Սահմանադրությունը երկրի զարգացման հետ կապ չունի. Օսկանյան

0
156

Սահմանադրական բարեփոխումների հարցը վերջինն է, որ պետք է քննարկվի, որովհետև Սահմանադրությունը երկրի զարգացման հետ բացարձակապես կապ չունի: Այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը:

Նրա խոսքով՝ աշխարհում չկա վատ Սահմանադրություն, կա դրա դրույթների վատ կիրառում: Օսկանյանը նշեց, որ Հայաստանում ներկայում սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները նախևառաջ սոցիալ-տնտեսական են, և կենտրոնացումը դրա վրա պետք է լինի: Նա ընդգծեց ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի անվստահության և իշխանությունների օրինակարգության խնդիրները:

«Երկրում իրավիճակն իսկապես ծանր է: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ժողովրդի համար ամենակարևորը իր հանապազօրյա հացի խնդիրն է, արտագաղթի չափերն արդեն ահագնացող են: Այս պայմաններում սահմանադրական բարեփոխումները դարձնել առաջնային, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց նա:

Օսկանյանը համոզված է, որ այդ բարեփոխումները կնպաստեն Հայաստանի քաղաքական համակարգում առկա արատավոր երևույթների խորացմանը: Որպես օրինակ նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նշված կետերի համաձայն՝ խորհրդարանում պետք է ապահովվի քաղաքական մեծամասնություն և նվազագույնի հասցվի իրենց ցուցակներում քաղաքական կուսակցությունների առաջնորդների կամ նրանց դերը, ովքեր կներկայացնեն իրենց կուսակցությունը խորհրդարանում: «Սա նշանակում է՝ կուսակցություններն իրենց ցուցակներն ունենում են, բայց ընտրության ժամանակ ընտրողն արդեն վարկանիշային է ընտրում: Այսինքն՝ եթե մի փողատեր ցուցակում 120-րդ տեղում է, նա արդեն ոչ միայն իր թաղում կամ մարզում պետք է փող բաժանի, որ ընտրվի, այլ արդեն ողջ հանրապետությունում: Նա կարող է 120-րդից հայտնվել 3-րդ տեղում: Սա քողարկված մեծամասնական համակարգի անցում է: Սա նշանակում է, որ մեծամասնական համակարգը մենք սահմանադրորեն ենք ամրագրում: Ստացվում է՝ մեր քաղաքական համակարգում երկու ամենաարատավոր երևույթները ամրագրվում են Սահմանադրությամբ։ Այսօր, երբ մեզ մոտ ստեղծվել է իրավիճակ, որ մեկ կուսակցություն ունի քաղաքական մենաշնորհ, դա օրենքների կամ Սահմանադրության արդյունք չէ: Դա անօրինության, ընտրակեղծիքների արդյունք է»,- ասաց նա:

Օսկանյանի պնդմամբ՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով մենաշնորհային տարրերը սահմանադրական նորմ են դառնալու, և երկրում կհաստատվեն ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային կարգեր:

Անդրադառնալով կառավարության կողմից քառյակի 12 կետերը չկատարելու հարցին՝ Օսկանանը նշեց. «Կառավարությունը չի կարողանում իրականացնել 12 կետերը: Չեմ ասում՝ չի ցանկանում: Ես գիտեմ, որ վարչապետի մոտ ցանկություն եղել է: Բայց այսօր կառավարության առաջ մի ամուր պատ է հյուսվել: Այդ պատն այս տարիների ընթացքում տարբեր գործոնների սերտաճումն է, և ցանկացած կառավարություն գալիս ու բախվում է դրան: Մեր խնդիրն է ճեղքել այդ պատը»:

Օսկանյանի համոզմամբ՝ ոչ իշխանական քառյակի առաջիկա հանրահավաքի գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի ժողովրդի հետ միասին այդ պատը ջարդելը, ճեղքելը: Իսկ թե ինչ դրսևորում կունենա այդ պատի ջարդելը, նրա խոսքով, պետք է որոշի ժողովուրդը:

Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական կուսակցությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ քաղաքական հանդիպումների և խորհրդակցությունների մեծ փուլ սկսելու մասին հայտարարությունը՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Ծառուկյանն էությամբ այնպիսի մարդ է, որը սիրում է կիսվել: Նա իշխանությունը կիսելու խնդիր չունի և կիսելու է այն: Քառյակը դրա վառ օրինակն է: Այն, ինչ ԲՀԿ-ն անում է քառյակի հետ միասին, կարող էր անել նաև միայնակ, և դա փաստ է: Բայց մենք ուզում ենք կիսվել»:

Օսկանյանն ասաց, որ ԲՀԿ-ին վեց նախարարական պորտֆել, մարզպետի մի քանի և բազմաթիվ այլ պաշտոններ են առաջարկվել, բայց Ծառուկյանը մերժել է: «Եթե մենք կարողանանք ընտրություններին հաջողության հասնել՝ պահպանելով այդ միասնականությունը, և ժողովրդի առաջ հանդես գանք՝ որպես նախօրոք որոշված կոալիցիոն կառավարություն, ես հարյուր տոկոս համոզված եմ, որ հաղթանակը քառյակինն է լինելու»,- ասաց նա:

Նախկին արտգործնախարարը մեկնաբանեց նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը և նրան ՀՀ նախագահի հրավերի հանձնումը (2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա գտնվելու):

«Իմ մտքով նման բան չէր անցնի: Նույնիսկ եթե ինձ նման բան հանձնարարվեր, ես դա չէի անի: Եթե արդյունք տա, շատ լավ է: Նախ հարցական է՝ Էրդողանին պե՞տք էր հրավիրել, թե՞ չէ, մյուսը՝ պե՞տք էր արդյոք արտգործնախարարի մակարդակով գնալ Թուրքիա, թե՞ չէ… Էրդողանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հիմնական խոչընդոտն է: Այդ մարդը ընտրվել է նախագահ, մենք նրան շնորհավորելու ուղարկում ենք մեր առաջին դիվանագետին, և առանց դեմ առ դեմ հանդիպման, ոտքի վրա, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հրավեր ենք հանձնում: Նորից եմ ասում՝ ես դա չէի անի»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here