«Հայաստանի Հանրապետութիւնը Այն Ամուր Հիմքն Է, Որուն Վրայ Մարմին Կ՛առնէ Ամբողջ Հայութեան Դարաւոր Երազը»

0
127

 Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 23-ամեակին առիթով Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ տեղի ունեցած ընդունելութեան ընթացքին նախագահ Սերժ Սարգսեան յղեց հետեւեալ ուղերձը:

Վեհափա՛ռ Տէր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մեծարգո՛յ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Յարգարժա՛ն հիւրեր,

Շնորհաւորում եմ բոլորիս Անկախութեան տօնի կապակցութեամբ:

23 տարի առաջ` այս օրը բոլորս միասին ընտրութիւն կատարեցինք յօգուտ անկախ հայկական պետականութեան, յօգուտ քաղաքական ազատութիւնների եւ ժողովրդավարութեան:

Մենք բարձրաձայն յայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատուութիւն ստանձնել մեր իսկ կողմից հռչակուած արժէքներն ու նպատակները կեանքի կոչելու համար: Եւ մեր ժողովուրդը ոչ միայն խօսքով կամ քուէաթերթիկով, այլեւ գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղաւ` նաեւ կեանքի գնով ապացուցեց, որ ինքը տէրն է իր պատասխանատուութեան, տէրն է իր հռչակած արժէքների եւ նպատակների:

Անկախութեան հռչակումով նոր դարաշրջան բացուեց ոչ միայն Հայաստանի, այլեւ հայութեան բոլոր հատուածների համար: Հայաստանի Հանրապետութիւնը կայացաւ որպէս պետութիւն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիւ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհուած իր գիւղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խաւարի միջից` ուղղելով իր մէջքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դժուար է յիշել մի ժամանակահատուած, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարուածութիւն կամ բարդ քաղաքական իրավիճակ: Մենք ինչ-որ տեղ նոյնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն: Ցաւօք, միշտ չէ, որ լարուածութեան թուլացումը մեզնից է կախուած: Բայց մենք անում ենք մեզնից կախուած հնարաւոր ամէն ինչ` իրավիճակը մեղմելու եւ բնականոն հուն մտցնելու համար:

Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղութիւնը վտանգող ազրպէյճանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի եւ Արցախի, ինչպէս նաեւ համայն հայութեան միասնական կեցուածքը:

Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակութիւնը, մեր զինուորների փայլուն ծառայութիւնը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կեանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին:

Ու թող ոչ ոք յոյս չդնի մեր միասնականութեան հնարաւոր խարխլման վրայ ու մութ անկիւնում նենգ դաւեր հիւսի: Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականութիւնը եւ քաղաքական ազատ մրցակցութիւնն ու բանավէճը շփոթի միասնականութեան կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ եթէ դժուարանում են հասկանալ թէ դա ինչ է, ապա դա ամենեւին էլ մեր խնդիրը չէ: Մեր արժէքներն այլ են. ժողովրդավարութիւն, քաղաքական ազատութիւններ, խաղաղութիւն եւ մարդասիրութիւն, նաեւ յարգանք բոլոր ժողովուրդների, այդ թւում եւ` ազրպէյճանցի ժողովրդի հանդէպ:

Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատութիւնների երաշխաւորման, քաղաքացիական հասարակութեան ուժեղացման, իշխանութեան հետեւողական հաւասարակշռութեան եւ իրաւունքի գերակայութեան ապահովման ուղղութեամբ: Մենք ձեւաւորում ենք որակապէս նոր հասարակութիւն: Մենք դա չենք անում, որպէսզի օտարները գան եւ մեզ բարձր կամ ցածր գնահատական տան: Մենք դա անում ենք, քանզի համոզուած ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարութեան ամրապնդման ճանապարհն է: Մեր աշխարհահայեացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրաւունքները եւ բարեկեցութիւնը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեսանելի ապագայում մենք պատրաստւում ենք դառնալ Եւրասիական տնտեսական միութեան անդամ: Նման որոշումը, ինչպէս ես արդէն նշել եմ, պայմանաւորուած է տնտեսական զարգացման նոր հնարաւորութիւններով, որոնք բացւում են Հայաստանի առջեւ, ինչու չէ` նաեւ մեր տարածաշրջանում առկայ անվտանգութեան համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարէ չէ, եւ մենք չգիտենք, թէ ինչ արդիւնքներ կ՛ունենանք տասը կամ քսան տարի յետոյ, բայց յստակ է մի բան. լաւ աշխատելու դէպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած կշռոյթը մեզ չի բաւարարում: Մեր ապրանքների առջեւ բացուելու է մի հսկայական շուկայ, որտեղ ամրապնդուելն արդէն կախուած կը լինի աշխատելու մեր հմտութիւնից:

Այս առթիւ ես ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախօսների, ովքեր փորձում են մեր անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախութեան կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախութեան բոլոր` 23 տարիների ընթացքում էլ եղել են: Այսօր` Հայաստանի Անկախութեան օրը, ես ամենայն պատասխանատուութեամբ յայտարարում եմ, որ մեր անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախութեանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկայ համարկումի որեւէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա աւելի քան բնական երեւոյթ է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի անկախութեանը, ապա այն սրբազան է ու անքննարկելի: Եւ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցութիւնը մեր բոլոր գործընկերների հետ` Եւրասիական միութեան եւ նրա անդամ պետութիւնների, Եւրոպական Միութեան եւ նրա անդամ պետութիւնների, Միացեալ Նահանգների, Չինաստանի, հարեւան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ միւս բոլոր երկրների հետ: Հայաստանը կայ եւ այսուհետ եւս լինելու է պետութիւնների միջազգային ընտանիքի աշխուժ ու պատասխանատու անդամը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատութեան եւ անկախ պետականութեան համար:

Մենք իբրեւ ազգ եւ պետութիւն շարունակում ենք մեր հազարամեայ երթը` ոչ մի րոպէ չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպէս, ինչպէս ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրութիւնը աշխարհում յարգում են բոլորը, բացառութեամբ մէկ պետութեան, որը չի յարգում նոյնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահաւէտ աշխատելու բոլոր երկրների հետ, եւ սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:

Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիւ: Հայաստանի Հանրապետութիւնն այն ամուր հիմքն է, որի վրայ բարձրանում եւ մարմին է առնում ողջ հայութեան դարաւոր երազանքը:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here