«Մենք Սիրիահայ Գաղութի Մէջ Յոյսի Նշոյլներ Ունենք…». Զարմիկ Պօղիկեան

0
210

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱԼԷՊԻ «ԳԱՆՁԱՍԱՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆԻ ՀԵՏ

Զրուցեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Հակառակ Սիրիայում տիրող պատերազմի, կենցաղային, նիւթական դժուարութիւնների, սիրիահայ համայքում կեանքը շարունակւում է: Մարդիկ փորձում են պահել համայնքի երբեմնի կենսունակութիւնը, մշակութային ձեռնարկներ են իրականացւում, օրեր առաջ տեղի ունեցաւ դպրոցների վերամուտը: Այդ ամէնն արտացոլւում է Սիրիայում լոյս տեսնող միակ հայկական շաբաթաթերթի՝ «Գանձասար»ի էջերում: Այս օրերին Հայաստանում է շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը, ում հետ եւ կը խօսենք ինչպէս թերթի աշխատանքների, այնպէս էլ սիրիահայ համայնքի խնդիրների մասին:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Դուք մի քանի ամիս առաջ էք ստանձնել «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը: Սիրիայի, սիրիահայերի համար մի շատ պատասխանատու ժամանակաշրջանում, եւ անկախ բոլոր դժուարութիւններից լրատուամիջոցը կարողանում է հրատարակուել: Մեր զրոյցը կը ցանկանայի, որ սկսէք փոքրիկ անդրադարձով՝ ներկայացնելով յատկապէս վերջին շրջանում «Գանձասար»ի կատարած աշխատանքները:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- «Գանձասարը» Բերիոյ Հայոց թեմի պաշտօնաթերթն է, Սիրիայում լոյս տեսնող միակ հայերէն թերթը: 16 էջից բաղկացած պաշտօնաթերթը բովանդակում է ազգային, քաղաքակական, տեղական, արաբական, հայրենական եւ Սփիւռքին առնչուող լուրեր, մեր ազգային հարցերին առնչուող յօդուածներ, ունի նաեւ զանազան էջեր՝ մարզական, գրական, «Կկու» մանկապատանեկան բաժինը:
Ես եօթ ամիս է, որ ստանձնել եմ թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը: Թերթը, հակառակ Սիրիայի տագնապալի վիճակի, անխափան կերպով շարունակում է հրատարակուել տպագիր օրինակով, ինտերնետային եւ ֆէյսբուքեան տարբերակներով: Հալէպի մէջ պետական թերթերն անգամ այս օրերին դադարել են հրատարակուել, միայն ինտերնետային տարբերակով են լոյս տեսնում: Իսկ «Գանձասարը» շարունակեց, շարունակեց շնորհիւ մեր մտաւորականների, որոնք մնայուն ձեւով աշխատակցում են, շնորհիւ պատկան մարմնի, որն անտեսելով նիւթական բոլոր դժուարութիւնները, նեցուկ կանգնեց թերթին: Իսկ դժուարութիւնները շատ են. ինտերնետի, ելեկտրական հոսանքի մնայուն անջատումներ, թղթի հայթայթման հետ կապուած դժուարութիւններ:
Իմ գլխաւոր նպատակն էր, որ այս շրջանում «Գանձասարը» դառնայ սիրիահայ տագնապն արտացոլողը, աղբիւրը: Ունենք մնայուն յօդուածներ, որոնք Սիրիայի տագնապի մասին օրագրութիւններ են, լրատուական նիւթեր, մեր առօրեայի հետ կապուած քննադատական յօդուածներ, արտացոլում են հայրենիքում սիրիահայերի օժանդակութեան հետ տարուող աշխատանքները, Սփիւռքի համահայկական կառոյցների աշխատանքը:
«Գանձասար»ի տպաքանակը մինչեւ Սիրիայի տագնապը 1200 օրինակ էր, հիմա՝ 500 է, որը շաբաթական դրութեամբ սպառւում է, որովհետեւ մարդիկ անպայման ցանկանում են մէկական օրինակ ունենալ: Նախ, որովհետեւ միակ հայերէն թերթն է, եւ մայրենի լեզուով թերթ կարդալու հաճոյքն են ուզում ապրել: Նրանց համար հաւաստի աղբիւր է, որտեղ կը գտնեն թէ՛ տեղական, թէ՛ հայրենական, թէ՛ Սփիւռքի տարբեր համայնքների հետ կապուած լուրեր: Բայց, դժբախտաբար, տպագիր օրինակը միայն Հալէպի մէջ ենք կարողանում բաժանել:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Ասացիք, որ «Գանձասարը» արտացոլում է սիրիահայ կեանքը: Դժբախտաբար, մենք ունենում ենք զոհեր, աւերածութիւններ, դպրոցներ, եկեղեցիներ են փակւում: Կարծում եմ՝ հեշտ չէ այդ ամէնին անդրադառնալը:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Այո, Հալէպի մէջ այսօր աղէտալի վիճակ է, բայց մենք պարտաւոր ենք իրապաշտ լինելու, եղելութիւնը հաղորդելու ընթերցողներին: Ներկայացնում ենք զոհերի, վիրաւորների, աղէտների, պայթիւնների, եկեղեցիների հրակիզման մասին լուրեր, Քեսաբի ներխուժման ընթացքում լոյս տեսաւ բոլոր դէպքերի ժամանակագրութիւնը:
Այս ամէնի կողքին պէտք է ժողովրդին ապրելու յոյս ներշնչել, որպէսզի դրութեամբ այս դժուարութիւնները յաղթահարի, նուազագոյն կաշկանդուածութեամբ դուրս գայ այս վիճակից: Քաղաքական, վերլուծական լուրերի կողքին մենք լոյս ենք ընծայում գաղութի մշակութային աշխոյժ առօրեան լուսաբանող նիւթեր: Հակառակ բոլոր դժուարութիւնների, մշակութային, կրօնական ձեռնարկներ են իրականացւում: Յատուկ բաժին ունենք՝ «Նկարը կը խօսի», հալէպահայ քանդակագործ Վարդգէս Բարսումեանը փորձում է մեր առօրեայ տագնապները ծաղրանկարների միջոցով ներկայացնել, մի քիչ հումոր մտցնել կեանք, որպէսզի մարդիկ մի քիչ թեթեւ տանեն այս բոլոր դժուարութիւնները:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկի՛ն Զարմիկ, դուք նոր էք եկել Հալէպից: Հալէպում կեանքն այսօր երկու երես ունի: Մի կողմից պատերազմ է, իսկ միւս կողմից, յաղթահարելով, անտեսելով բոլոր դժուարութիւնները, կեանքը շարունակւում է: Ինչի՞ շնորհիւ:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Բարեբախտաբար, Հալէպը միշտ կազմակերպուած գաղութ է եղել: Այս տագնապի ընթացքում մեր համայնքապետերի, կուսակցութիւնների, կազմակերպութիւնների համատեղ ջանքերով համայնքը կարողացաւ պահել իր կենսունակութիւնը: Եթէ տագնապի պահին մարդկանց ձեռք չմեկնես, եթէ մեր համայնքապետերը, ազգային իշխանութիւնները մարդկանց զգացնել չտան, որ իրենց կողքին են, նրանք շատ դիւրութեամբ կը յուսահատուեն, կը բարոյալքուեն, հեշտ անկումի կը մատնուեն: Հալէպում շատ ծանր պայմաններ են, տնտեսական, կենցաղային մի շարք դժուարութիւններ կան, երբեմն մարդիկ իրենց հարազատներին են կորցնում, դժբախտաբար, զոհեր ենք տալիս: Այս բոլորի մէջ, սակայն, մենք ունենք յոյսի նշոյլներ գաղութի մէջ: Ունենք Սիրահայերի շտապ օգնութեան եւ վերականգնման մարմինը, որը ստեղծուել է 2012 թուականին: Այդ մարմինը կրում է երեք հովուապետերի հովանաւորութիւնը, կազմակերպութիւններ, բարեսիրական միութիւններ նրան մաս են կազմում: Բոլորը աշխատում են օգնելու համար տագնապի մէջ ապրող սիրիահայերին:
Այս բոլորի կողքին մեր մշակութային միութիւնները, դպրոցները տակաւին գործում են, աշխատում են հնարաւորինս բնականոն ընթացքի մէջ պահել աշխատանքները, չնայած շատ ծանր պայմանների: Պատկերացրէք, մեր վարժարանները, որոնք գտնւում էին Նոր Գիւղ թաղամասում, իսկ այնտեղ մենք ունենք 4 Ազգային վարժարան, այսօր բոլորը մէկ կառոյցի մէջ են տեղափոխուել, առաւել ապահով շրջան: Եւ դժուար պայմաններում շարունակում են գործել: Նոյնն է մշակութային ձեռնարկների պարագայում: Ճիշդ է, նախկինում Հայաստանից արուեստագէտներ էին գալիս, աւելի աշխոյժ էին յարաբերութիւնները: Այսօր միութիւնները փորձում են տեղական ուժերի ջանքներով գործել եւ յոյս ներշնչել մարդկանց:
Եւ, բարեբախտաբար, կեանքը Սիրիայում շարունակւում է, թէեւ ապահովական, տնտեսական առումով բաւականին դժուարութիւններ կան: Վերջին շրջանում ապահովական առումով աւելի սաստկացած է դժուարութունների տարողութիւնը, որովհետեւ զինեալ ծայրայեղ խմբաւորումները, որոնք ներխուժել են Հալէպ, անընդհատ թիրախ են դարձնում քրիստոնէական թաղամասերը: Եւ մենք, դժբախտաբար, ունենում ենք մարդկային զոհեր, որոնք ոչ մի կերպ առնչութիւն չունեն այս տագնապի հետ: Ապահովական վիճակը, կենցաղային դժուարութիւնները պատճառ են դառնում, որ մարդիկ ստիպուած են լինում լքել քաղաքը: Երբեմն անորոշութեան են մատնւում, չգիտեն՝ մեկնել հայրենի՞ք, թէ ուղղուեն Լիբանան, Եւրոպա: Այս ամէնը պատճառ է դառնում, որ գաղութի թիւն աստիճանաբար նուազում է, մեր կազմակերպ համայնքն աստիճանաբար նօսրանում է: Մենք չենք կարող համայնքի բոլոր զաւակներին պարտադրել, որ ամէն գնով մնան Սիրիայում, որովհետեւ շատ դժուար պայմաններում են ապրում: Բայց եթէ դուրս ենք գալիս, մեր փափաքն է, որ նրանք Հայաստանում հաստատուեն: Մենք պէտք է հայրենադարձութեան ծրագիր մշակենք, համադրուած հայրենի պետական մարմինների, եկեղեցական կենտրոնների կողմից, որը կ՛ուղղորդի մարդկանց, եւ դուրս ելնողը հնարաւորութիւն կ՛ունենայ կայք հաստատելու հայրենիքի մէջ, ոչ թէ Եւրոպա, Ամերիկա գնայ:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Դուք հալէպահայ համայնքի կազմակերպուածութեան, միասնականութեան մասին խօսեցիք: Կը ցանկանայի, որ անդրադառնայիք նաեւ այն երիտասարդներին, որոնք պաշտպանում են հայկական թաղամասերը, հայկական դպրոցները, բնակարանները, պաշտպանում են՝ հայկական համայնքը:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Մեր ակումբի հայ տղաները հերոսական աշխատանք են տանում հայկական բոլոր շրջաններում եւ յատկապէս Նոր Գիւղի մէջ: Նրանք ոչ միայն ժողովրդի կենցաղային, առողջապահական կարիքներին են շտապում օգնութեան, այլեւ ապահովական առումով են նրանց հասնում: Եթէ մի տեղ վիրաւոր կայ, անմիջապէս հասցնում են հիւանդանոց: Ամենավտանգաւոր շրջանների մէջ անգամ օգնութեան են հասնում: Երբ Նոր Գիւղը հրթիռակոծութեան ենթարկուեց, մարդիկ փուլ եկած շէնքերի մէջ չէին իմանում՝ ինչ անել, ուր պէտք է ուղղուել, ով իրենց պէտք է առաջնորդէր: Ակումբի տղաները բոլորին կարողացան համախմբել եկեղեցու սրահում, շտապ օգնութեան աշխատանքներ իրականացրին, վիրաւորներին հիւանդանոց հասցրին, մխիթարեցին, ամէն կերպ օգտակար դարձան ժողովրդին, որպէսզի կարողանան ահազանգային այդ մի քանի օրն անցկացնել: Ակումբի տղաները հսկում են մեր կառոյցները, անշուշտ, բախումների մէջ չեն մտնում, ինչպէս եւ մեր համայնքը: Նրանք հսկում են մեր կենտրոնները, եկեղեցիները, հայկական բնակարանները: Այն շրջանների մէջ, որտեղ վտանգը սաստկանում