ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրյոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ այս շաբաթ Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, կարճ ներկայացրել է այն խնդիրները, որոնք հնարավոր է՝ ներառվեն հանդիպման օրակարգում։
«Հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ծրագրում են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնական բաղադրիչների շուրջ։ Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները արդյունավետ քննարկում կծավալեն՝ գրանցելու առաջընթաց տևական կարգավորման ճանապարհին»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում։
ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ՝ քննարկելու խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ «Նրանք գործող նախագահին են ներկայացրել նախագահների [Հայաստանի և Ադրբեջանի] Սոչիում և Ուելսում վերջին հանդիպումների արդյունքները և տեղեկացրել են Փարիզի հանդիպման նախապատրաստությունների մասին»,- հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Եռանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան։
Սարգսյան-Ալիև հոկտեմբերին կայանալիք հանդիպումը Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել էին սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքաում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերին կայանալիք հանդիպումը հաստատել էր Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ հղած իր շնորհավորական ուղերձում։