Գոյատեւումից Բարօրութիւն Կարգախօսով IDeA Հիմնադրամն Իրականացնում Է Հայաստանի Զարգացման Ընդգրկուն Ծրագրեր

0
209

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐ»-IDEA ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԷՆ ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայաստանի զարգացումը համաշխարհային նոր իրողութիւններին համապատասխանեցնելու տեսլականով առաջնորդուեց ձեռնարկատէր եւ բարերար Ռուբէն Վարդանեանը՝ տարիներ առաջ իր գաղափարի շուրջ համախմբելով տարբեր ոլորտներում կայացած աշխարհասփիւռ հայ մասնագէտների: Արդիւնքում ստեղծուեցին զարգացման սցենարներ, որ բիւրեղանալով դարձան Միտք՝ իրականութիւն դարձնելով Հալիձորի ու Որոտանի վրայով ճախրելու՝ Տաթեւի վանքի ճարտարապետի դարեր առաջ հնչեցրած ցանկութիւնն ու այսօր մեզ պարգեւելով Տաթեւերը: Այդ նոյն Միտքն աշխարհի համար բացեց նոր դռներ դէպի Հայաստան՝ Դիլիջանում կառուցուած միջազգային չափանիշների ուսումնական հաստատութեան միջոցով մեր երկիրն իր ներկայանալի տեղն ունեցաւ համաշխարհային կրթական քարտէսի վրայ: Միտքը շարունակում է ձեւակերպել հայկական աշխարհի վերածնունդի ծրագրեր, որոնք իրականացւում են անշեղօրէն՝ գործում նուիրեալներ են, արհեստավարժներ ու համախոհներ:
«IDeA բարեգործական հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ»-«Initiatives for Development of Armenia») ուշադրութեան կենտրոնում են այն ծրագրերը, որոնք սոցիալ-տնտեսական էական արդիւնք կ՛ապահովեն՝ աջակցելով երկրի անցմանը գոյատեւման մոդելից դէպի բարօրութեան շրջան: Այս նպատակի իրականացման համար մենք չափազանց կարեւոր ենք համարում համայն հայութեան ներուժի համախմբումը եւ յորդորում ենք սփիւռքահայ մեր հայրենակիցներին մասնակցել համահայկական նշանակութեան մեր ծրագրերին», «Ասպարէզ»ին տուած բացառիկ հարցազրոյցում նշում է հիմնադրամի տնօրէն Արտակ Մելքոնեանը:

Տեղեկանք. «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» («Initiatives for Development of Armenia» – IDeA) բարեգործական հիմնադրամը ստեղծուել է ձեռնարկատէր եւ բարեգործ Ռուբէն Վարդանեանի եւ կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Հայաստանում, Արցախում եւ հայկական Սփիւռքում իրականացուող լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնութիւններն ուղղուած են հայ ժողովրդի հոգեւեւոր եւ պատմական ժառանգութեան պահպանման եւ փոփոխուող աշխարհի պայմաններում ազգային վերածննդի ապահովմանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- IDeA հիմնադրամի նշանակալի ծրագրերի թւում են՝ «Տաթեւի վերածնունդ», «UWC Դիլիջան քոլեջ», «Թբիլիսիի Ս. Գէորգ եկեղեցու վերականգման» նախագծերը:
IDeA հիմնադրամի նախագծերում կա՞ն ոլորտներ, որոնց առաջնայնութիւն է տրւում, ի՞նչ մեխանիզմներով են դրանք իրականացւում:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ընդհանուր առմամբ, որոշ ոլորտների զարգացումը ռազմավարական նշանակութիւն ունի մեզ համար, դրանք են՝ կրթութիւն, զբօսաշրջութիւն, Հայաստանի մրցունակութեան զարգացում՝ ներքին եւ Սփիւռքի ռեսուրսների օգտագործմամբ: Մեր նպատակներից է ծրագրերի միջոցով փոխել մտածելակերպը՝ «գոյատեւումից դէպի զարգացում, դէպի բարօրութիւն, ոչ քաղաքական մեթոդներով»: Մենք իրականացնում ենք խոշոր նախագծեր, ներմուծելով նաեւ համաշխարհային լաւագոյն փորձը, որոնք միտուած են տնտեսութեան մի ամբողջ ոլորտ փոխել, որպէս օրինակ ծառայել եւ հասնել կեանքի որակի բարելաւման: Ներքեւից