է, եւ մարդիկ ստիպուած մտածում են իրենց բնակարանները լքելու մասին, ակումբի տղաններն օգնում են, որպէսզի այդ մարդիկ մնան իրենց բնակարաններում: Նրանց պէտքերն են ապահովում, սնունդ, դեղորայք են հասցնում եւ ժամանակի դժուարութիւնների համեմատ՝ օգնութիւնների ձեւեր ստեղծում: Այդ բոլոր աշխատանքները կատարում են նուիրումով, առանց որեւէ ակնկալութեան, երբեմն իրենց կեանքը վտանգելով:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Հետաքրքիր է, Սիրիայում ապրողներն այսօր Հայաստանից, Սփիւռքից ի՞նչ են ակնկալում, ինչի՞ կարիք ունեն:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Մեր հիմնական խնդիրն այսօր Սիրիայում մեր գոյութիւնը պահպանելն է, որպէսզի նուազագոյն վնասներով դուրս գանք տագնապից: Իսկ սիրիական տագնապն այսօր միջազգային տարողութիւն է ստացել եւ ժողովրդավարութեան, ազատութեան շղարշի տակ Սիրիան միջազգային, քաղաքական շահերի, բախումների թիրախ է դարձել: Մենք՝ որպէս փոքրամասնութիւն, ամենաշատ տուժողներից ենք, որովհետեւ թուով քիչ ենք եւ անմիջական բախումների մէջ մասնակից չենք: Սիրիահայ համայնքն առաջին իսկ օրից իր ինքնուրոյն ուղեգիծը ունեցաւ, ժողովրդավարութեան, արդար հասարակարգի ջատագովներից մէկը եղաւ եւ դէմ եղաւ բռնարարքներին: Երբեք չներքաշուեց որեւէ քաղաքական կողմի բռնարարքների մէջ, ջատագովը հանդիսացաւ Սիրիայի համակեցութեան, տարածքային ամբողջականութեան պահպանմանը եւ փորձեց լեզու գտնել նոյնիսկ ընդդիմադիրների հետ: Գործակցութեան ձեռք մեկնեց բոլոր այն կողմերին, որոնք Սիրիայի ընդհանրական շահերի ջատագովներ են եւ այդ ծիրի մէջ են գործում:
Հիմա մեր գլխաւոր խնդիրը մեր ապահովութեան, անվտանգութեան հարցն է: Եւ շնորհակալ լինելով հայրենի պետութեանը, հայրենի, սփիւռքահայ բոլոր կառոյցներին՝ նիւթական եւ բարոյական զօրակցութեան համար, որ մինչ օրս շարունակւում է, մեր փափաքն է, որ առաջիկայ հանգրուանին այս ժամանակաւոր լուծումներն աւելի լուրջ գործընթաց ստանան, այսինքն, հայ քաղաքական միտքն ուղղուի գտնելու աւելի լուրջ լուծումներ այս տագնապում: Սիրիահայ համայնքը աստիճանաբար նուազում է, նօսրանում է, մեր ցանկութիւնն է, որ դուրս եկողները կարողանան հաստատուել հայրենիքում: Հայրենադարձութեան յստակ ծրագրի մշակում է անհրաժեշտ, որը պէտք է իրականանայ հայրենի պետութեան, կուսակցութիւնների, կազմակերպութիւնների, եկեղեցական կենտրոնների համատեղ ճիգերով, գործնական ծրագրերով: Մենք այսօր կարիք ունենք գործնական ծրագրերի, որպէսզի փրկենք սիրիահայ համայնքից դուրս եկող մեծ թուով հայութեանը:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Տիկի՛ն Զարմիկ, Սեպտեմբերի 18-19ը մեկնարկող Հայաստան-Սփիւռք համահայկական 5րդ համաժողովն անդրադառնալու է նաեւ սիրիահայ համայնքի հիմնախնդիրներին: Այս ուղղութեամբ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը, յատկապէս, որ դուք նոյնպէս հրաւիրուած էք համաժողովին:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Հաւատում եմ, որ նման համաժողովները շատ օգտակար են, որովհետեւ այնտեղ հնչում են բոլոր կողմերի տեսակէտները: Համաժողովին Սիրիայից բաւականին մեծ թուով պատասխանատուներ, լրագրողներ են մասնակցելու, որոնք կարող են իրականութիւնն