմը: Ձեւակերպում եմ իմ մտահոգութիւնները տարբեր հարցերի շուրջ: Մենք նոյն երկրում ենք ապրում, մի փոքր երկրում, որն ունի բազմաթիւ խնդիրներ: Եւ քննարկելն աւելի լաւ է, քան չքննարկելը: Չքննարկելուց երկրի ու ժողովրդի համար ոչ մի խնդիր չի լուծւում:
Ես դէմ եմ, որ այսօր որոշ մարդիկ նեղ անձնական նպատակների համար, ինչ որ մէկին դուր գալու համար վիրաւորում ու վարկաբեկում են մեր երկրի առաջին ու երկրորդ նախագահներին: Հիմա Սերժ Սարգսեանի պաշտօնավարման վերջին ժամկէտն է: Նա դրանից յետոյ իրաւունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղուելու: Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցէին չարախօսեն ու յետեւից խօսեն: Ես ուզում եմ՝ մէկընդմիշտ այդ աւանդոյթը վերանայ: Պէտք է ունենալ խիզախութիւն՝ այդ աւանդոյթը կոտրելու:
Երբ ես ասում եմ միմեանց վիրաւորելու, վարկաբեկելու անթոյլատրելիութեան մասին, հասկանալի է, որ ես նկատի չունեմ քննարկելը, բանավիճելը, տարբեր տեսակէտներ ու մօտեցումներ ունենալը, քննադատելը: Բայց դա պէտք է լինի առարկայական, փաստերով: Ես պատրաստ եմ ինքս լսել ու ընդունել ցանկացած հիմնաւոր հակառակ կարծիք ու քննադատութիւն:

ՀԱՐՑ.- Իմ վերջին հարցը վերաբերում է ոչ իշխանական ուժերի քառեակի հեռանկարին: Դուք լաւատե՞ս էք, թէ ոչ այնքան: Եւ որո՞նք են լինելու անձամբ ձեր քայլերը:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ.- Ես հարցին նայում եմ մի փոքր այլ տեսանկիւնից: Կայ հնարաւորութիւն՝ խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. ու դա շատ լաւ է: Չի լինի նման հնարաւորութիւն, ողբերգութիւն պէտք չէ սարքել: Այդ դէպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿն կ՛աշխատի երկկողմ յարաբերութիւնների մեխանիզմով:
Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա որքան էլ ես կարեւորեմ քաղաքական ուժերի հետ յարաբերութիւնները, ես ամէնից առաջ կարեւորում եմ ԲՀԿի դերի ու վարկանիշի բարձրացումը, ԲՀԿի ուժեղացումը: Կան ներքին որոշումներ, կան յանձնարարականներ այդ ուղղութեամբ, կայ մշակուած ծրագիր, որով մենք շարժուելու ենք, եւ որը է՛լ աւելի է ուժեղացնելու Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը:

zham.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here