վերեւ փոփոխութիւնը կատարելու մասին է խօսքը: Մեր նախագծերում ներգրաւուում ենք հնարաւորինս շատ մասնակիցներ, կողմեր՝ ներառեալ մեր տեղական համայնքները, կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ կառավարութեանը: «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը Հայաստանում պետական եւ մասնաւոր արդիւնաւէտ համագործակցութեան օրինակ է. ՀՀ կառավարութիւնը ֆինանսապէս եւ տարբեր մակարդակներում օժանդակութիւն է ցուցաբերել նախագծին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- IDeA հիմնադրամի նախագծերի իրականացմանը մասնակցել են տարբեր ազգութիւնների անհատներ, ինչո՞վ են նրանք առաջնորդուել մասնակցելու այդ ծրագրերին:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- IDeA-ի շատ ծրագրերի գաղափարներ պատկանում են Ռուբէն Վարդանեանին, սակայն դրանց «համասեփականատէրերը» նաեւ տասնեակ կազմակերպութիւններ եւ մարդիկ են՝ պետական եւ մասնաւոր ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպութիւններ, եկեղեցի, միջազգային դոնոր կազմակերպութիւններ եւ այլն: Հիմնադրամը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր գաղափարները, մօտեցումները, սկզբունքներն ու արժէքները: Մեր իւրաքանչիւր ծրագրում ներգրաւուած են բազմաթիւ տարբեր հաւատքի եւ ազգութիւնների ներկայացուցիչներ. Դիլիջանի դպրոցի պարագայում՝ ունենք շուրջ 180 նուիրատու: «Տաթեւի վերածնունդ» նախագծում՝ շուրջ 150 եւ այս դէպքում օրինակ, խօսքը մի ծրագրի մասին է, որ շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, նաեւ ընդհանրապէս՝ որպէս համաշխարհային նշանակութիւն ունեցող մշակութային արժէքի վերականգնման առումով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- IDeA հիմնադրամը որպէս բարեգործական կառոյց՝ ունի որոշակի առանձնայատկութիւններ, որո՞նք են դրանք:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մեր դէպքում, խօսում ենք սոցիալական ձեռներեցութեան մասին: IDeA հիմնադրամի ծրագրերը շահոյթ չեն հետապնդում եւ զուտ բարեգործական են, բայց այլ որակներ ունեն: Եթէ պարզ ներկայացնեմ, գաղափարն այն է, որ եթէ ցանկանում ենք լաւութիւն անել՝ ձուկ չենք տալիս, այլ՝ գործիք, որով կարելի է որսալ եւ սովորեցնել մեթոդը, թէ ինչպէս դա անել: Այս դէպքում, լինում է շարունակական բարեգործութիւն: Սա մեր մօտեցումներից մէկն է, եւ մենք փորձում ենք դա իրականացնել մի շարք մեխանիզմներով: Եթէ դա դիտարկենք Տաթեւի ճոպանուղու օրինակով, մենք ներդրում կատարեցինք, առանց ակնկալելու, որ գումարները պէտք է վերադարձուեն, սակայն, արդէն հասել ենք այն կէտին, երբ ճոպանուղու գործարկումից ստացուած եկամուտը փակում է ծախսերը: Փաստօրէն, երեք տարում այս նախագիծը դարձաւ ինքնաֆինանսաւորուող, եւ այն գումարը, որ աւելանում է, ուղղւում է վանական համալիրի վերականգնմանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- IDeA հիմնադրամի ամենանշանակալի նախագծերից է «Տաթեւի վերածնունդ» նախագիծը: Ի՞նչ է այն նախատեսում:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նպատակն է միջնադարեան հայկական վանքի եւ վանական համալիրի վերակառուցումը, այստեղի գիտական եւ հոգեւոր աւանդոյթների վերածնունդը: Նախագծի շրջանակներում նախատեսւում է նաեւ զարգացնել տարածաշրջանում զբօսաշրջութիւնը, նպաստել տեղի բնակչութեան կենսամակարդակի բարձրացմանը: Նախագծի պաշտօնական մեկնարկը տեղի ունեցաւ 2010թ. Հոկտեմբերին, Տաթեւի ճոպանուղու՝ Տաթեւի թեւերի գործարկման օրը: