ՔԱՌՅԱԿ, ԹԵ՞ ԵՌՅԱԿ` ՀՍՏԱԿԵՑՈՒՄԻՑ ՉԵՍ ՓԱԽՉԻ

0
139

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Կամ` դեռ չլուծված հարցերը որոշ ժամանակ էլ կհետաձգեն անդամակցության տեխնիկական` ստորագրման կողմը, բայց քաղաքական որոշումը կվերահաստատվի (որոշ տեղեկություններով` գուցե նաեւ հոկտեմբերի 9-ին), նայած ԵՏՄ խորհրդի անդամ երկրներն ինչպես կպահեն իրենց: Այս պահին արժեզրկվում է ռուսական ռուբլին, որը նոր խնդիրներ է առաջացնելու բոլորի, այդ թվում` Հայաստանի համար, եւ ընդհանրապես` ամեն օր առաջացող նորանոր հանգամանքները միշտ էլ կարող են փոփոխություններ մտցնել ժամկետներում եւ ծրագրվածում:

Հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական քառյակի երեք կուսակցությունները, բացի ՀՅԴ-ից, հանրահավաք են անցկացնում` կառավարությանը ներկայացրած պահանջների կատարմանն անդրադառնալու նպատակով: Նախորդել են Ծառուկյան- Տեր-Պետրոսյան հանդիպումը, Ծառուկյանի հարցազրույցը սեփական լրատվամիջոցին` որոշակի մեսիջներով:

Հարցերն առաջանում են ինքնին. ի՞նչ գիտեն եռյակում, որ ԵՏՄ սպասվող անդամակցության նույն օրը հանրահավաք են անում, արդյո՞ք դա կապված է նաեւ ԵՏՄ անդամակցության առումով իրենց հայտնի ազդակների հետ, որոնց մասին հանրությունը չգիտի: Բացի այդ` ՀՅԴ-ն առանձին է գնալու մարզեր, եռյակն` առանձին, քանի որ առաջինը կառավարությանը ներկայացրած մեկ դյուժին պահանջների ընթացքից բացի` նաեւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին է ուզում խոսել, ինչն այս պահին հարմար չեն համարում եռյակում, ասում են` հայեցակարգը պատրաստ լինի, կխոսենք: Ի՞նչ գիտեն ՀՅԴ-ում, որ այդպես են վարվում` չեն մասնակցում հանրահավաքին ու ասելիք այնտեղ չունեն: Սահմանադրական փոփոխություններին իրենց կողմ ու եռյակի դեմ լինելու մասին ի վերջո կարող էին խոսել այդ հանրահավաքում` չզատվելով, չնայած մեզ միշտ քառյակն անհամատեղելիների ակումբ է թվացել: Ուրեմն` էլի գիտեն մի բան, որ չեն ուզում այդ հանրահաքին մասնակցել:

Ծառուկյանի հարցազրույցն անցած շաբաթավերջին մի շարք հարցերի կիսապատասխանների կողքին նաեւ նոր հարցեր է առաջացրել:

Արդյոք Ծառուկյանը հավակնո՞ւմ է հաջորդ նախագահի թեկնածու լինելու, թե՞ սատարելու է այլ թեկնածուի. պատասխանը բաց է, քանի որ նա, խոսելով գնացող նախագահների հետեւից վատ չխոսելու անհրաժեշտությունից եւ նախորդ նախագահների հետ իր հանդիպումներից` որեւէ համակրանք կամ վերաբերմունք չի բարձրաձայնում, ոչինչ չի որոշակիացնում, ոչնչի միիմաստ պատասխաններ չի տալիս:

Արդյոք քառյակի անդամներին Ծառուկյանը դրեց երկընտրանքի առաջ, երբ խոսում էր Հայաստանի քաղաքական դաշտի ոչ ազնիվ խաղի կանոնների եւ բոլորի հետ առանձին-առանձին ԲՀԿ-ի աշխատելու հնարավորության մասին` նրանց հասկացնելով առավել ազնվանալու եւ պարզելու նպատակները, ԲՀԿ-ի նպատակը մինչեւ վերջ չպարզելով այնուամենայնիվ:

Արդյոք մնչեւ սահմանադրական փաթեթի պատրաստ լինելու պահը ԲՀԿ-ն պարզապես դեռ որոշում չունի ու բանակցում է ինչպես ոչ իշխանական, այնպես էլ իշխանական ուժերի հետ` ո՞ր տարբերակով որոշում կայացնելու համար, մանավանդ Ծառուկյանը նշել էր, որ դեմ է իշխանության վերարտադրությանը:

Ի դեպ` սույն հարցազրույցը առցանց որոնման համակարգերում երեկվա դրությամբ զարմանալիորեն չհայտնաբերվեց` էլի ինչ-որ բան փոխվե՞լ է::

Մի խոսքով հոկտեմբերի 10-ին նշանակված հանրահավաքին ի վերջո հանրությանը պետք է բացահայտվեն գոնե եռյակի ու առանձնապես ԲՀԿ-ի նպատակները, այլեւս մանեւրելու տեղ չկա. մարդիկ պետք է հասկանան` ինչ են ուզում ոչիշխանականները` ժամանա՞կ ձգել, թե՞ հստակեցնել իրենց դիրքորոշումը, սրե՞լ իրավիճակը, թե՞ հաշտվել իշխանության հետ (ե՞րբ էին անհաշտ որ): Իսկ առավել պարզ լեզվով` ի վերջո սահմանադրական բարեփոխումներին միանա՞լ` կիսելով իշխանությունը, եւ չհավակնելով ամբողջին, թե՞ դեմ լինելով դրանց` ցուցադրել սեփական նախագահով իշխանությունն ամբողջապես ցանկանալու ախորժակը: Միգուցե մի երրորդ նպատակ էլ կա` ռուսական ուղղությամբ: Կիմանանք:

«ԱԶԳ»

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here