ՆՈՐ ՕՍՄԱՆԻԶՄԸ ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ

0
185

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ինչքան էլ լրագրողներն ու գիտնականները հարցականի տակ դնեն եւ արհամարհեն 21-րդ դարի քաղաքական իրականության մեջ Օսմանյան կայսրությունը վերականգնելու թուրք ղեկավարության երազանքը, միեւնույն է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմետ Դավութօղլուն եւ նրա «բոսը»ՙ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարծես հաստատակամ են իրագործելու իրենց փառամոլական ծրագիրը:

Դավութօղլուն առիթը բաց չի թողնում փառաբանելու Օսմանյան կայսրությունը որպես այլազգիների նկատմամբ բարյացակամ եւ հանդուրժող իշխանություն, առանց կարծիքը հարցնելու այն ազգությունների եւ խմբակցությունների, որոնք տառապել են այդ «բարյացակամությունից» եւ «հանդուրժողականությունից»:

Նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը վարչապետությանը հրաժեշտ տալու ճառ արտաասանեց եւ գովաբանեց իր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ձեռքբերումները վերջին 12 տարիների ընթացքում: Նա նաեւ խոսեց իր ծրագրերի մասին ստեղծելու «մի նոր Թուրքիա», առաջ շարժվելու դեպի «սրբազան նվաճումներ», որոնք առավել բարգավաճ, բարեպաշտ եւ ազդեցիկ կդարձնեն երկիրը:

Այս ծրագրում, անշուշտ, կարեւոր դեր ունի խաղալու Դավութօղլուն, չնայած «Էկոնոմիստը» ստվեր է գցում նրա փառասիրությունների վրա: Օգոստոսի 31-ի համարում լոնդոնյան շաբաթաթերթը գրում է. «Դիվանագետ դարձած գիտաշխատողին քննադատում են հարեւանների հետ «զրոյական խնդիրներ» ունենալու իր ձախողված քաղաքականության համար»: Իսկ մի փոքր ներքեւում շարունակում է. «Դավութօղլուի գործունեությունը ուսումնասիրած գիտաշխատող Բեհուլ Օզկանը նշում է, որ նա իրեն «անսխալական» է համարումՙ «պատմություն կերտողի դերում, որի Մերձավոր Արեւելքից մինչեւ Բալկաններ ձգվող թուրքական ազդեցությամբ սուննի մահմեդական իշխանություն հիմնելու երազանքը փուչ է»:

Կարեւորություն չտալով վերոնշյալ խոսքերին, Էրդողան-Դավութօղլու «թիմը» շարունակում է քաղաքական իր գիծը: Այսօր ոչ մի խնդիր Բալկաններում չի լուծվում առանց Անկարայի համաձայնության, մասնակցության կամ օրհնության: Որպես նախագահ Բաքու կատարած իր առաջին այցելության ավարտին, նախագահ Ալիեւի հետ տված մամլո ասուլիսի ընթացքում Էրդողանը խոստացավ, որ Կովկասում քաղաքական հարցերի օրակարգը Թուրքիան եւ Ադրբեջանն են թելադրելու:

Իր քաղաքական կողմնորոշումները հստակեցնելու նպատակով Էրդողանը այցելեց երկու պայթյունավտանգ տարածաշրջաններՙ միայն Թուրքիայի կողմից ճանաչված այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն եւ Ադրբեջան: Կիպրոսում, արհամարհելով միջազգային կարծիքն ու իրավունքի նորմերը, նա իր աննկուն կամքն արտահայտեց նեցուկ կանգնելու 1974 թվին թուրքական զորքերի կողմից առգրավված տարածքների պաշտպանությանը:

Կիպրոսի եւ Իսրայելի միջեւ վերջին շրջանում նկատվող մերձեցումը դժվարացնում է այդ խնդիրը, իսկ արեւելյան Միջերկրականի տարածքներում գազի պաշարների միասնական շահագործման իսրայելա-կիպրական պայմանագիրը ուղղակի զայրացնում է նրան:

Կիպրական եւ ղարաբաղյան հակամարտությունները իրենց բնույթով տարբեր են, բայց ունեն նաեւ նմանություններ:

Թուրքիան նույն խնդրին երկու տարբեր, հակադիր մոտեցումներ է կիրառում: Մի կողմից պաշտպանում է Կիպրոսում ապրող թուրքերի ինքնորոշման իրավունքը, մյուս կողմից մերժում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Միջազգային հանրությունն էլ ընդունում է այդ քաղաքականությունը եւ նույնիսկ փորձում արդարացնել այն:

ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանն ու Եվրոմիության անդամ Կիպրոսը դեռ երկար են սպասելու, որ այդ երկու կազմակերպությունները միջոցներ ձեռնարկեն ընդդեմ Թուրքիայի: Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին եւ պաշտպանության նախարար Չակ Հեյգլը Անկարա ժամանեցին վերջերս աջակցություն խնդրելու Թուրքիայից ամերիկացի լրագրողներին գլխատող ISIS ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու գործում, իմանալով հանդերձ, որ ISIS-ը հենց Թուրքիայի ստեղծած խմբավորումն է: Այդ ահաբեկչական խմբավորման անդամները Թուրքիայում են վերապատրաստվել եւ զինվել: Ապա թույլատրվել են սահմանն անցնելով մտնել Սիրիա եւ Իրաք: Հալեպում բազմաթիվ հայեր են տուժել նրանց կրակոցներից: Հակառակ ISIS-ի աշխարհում առաջացրած զայրույթին, Թուրքիան դեռեւս տատանվում է մասնակցել բարբարոսությանը վերջ տալու նպատակով տեղեկատվության փոխանակման արշավին: «Ռոյթեր» գործակալության հոդվածներից մեկում կարդում ենք. «Թուրքիայի երկընտրանքային դիրքորոշումը որոշակի մարտահրավեր է Քերրիի համար, որ փորձում է տեղեկատվության ակտիվ փոխանակում իրագործել տարածաշրջանում տարբեր շահեր հետապնդող պետությունների միջեւ»: Նույն հոդվածում, Լիհայ համալսարանի դասախոս եւ պետքարտուղարության քաղաքականության ծրագրման բաժնի նախկին աշխատակից Հենրի Բարքին կանխատեսում է, որ «նրանք չեն թույլատրելու օգտագործել Ինջիրլիքի ամերիկյան օդային բազանՙ մահացու հարվածներ հասցնելու համար»:

Մ. Նահանգներն ու Արեւմուտքն ընդհանրապես այնքան են զինել Թուրքիային, որ նա իրավամբ պարծենում է ՆԱՏՕ-ի կառույցում Մ. Նահանգներից հետո ամենամարտունակ բանակն ունենալու իր հանգամանքով: Նրանք նաեւ այնքան են օժադակել նրա տնտեսության զարգացմանը, որ այսօր Անկարան իր անկախ քաղաքականությունը կարող է վարել առանց հաշվի առնելու իր դաշնակիցների կարծիքները: Հենց Թուրքիայի նման անվստահելի գործընկերների պատճառով է, որ Մ. Նահանգները չի կարողանում ISIS-ի առաջընթացը կանխելու արդյունավետ քաղաքականություն մշակել:

Նախագահ Օբամայի տատանումները առիթ էին տվել իր ընդդիմադիրներին եւ լրագրողներին քմծիծաղով վերաբերվել նրա «թիկունքից առաջնորդել», «դեռեւս մարտավարություն չունենք» եւ նման արտահայտություններին: Բայց պետք է հաշվի առնենք, որ նման քաղաքականությունը իր մեջ թաքցնում էր Իրանին ներքաշելու կռվի մեջ, քանի որ տվյալՙ այսինքն ISIS-ին ոչնչացնելու պարագայում ամերիկյան եւ իրանյան շահերը համընկնում էին: Բայց այս անգամ «թշնամուս թշնամին դեռեւս մնում է իմ թշնամին»: Մ. Նահանգները Իրանին ցանկանում է ներքաշել հակամարտության մեջ, որպեսզի է՛լ ավելի հյուծի նրանՙ լավ իմանալով, որ նա արդեն խորապես ներգրավված է Սիրիայում ընթացող կռիվների մեջ:

Եթե հավատանք լրագրող Իգոր Մուրադյանին, որին կարծես հասու են քաղաքական բանսարկային աղբյուրները, Թուրքիան շահավետ է դուրս գալու մեկ ուրիշ քաղաքական անսպասելի հաջողությունից: «Lragir.am» կայքի սեպտեմբերի 4-ի «Թուրքիան չի ննջում: Ռուսաստանի մասնատման ծրագիրը» խորագրի ներքո գրության մեջ նա տեղեկացնում է Ուկրաինայում կայացած գաղտնի մի հավաքույթի մասին: «Օգոստոսի վերջին Հարավային Ուկրաինայի հրաշալի քաղաքներից մեկում կազմակերպվել էր կոնֆերանս բավական տարօրինակ օրակարգով: Այդ համաժողովին մասնակցել է փորձագետների մի մեծ խումբ Թուրքիայից, ինչպես նաեւ Ադրբեջանից, Թաթարստանից, Չուվաշիայից, Գագաուզիայից, Ղրիմից, Պովոլժիեի ու Հյուսիսային Կովկասի հանրապետություններից ու համայնքներից»:

Օրակարգում ընդգրկված էին Սեւծովյան տարածաշրջանում Մ. Նահանգների եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության, Ղրիմի թաթարների եւ Ռուսաստանի դաշնության հնարավոր մասնատման հարցերը: Եթե Խորհրդային կայսրության փլուզումը աներեւակայելի էր, բայց տեղի ունեցավ, ոչ մի բան չի կարելի բացառել մերօրյա քաղաքական մթնոլորտում: Նախագահ Պուտինը Խորհրդային Միության անկումը բնութագրել էր «20-րդ դարի ամենաաղետաբեր աշխարհառազմավարական ողբերգությունը»:

Խորհրդային Միությունը փլուզվեց, որովհետեւ համակարգը ինքը ցանել էր ինքնաքայքայման սերմերը, որոնք, անշուշտ, ծիլ տվեցին կայսրության արտաքին թշնամիների ներգործության պայմաններում:

Ռուսաստանի դաշնության մասնատման դեպքում Ադրբեջանից մինչեւ Կենտրոնական Ասիա ձգվող թյուրքական ազգությունների մի գոտիՙ տարածք է ստեղծվելու, որտեղ հնարավոր է լինելու կազմավորել նոր Օսմանյան կայսրությունը, Էնվեր փաշայի երազանքը, որը նա չկարողացավ իրականացնել, որովհետեւ սպանվեց Բուխարայում:

Այսօր, երբ դարձյալ փչում են սառը պատերազմի քամիները, կարող են սրվել դաշնության մեջ գոյություն ունեցող թերությունները: Ծնելիության անկումի հետեւանքով սլավոնական ժողովուրդների թվաքանակը նվազում է, իսկ իսլամական խմբավորումների թվաքանակը արագորեն աճում: Պուտինը հազիվ թե կարողանա զսպել Չեչնիայում մխացող լարվածությունները:

Ենթադրվում է, որ խժդժությունները կթափանցեն նաեւ Չուաշիա: Բոլորը նկատեցին, որ ղրիմյան հանրաքվեի ժամանակ թաթարներն էին, որ ամենից շատ դեմ էին Ռուսաստանի հետ Ուկրաինայի այդ մասի միավորմանը: Թաթարները թշնամանքի իրավական հիմքեր ունեն, քանի որ դարեր շարունակ իշխել են Ղրիմում, երբեմն կրելով Օսմանյան իշխանության լուծը, որը տարածվել էր մինչեւ Ղրիմ: Դավութօղլուն հրապարակայնորեն պաշտպանեց թաթարներին որպես նախկին օսմանյան հպատակների եւ դաշնակիցների:

Տասնիններորդ դարում երկու գլխավոր պատերազմներ մղվեցին Ռուսաստանյան եւ Օսմանյան կայսրությունների միջեւ: Թաթարները նույնիսկ հանրապետություն ունեին խորհրդային իշխանության օրերին (1921-1944 թթ.), մինչեւ որ Ստալինը 238,500 թաթարների տարագրեց դեպի Կենտրոնական Ասիա, որովհետեւ գերմանացիների կողմից Ղրիմի գրավման տարիներին (1941-1944 թթ.) նրանք համագործակցել էին նացիստների հետ: Դա նպաստեց ռուսների (էթնիկական) հեղինակության բարձրացմանը թերակղզում: Խրուշչովը 1954-ին այդ մարզը կցեց իր ծննդավայր Ուկրաինային, իսկ Պուտինը այս տարի վերամիավորեց այն Ռուսաստանին:

Ռուսաստանի Դաշնության մեջ գտնվող մահմեդականների անհանգիստ խմբավորումներին զուգահեռ, անհանգիստ մթնոլորտ է նկատվում նաեւ Մաքսային Միությունումՙ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ: Պուտինը այդ Միությունը ցանկանում է ստեղծել որպես Եվրոմիությանը հակադիր մի կառույց:

Այս խառնիճաղանջ խնդիրներին գալիս է ավելանալու այն փաստը, որ Ռուսաստանի հեռավոր արեւելյան շրջանները, իրենց բնական ռեսուրսներով հանդերձ, գնալով ամայանում են, բնակչությունից զրկվում: Իսկ դա իր հերթին ճանապարհ է հարթում, որ այնտեղ չինացիներ հաստատվեն: Չինաստանը մի օր կարող է քաջալերել այդ շարժումը, ինչպես Պուտինն է պաշտպանում Ուկրաինայում եւ «մերձավոր արտասահմանում» ապրող ռուսների շահերը:

Սա իհարկե բավական մռայլ մի սցենար է, որը գրգռում է Էրդողանի ախորժակը: Նրան վերջերս Ադրբեջանում ողջունում էին որպես «նոր օսմանիզմի չափանիշները կրողի»:

Կարծես խորհրդային իշխանության լուծը բավական չէր, հիմա էլ նոր օսմանիզմի վտանգն է ուրվագծվում Հայաստանի սահմանների երկայնքով:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here