Տաթեւերը, Հալիձորը եւ Տաթեւի վանքը իրար հետ կապող ճոպանուղին է, որը հեշտացրեց ճանապարհը դէպի վանք՝ հիմնական տեսարժան վայրը: Մենք, փաստօրէն, աւելացրինք զբօսաշրջային ժամանակակից օբյեկտ, ինչն ինքնին որոշակի արժէք է զբօսաշրջիկի համար, եւ հնամեայ վանքի ու նորարութիւն համարուող ճոպանուղու համադրութիւնը սկսեց շատ լաւ աշխատել (Տեղկնք. Տաթեւերն աշխարհի ամենաերկար յետադարձ կապով ճոպանուղին է, որ կառուցուած է միայն մի հատուածով): Եթէ նախկինում Տաթեւ այցելուների թիւը մօտ հինգ հազար էր, քանի որ մարդիկ դժուարանում էին մի քանի ժամ անցնել քանդուած ճանապարհներով վանքին հասնելու համար, այսօր այդ խնդիրը լուծուած է. նախորդ տարի, օրինակ, ունեցել ենք 78 հազար այցելու, ովքեր օգտուել են ճոպանուղուց, իսկ ընդհանուր այցելուների թիւը հասել է 100 հազարի: 2014 թուականի Յունուարից մինչեւ Սեպտեմբեր արդէն ունենք 48 տոկոս աճ նախորդ տարուայ համեմատ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ճոպանուղու գործարկումը խթանել է զբօսաշրջութիւնը: Ինչպիսի՞ն է վիճակագրութիւնը շրջանի տնտեսութեան աշխուժացման առումով:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մեր գլխաւոր նպատակներից է զբօսաշրջութիւնից ստացած օգուտների ուղղորդումը համայնքների զարգացմանը եւ դա մեզ արդէն յաջողուել է: Մի քանի հետաքրքիր փաստ. Գորիսում, որ Տաթեւից 10 կմ. հեռու է, մինչ մեր ծրագրի իրականացումը գործում էր երեք-չորս հիւրանոց: Այսօր, երեք տարուայ ընթացքում ունենք 16 հիւրանոց, այսինքն՝ մեր ծրագիրը խթանել է պահանջարկ. Սիւնիքը դարձել է մեր այցելուների, զբօսաշրջիկների համար առաւել գրաւիչ վայր: Տաթեւի շրջակայքում գտնուող 9 գիւղերում, որ Որոտանի կիրճի մօտ են, կային մէկ-երկու հանգրուաններ, հիւրատներ, այժմ՝ նրանց թիւը 25ից աւելի է: Այսինքն, դա նշանակում է, որ մարդիկ գալիս են, մնում են գիւղերում, շփւում են գիւղացիների հետ, եւ գիւղացիները, համայնքները անմիջական օգուտ են ստանում դրանից: Փաստօրէն, մենք ցոյց ենք տալիս, թէ մի ծրագրով ինչ մեծ ազդեցութիւն կարող ենք ունենալ տուեալ տարածաշրջանում:
Միաժամանակ նշեմ, որ «Տաթեւի վերածնունդ» նախագծի 56 աշխատակիցներից 54ը տեղական գիւղերի բնակիչներ են եւ աշխատում են ողջ տարին: Անցեալ տարի բացեցինք նաեւ յուշանուէրների փոքրիկ խանութ, որտեղ յուշանուէրների մեծ մասը պատրաստւում է տեղում՝ առնուազն Սիւնիքի մարզում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ այլ ծրագրեր իրականացնո՞ւմ էք Սիւնիքի մարզում:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մեր ծրագրերը բաւական տարաբնոյթ են: Օրինակ, գիւղերից մէկում դպրոց ենք վերանորոգում, համայնքին օգնում ենք տարբեր այլ հարցերում: Այս տարի առաջին անգամ Սիւնիքում մեծ շուքով անցկացրինք ոչխարների խուզման փառատօն, որի ժամանակ հաւաքուել էր շուրջ չորս հազար մարդ: Նման բացառիկ եւ մարդաշատ ձեռնարկ այս շրջանում չէր եղել: Փառատօնի ընթացքում տարբեր տաղաւարներում ներկայացուեց մի ողջ գործընթաց՝ բրդի խուզումից մինչեւ թելի ստացում եւ գուլպայագործութիւն: Գորիսի կանանց զարգացման կենտրոնի նախաձեռնութեամբ էլ տեղի ունեցաւ գորգագործութեան ցուցադրութիւն։

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Անդրադառնալով զբօսաշրջութեանը, բացի Սիւնիքից, ո՞ր մարզերն են ներառուած ձեր առաջիկայ ծրագրերում:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Նախատեսում ենք ստեղծել մի, այսպէս ասած, օղակաձեւ ուղի, որի դէպքում զբօսաշրջիկը Հայաստանում մի վայրից միւսը ճամբորդելով չի վերադառնայ նոյն կէտին նոյն ճանապարհով: Այս առումով, մեր առաջին հանգրուանը Տաթեւն է, միւսը՝ Արցախը, Դիլիջանը եւ յետագայում՝ նաեւ Գիւմրին: Արցախը մեզ համար ռազմավարական նշանակութիւն ունի եւ ներկայում մեծ ծաւալի աշխատանքներ ենք իրականացնում այնտեղ:
Անդրադառնալով Արցախին, նշեմ, որ արդէն իրականութիւն է «Օգնութիւն Արցախի երեխաներին» ծրագիրը: Արցախի 700 զոյգերի յայտնի հարսանիքի շարունակութիւնը դարձաւ երիտասարդ ընտանիքների օժանդակութեան ծրագիրը: Ղարաբաղում ծնելիութեան աճի խթանման նպատակով այդ ընտանիքներին հինգ տարուայ ընթացքում ֆինանսական աջակցութիւն էր յատկացւում, որին մեծապէս աջակցում էր նաեւ Ռուբէն Վարդանեանը: Հինգ տարում Արցախում ծնուել է 1140 երեխայ, նրանցից 409ը՝ Ստեփանակերտում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սեպտեմբերին մեկնարկեց նաեւ IDeA հիմնադրամի կրթական խոշոր նախագիծը: Ի՞նչ կը տայ այն Հայաստանին:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- 2014թ.ի Սեպտեմբերին Դիլիջանում իր դռները բացեց UWC Դիլիջան քոլեջը՝ միջազգային կրթահամալիր, որ անդամակցում է «Աշխարհի միացեալ քոլեջներին» (UWC) եւ այս կրթական ցանցի 14 քոլեջներից է: Այն նախատեսուած է աւելի քան 50 երկրներից աշակերտների համար: Այս դպրոցը մեզ համար բացառիկ է մի շարք առումներով. այն ենթադրում է Հայաստանի համար որոշակի վերադիրքաւորում համաշխարհային կրթական քարտէսի վրայ՝ որպէս դրսի աշխարհին բարձրակարգ միջազգային կրթութիւն մատուցող, կրթութիւն արտահանող երկիր:
Այս դպրոցի հիմքում աշխարհի լաւագոյն համալսարանների կողմից ճանաչուած IB Diploma (Միջազգային բակալաւրիատ) կրթական ծրագիրն է:
UWC Դիլիջան քոլեջի առաքելութիւնն է բազմամշակութային մթնոլորտում միջազգային կրթական ծրագրերով եւ ուսումնական բարձր չափանիշներով կրթել համաշխարհային քաղաքական, սոցիալական եւ մշակութային զարգացումներին պատրաստ նոր սերունդներ, ովքեր ապագայ առաջնորդներ կը դառնան:
Այս տարի քոլեջն ընդունեց 16-18 տարեկան առաջին 97 աշակերտներին 50 երկրից: Նրանց թւում տասը Հայաստանից են, ովքեր կը սովորեն աշխարհի տարբեր անկիւններից ժամանած շնորհալի եւ բարձր առաջադիմութիւն ցուցաբերող իրենց հասակակիցների հետ:
Այս բարեգործական նախաձեռնութեան հեռայար նպատակն է տարբեր ազգութիւնների աշակերտներ հիւրընկալելով Դիլիջանում՝ Հայաստանի հետ խորը եւ անքակտելի կապեր ձեռքբերած շրջանաւարտների բազմազգ համայնքի ձեւաւորումը, ովքեր յետագայում նաեւ կը դառնան աշխարհում մեր դեսպանները: Տարբեր ազգութիւնների պատանիները սովորելու են հայոց լեզու, պատմութիւն, մշակոյթ: Ծրագրային առարկաների դասաւանդումն իրականացւում է անգլերէն լեզուով, սակայն ընդգրկում է հայոց լեզուի եւ գրականութեան խորացուած ուսուցում:
Տեղեկանք. Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հեկտար՝ Դիլիջանի ազգային զբոսայգու հարեւանութեամբ: Համալիրը յագեցած է գերժամանակակից լուծումներով, որոնք ներդաշնակ են շրջապատող բնութեանը: Դպրոցի տնօրէնն է æոն Պադըֆութը, ով Մեծ Բրիտանիայի հանրայայտ Իթոնի քոլեջի նախկին փոխտնօրէնն է: Դասախօսները 12 տարբեր երկրներից են, 2ը՝ Հայաստանից:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ովքե՞ր հնարաւորութիւն ունեն ընդունուելու եւ ինչպէ՞ս պէտք է դիմեն:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Դպրոցը քանի որ գտնւում է UWC համակարգի մէջ, սովորաբար դիմում են համակարգին, որտեղ եւ անցկացւում է մի քանի մասից բաղկացած հարցազրոյց դիմորդի հետ: Հաշուի է առնւում ոչ միայն աշակերտի առաջադիմութիւնը, նաեւ՝ հասարակական ակտիւութիւնը, ընդհանուր աշխարհայեացքը: Ընդունելութեան գործընթացն իրականացւում է անկախ ծնողների ֆինանսական կարողութիւնից, եւ ընդունուելու դէպքում աշակերտին յատկացւում է կրթաթոշակ: Աշակերտը հնարաւորութիւն ունի նաեւ ընտրելու, թէ համակարգի որ երկրի դպրոցում է ցանկանում սովորել:
Տեղեկանք. UWC Դիլիջան քոլեջի ծրագիրը ուղղուած է նաեւ Տաւուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւմանը, քաղաքի ենթակառուցուածքների արդիականացմանը: Մենք ստեղծել ենք առանձին՝ «Դիլիջանի զարգացման հիմնադրամ», որտեղ ենթադրւում է ներդնել 50-60 միլիոն դոլար՝ սոցիալական եւ այլ ծրագրերի համար: Մեր նպատակներից է նաեւ ամուր կապեր ստեղծել մեր եւ հանրային դպրոցների միջեւ, իրականացնել ընդհանուր ծրագրեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- IDeA հիմնադրամի ծրագրերը համահայկական ընդգրկում ունեն: Իրականացնո՞ւմ էք նախագծեր նաեւ Հայաստանից դուրս:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Մեր ծրագրերը ներառում են ամբողջ հայկական աշխարհը: Այն ամէնն ինչ վերաբերում է հայերին, հայ մշակոյթի պահպանմանն ու զարգացմանը աշխարհի որեւէ անկիւնում՝ ներառուած են մեր ռազմավարութեան մէջ: Այժմ մենք իրականացնում ենք Թբիլիսիի Ս. Գէորգ հայկական եկեղեցու վերակառուցումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման ուղղուած մեր առաքելութեան շրջանակներում: Թբիլիսիի Հայոց մայր տաճարի վերականգնումը թոյլ կը տայ Վրաստանի հայկական համայնքին ապրել լիակատար հոգեւոր կեանքով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեզ յաջողուե՞լ է ներգրաւել նաեւ Սփիւռքի ներուժը:
ԱՐՏԱԿ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- IDeA հիմնադրամն առաջնորդւում է ռեսուրսների հնարաւորինս համախմբման կարգախօսով եւ խօսքը բացի ֆինանսականից, նաեւ՝ ունակութիւնների, գիտելիքների, կապերի մասին է, որ շատ կարեւոր է Հայաստանի զարգացման համար: Այս նպատակով մեզ անհրաժեշտ է համայն հայութեան ներուժը, եւ մենք սիրով հրաւիրում ենք սփիւռքահայ մեր հայրենակիցներին՝ իրենց եռանդը ներդնելու համահայկական նշանակութեան մեր ծրագրերում:
Մենք ունենք նաեւ կամաւորների ծրագիր, ըստ որի մեր աշխատանքների 10-15 տոկոսի իրականացումը պէտք է լինի կամաւորների միջոցով: Ներկայում ունենք կամաւորներ Միացեալ Նահանգներից, ովքեր հաշուարկներ են անում, նախագծեր, նոր մտքեր են ներկայացնում:
Կենտրոնացած ենք յատկապէս հայրենադարձների հետ աշխատելու ուղղութեամբ: Այսօր յաճախ ասում են, որ Հայաստանում աշխատանք չկայ, մինչ մենք յայտարարում ենք, որ կարիք ունենք լաւ մասնագէտների եւ հրաւիրում ենք նրանց աշխատանքի:

Տեղեկանք. Արտակ Մելքոնեանը հիմանդրամի հրաւէրով Հայաստան է վերադարձել Դուբայից, որտեղ ապրել եւ աշխատել է վերջին վեց տարիներին: Նա զբաղեցրել է «Dun & Bradstreet» միջազգային ընկերութեան Ֆինանսական ենթակառուցուածքների գծով աւագ փոխնախագահի պաշտօնը Հարաւային Ասիայում, Միջին Արեւելքի, Աֆրիկայի եւ ԱՊՀ երկրներում: Մելքոնեանը միջազգային բիզնեսի զարգացման, շուկաների ընդլայնման, գործառնութիւնների, ներդրումների, բրենդինգի, տարբեր ոլորտների նորաստեղծ ընկերութիւնների եւ կրթական ոլորտի կառավարման 20ամեայ փորձառութիւն ունի, աշխատել է աւելի քան 35 երկրում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here