Հայոց Ցեղասպանութեան Հատուցումների Ուսումնասիրման Խումբը Հրապարակում Է Իր Վերջնական Զեկոյցը

0
155

ԵՐԵՒԱՆ.Հայոց Ցեղասպանութեան հատուցումների ուսումնասիրման խումբը (ՀՑՀՈՒԽ) աւարտել է իր վերջնական զեկոյցը՝ «Արդարացի լուծում – Հատուցումներ Հայոց Ցեղասպանութեան դիմաց»: Զեկոյցում ներկայացուած է 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանութեան հատուցումների հարցի իրաւական, պատմական, քաղաքական եւ բարոյական կողմերին առնչուող աննախադէպ համապարփակ վերլուծութիւնը: Զեկոյցում ներառուած են նաեւ հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերեալ կոնկրետ առաջարկութիւններ:
Նախքան խմբի ստեղծումը 2007ին, 1915-1923թթ. Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումները սահմանափակւում էին միայն տարածքների վերադարձի մասին վերացական պատկերացումներով, ապահովագրութիւնների վճարման հայցերով, թեմայի նեղ կողմերին առնչուող գիտական աշխատութիւններով եւ կարճ աշխատութիւններով, որոնք հարցին մօտենում էին ընդհանուր տեսանկիւնից՝ առանց համապարփակ եւ մանրամասն վերլուծութեան:
ՀՑՀՈՒԽը ստեղծուեց հատուցումների տեսութեան եւ պրակտիկայի տարբեր ոլորտների չորս մասնագէտների կողմից, որոնք Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ ունէին յատուկ հետաքրքրութիւն: Նրանց առաքելութիւնն էր կազմել Հայոց Ցեղասպանութեան հատուցումների առաջին համակարգուած, համապարփակ եւ խոր վերլուծութիւնը: Խմբի աշխատանքները նախապէս ֆինանսաւորուել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դրամաշնորհի միջոցով: Խմբի անդամներն են՝ Ալֆրեդ դէ Զայասը, æերմէյն Օ. Մաքքալփինը, Արա Պապեանը եւ խմբի նախագահ Հենրի Թերիօն: Յատուկ խորհդատու՝ æորջ Աղջայեան:
Համաձայնութեան գալով Հայոց Ցեղասպանութեան հատուցումների անհրաժեշտութեան շուրջ, խումբը պատրաստեց նախնական զեկոյց, որը սահմանափակ քանակով բաժանուեց 2009ին: Նախնական զեկոյցից յետոյ տեղի ունեցաւ երեք գիտաժողով: Առաջինը կայացաւ ԱՄՆում՝ æորջ Մէյսոնի համալսարանում 2010թ. Մայիսի 15ին, համալսարանի Հակամարտութիւնների վերլուծութեան եւ լուծման ինստիտուտի հետ համատեղ: Երկրորդ մէկօրեայ մեծ գիտաժողովը կայացաւ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճիւղի Իրաւաբանական ֆակուլտետում՝ 2010ի Հոկտեմբերի 23ին: Երրորդը՝ զեկոյցի երկու հեղինակների մասնակցութեամբ միջոցառումն է, որը տեղի ունեցաւ Երեւանում, 2010թ. Դեկտեմբերի 11ին: Այժմ խումբը ներկայացնում է իր վերջնական լրամշակուած զեկոյցը՝ նախատեսուած աւելի լայն լսարանի համար:
Խմբի զեկոյցը մնում է Հայոց Ցեղասպանութեան հատուցումներին վերաբերող միակ համակարգուած, համապարփակ եւ խորը մօտեցումը: Զեկոյցը հատուցումների հարցը քննարկում է իրաւական, պատմական եւ բարոյական տեսանկիւններից (գլուխներ Դ., Ե., Զ.), առաջարկում է անցումային արդարութեան տեսութեան վրայ հիմնուած արդիւնաւէտ հատուցումային գործընթաց (գլուխ Է.), եւ առաջարկում է կոնկրետ հատուցումների փաթեթ (գլուխներ Գ. եւ Ը.): Զեկոյցում նաեւ ընդգրկուած է Հայոց Ցեղասպանութեան համառօտ նկարագրութիւնը (գլուխ Ա.) եւ Ցեղասպանութեան հասցրած վնասները (գլուխ Բ.): Նախատեսուած լինելով լայն լսարանի համար՝ զեկոյցը լրացնում է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ գիտական աշխատութիւններում եւ քննարկումներում առկայ բացթողումները: Զեկոյցը անհատ հայերին, թուրքերին, քաղաքացիական հասարակութեան անդամներին եւ քաղաքական ինստիտուտներին կը տրամադրի համակարգուած գործելու համար անհրաժեշտ տեղեկութիւններ, վերլուծութիւն եւ գործիքներ:
Զեկոյցը հրապարակւում է ճիշդ ժամանակին: 2015ին նշուելու է Ցեղասպանութեան սկզբի 100ամեակը, եւ այն մեծ հետաքրքրութիւն է առաջացնելու միջազգային քաղաքական, գիտական, լրատուական, մշակութային եւ հանրային շրջաններում: Բացի այդ, վերջին տարիներս Ցեղասպանութեան հատուցումների հարցը դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրայ հրաւիրելով հանրային եւ գիտական շրջանների մեծ ուշադրութիւնը՝ հիմնականում կենտրոնանալով հատուցումների պահանջով անհատական իրաւական հայցերի վրայ: Այս զեկոյցը վճռական քայլէ դէպի աւելի լայնածաւալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանութեան դեռեւս շարունակուող վնասները շտկելուն ուղղուած համարժէք լուծում: Բացի այդ, Թուրքիայում թափ է հաւաքում Ցեղասպանութեան ժառանգութեանն անդրադառնալու անկեղծ, ոչ ժխտողական մօտեցումը: Վերջին տասնամեակում նաեւ առաջ է եկել հատուցումների համաշխարհային շարժումը, որում ընդգրկուած են մարդու իրաւունքների զանգուածային խախտումներից տուժած բազմաթիւ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է:
Վերջնական զեկոյցի ամբողջական տեքստը PDF ֆորմատով շուտով զետեղուելու է www.armeniangenocidereparations.info կայքում: Կայքում արդէն զետեղուած են վերջնական զեկոյցի համառօտագրութիւնն ու ներածութիւնը:
Խմբի եւ զեկոյցի հետ կապուած հարցերը կարելի է ուղղել Հենրի Թերիոյին՝ [email protected], +1 (508) 929-8612, կամ Department of Philosophy, Worcester State University, 486 Chandler Street, Worcester, MA 01602, U.S.A.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here