ԿԵՍ ՏԱՐԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ԱՐՎԱԾՆ ՈՒ ՉԱՐՎԱԾԸ

0
157

Շուտով կլրանա կես տարին, ինչ հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նոր վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Դա գուցե մեծ ժամանակ չէ նոր վարչապետի կամ կառավարության գործունեության էական արդյունքներ արձանագրելու համար, բայց բավարար է այս ժամանակահատվածում կատարվածին անդրադառնալու տեսակետից:

Փոխզիջում` պարտադիր կուտակայինի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների տուգանքների մասով

Եվ այսպես, առաջին լուրջ խնդիրը, որը շարունակվում էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու պահին, որոշակի շրջանակների դժգոհությունն էր կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգից: Նոր կառավարությունը մշակեց այս համակարգի փոխընդունելի եւ փոխզիջումային տարբերակ:

Համաձայն նոր տարբերակի, մասնավոր համակարգում աշխատող 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը հետաձգվեց երեք տարով, պետական հատվածում աշխատողների համար այն պահպանվեց, բայց գործարկվեց աշխատավարձերի բարձրացումից հետո: Սա որոշ չափով նահանջ էր նախորդ տարբերակի համեմատ, բայց ավելացան նոր դրույթներ, որոնք սոցիալական ավելի մեծ երաշխիքներ էին խոստանում: Մասնավորապես, 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում ավելացվեց պետական համաֆինանսավորումը, 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ սահմանվեց 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճարը պահպանվեց, բայց եկամտային հարկից հանելու միջոցով եւ այլն:

Այս փոփոխությունների արդյունքում կուտակային համակարգի դեմ արտահայտվողների դժգոհության պատճառները փաստացի վերացան:

Հովիկ Աբրահամյանի վարչապետության սկիզբը համընկավ եւս մեկ դժգոհության հետ, որն առնչվում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չափերին: Հասարակության մի մասի կարծիքով, դրանք գումարային առումով չափից դուրս խիստ էին: Կառավարության կողմից մշակվեցին եւ հուլիսի 26-ից ուժի մեջ մտան ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փոփոխված տուգանքների չափերը, որտեղ որոշ խախտումների համար տուգանքների չափերը մեղմացան եւ ավելի ճկուն դարձան:

Այցելություններ մարզեր եւ գյուղական խնդիրներ

Նկատելի է, որ որպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջնահերթություն է համարում տեղերում իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզային այցելությունները եւ կոնկրետ գյուղերում կոնկրետ խնդիրների լուծման քայլերի իրականացումը: Վարչապետ նշանակվելուց հետո նա եղավ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, այցելեց մարզերում գործող ձեռնարկություններ` հիմնականում գյուղմթերքի վերամշակման, բազմաթիվ գյուղերում հանդիպեց ու լսեց հազարավոր բնակիչներին հուզող խնդիրների մասին: Շատ գյուղերում պահանջները նույնն էին` տրակտորի կամ կոմբայնի տրամադրում, ոռոգման նոր ջրագծի բացում, ուսանողների ուսաման վարձերի փոխհատուցում, դպրոցի կամ մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, գյուղական ճանապարհների նորոգում, գյուղմթերքների մթերման գնի բարձրացում եւ այլն: Սրանց մեծ մասի վերաբերյալ գյուղացիներին տված վարչապետի խոստումները կառավարության որոշումներով լուծվեցին, իսկ մնացածների համար տարբերակները քննարկվում են: Արժե հիշատակել սահմանամերձ գյուղերում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու վարչապետի նախաձեռնությունը, որի դեպքում այստեղ գործող տնտեսվարողները կազատվեն առաջացող հարկերից:

Երկու արմատական փոփոխություն հարկային համակարգում

Կառավարության հաստատած հարկային օրենսդրության երկու կարեւոր փոփոխություններն ուղղակիորեն անդրադառանալու են տասնյակ հազարավոր մարդկանց:

Առաջինի համաձայն, Հայաստանում սահմանվելու է նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակն այն ձեռներեցների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը: Նրանք ընդհանրապես կազատվեն հարկերից: Այս փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հատկապես մարզերում ընտանեկան փոքր բիզնեսով զբաղվողների վրա, որոնց շրջանառությունը փոքր է եւ նրանց համար ապրուստի խնդիրը լուծելու նպաստավոր պայմաններ կստեղծի:

Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների վրա էլ դրական ազդեցություն կունենա շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից 1 տոկոսի իջեցնելը: Միաժամանակ, հարկ է նշել, որ տնտեսական առումով ճիշտ կլիներ առաջին հերթին իջեցենել արտադրողների եւ ծառայություններ մատուցողների 5 տոկոս կազմող շրջանառության հարկը, ապա նոր անցնել առեւտրականներին, քանի որ արտադարությունն ու որոշ առումով նաեւ ծառայություններն են արժեք ստեղծում, այլ ոչ թե առեւտուրը: Հուսանք, որ դա տեղի կունենա եկող տարի:

Մնում է միայն ավելացնել, որ վերոնշյալ հարկային փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերի 1-ից:

Խոշոր բիզնեսին ուղղված ստվերից դուրս գալու առաջարկը

Վարչապետ նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանի առաջին քայլերից մեկը խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որտեղ վարչապետն առաջարկեց նրանց ինքնակամ դուրս գալ ստվերից եւ դրա համար ժամկետ նշանակեց մինչեւ հուլիսի 1-ը:

Հանդիպմանը հաջորդած ամիսներին մի քանի հարյուր տնտեսվարողներ որոշ չափով փոխեցին եւ բարելավեցին իրենց ներկայացրած ցուցանիշները: Մոտ 1200 ռիսկային ընկերություններ, որոնք նման քայլի չգնացին, ֆինանսների նախարարության կողմից առանձնացվեցին եւ նրանց նկատմամբ օրենքով նախատեսված լծակներ սկսեցին կիրառվել: Հարկային ցուցանիշների բարելավման արդյունքներն արդեն նկատելի են, բայց դեռեւս դժվար է ասել, թե որքանո՞վ շարունակական եւ արմատական կլինի կառավարության այս քաղաքականությունը եւ որքանո՞վ հաջողված: Հատկապես, որ նոր կառավարության առաջին իսկ նիստում ընդունվեց խոշոր բիզնեսի թափանցիկ գործունեությանը նպաստող պարտադիր աուդիտի վերացման եւ այն կամավոր հարկային ստուգման համակարգով փոխարինելու մասին որոշումը, ինչը, մասնագետների գերակշիռ մասի կարծիքով, սողանցքներ է թողնում ստվերային գործունեության ավելացման համար:

Բիզնես միջավայրի բարելավում խոստացող նոր նախագծեր

Առաջիկայում կառավարությունը քննարկման է դնելու մի քանի նոր առաջարկներ, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի բիզնես միջավայրը: Դրանցից մեկը նպատակ ունի խթանել ներդրումները: Համաձայն դրա, առաջարկվում է նվազեցնել ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծությունը, որը ներկայումս 300 մլն դրամ է:

Շինարարության աշխուժացման համար, անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները կնվազեցվեն վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Այսինքն, եթե տվյալ ֆիզիկական անձը կատարել է եկամտային հարկի գծով իր հարկային պարտավորությունները, ապա բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարները նրան հետ կվերադարձվեն:

Նախատեսվում է նաեւ ամբողջությամբ անցում կատարել հարկային հաշիվների եւ այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին, ինչը մի շարք դրական հետեւանքներ կունենա տնտեսվարողների համար: Մասնավորապես, հնարավորություն կտա վերացնել առաքումների գրանցման համար գիրք պահելու, թղթային եղանակով դուրս գրվող ու ստացվող հարկային հաշիվների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջները, վերոնշյալ տեղեկությունները չներկայացնելու դեպքում ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու արգելքը: Սա միաժամանակ էականորեն կնվազեցնի թղթային հարկային հաշիվների «կորստի» կամ այլ եղանակներով հարկումից խուսափելու հնարավորությունները:

Հիմնականում սրանք էին կառավարության վեցամսյա գործունեության նկատելի քայլերն ու առաջիկայում նախատեսված միջոցառումները: Հետագա գործունեությանը ժամանակային կտրվածքով վերստին կանդրադառնանք` ներկայացնելով արվածն ու չարվածը, դրականն ու բացասականը:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here