աւելի յստակ, առարկայական ձեւով ներկայացնել եւ վեր հանել Սիրիայի համայնքի մտահոգութիւնները, պահանջները, վտանգի տարողութիւնը եւ լուծումների գծով առաջարկները: Հաւատում եմ, որ այս ժողովը կարող է լաւ առաջարկների, լուծումների յանգել, բայց կը դառնայ միայն ատաղձ: Եւ այս ատաղձն է, որ յետագայում պէտք է օգտագործուի այնպիսի համաժողովների ժամանակ, որտեղ որոշումներ առնողները լիազօրութիւն ունեն համայնքի ճակատագրի, հայրենադարձութեան ծրագրի մշակման մէջ որոշիչ դեր կատարելու: Այսինքն, այս համաժողովը ատաղձը պէտք է հանդիսանայ, որ ապագայում հայրենադարձութեան մշակման համար մենք յատուկ օրակարգով համաժողով իրականացնենք հայրենի պետութեան եւ Սփիւռքի կազմակերպութիւնների, կուսակցութիւնների, եկեղեցական կենտրոնների մասնակցութեամբ, որպէսզի գործնական լուծումների հանգնենք: Մենք կարիքն ունենք վերջնական հայրենադարձութեան ծրագրի մշակման՝ համահայկական ճիգերով եւ գործնական արդիւնքներով: Որպէսզի մարդիկ, Հայաստան գալով, ստիպուած չլինեն մտածելու Եւրոպա գաղթելու, այլ երկրներ գնալու մասին: Ընդհակառակը, փափաքում ենք, որ այն սիրիահայերը, որոնք լքում են Սիրիան, գան կայք հաստատեն հայրենիքում: Կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ հաւատան, որ հայրենիքն իրենց համար լաւագոյն կեցութեան վայրը կարող է դառնալ, որովհետեւ մեր երկիրն է, մեր հողն է: Սփիւռքի մէջ մենք վաղ թէ ուշ ձուլուելու ենք:

ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ.- Եւ իմ վերջին հարցը. ի՞նչն է ձեզ Հալէպում պահել:
ԶԱՐՄԻԿ ՊՕՂԻԿԵԱՆ.- Նախ, իմ կապուածութիւնը համայնքի հետ, իմ ընտանիքի, հարազատների ներկայութիւնը: Ինձ Հալէպում է պահել իմ ստանձնած աշխատանքի պատասխանատուութիւնը, որովհետեւ ես այս աշխատանքը կատարելու պատասխանատուութիւն ունեմ: Եթէ անգամ մէկ հայ մնայ Սիրիայում, պարտաւոր եմ մնալու, եւ ինձ պէս պատասխանատուութիւն ստանձնող շատ անձնաւորութիւններ: Պարտաւոր ենք մեզ վստահուած առաքելութիւնը կատարել՝ հակառակ բոլոր վտանգների:
Միակ ցանկութիւնս է, որ Սիրիայում, ինչպէս նաեւ Հայաստանում, խաղաղութիւն լինի: Վերջին անգամ հայրենիք էի այցելել 1991 թուականին: Երբ մի քանի օր առաջ եկայ, շատ դրական տպաւորութիւններ ստացայ: Այստեղ հաստատուած սիրիահայերը, թէեւ նիւթական դժուարութիւններ ունեն, շատ աւելի լաւ պայմանների մէջ են ապրում: Հասկանում եմ բոլորի դժուարութիւնները. տագնապի մէջ են, ապագան չեն տեսնում, բայց ապահով են այստեղ: Հայրենիքը գիրկը բացեց եւ ընդունեց բոլորին, սիրիահայն էլ իր ներդրումը պէտք է բերի: Ոչ թէ միայն ակնկալութեամբ գայ հայրենիք եւ մտածի, որ ամէն ինչ պատրաստ, դիւրին պէտք է լինի իր համար: Ո՛չ, սիրիահայը աշխատասէր է, շնորհալի է, աշխատունակ ու կազմակերպուած: Մենք ունենք արհեստաւորներ, արուեստագէտներ, մտաւորականներ, գիտնականներ: Ու երբ նրանք այստեղ են հաստատւում, թող իրենց ներդրումը բերեն, համբերատար աշխատանքով, քայլ առ քայլ հայրենիքի մէջ կայք հաստատեն:
Փափաքս է, որ խաղաղութիւն լինի Սիրիայում, որ մեր համայնքը կարողանայ երբեմնի իր կենսունակութիւնը գտնել: Թէկուզ աւելի տկարացած, բայց վերականգնուելու ներուժը մենք ունենք…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here