ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

0
135

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը Սիրիայի Դեյր էլ Զոր բնակավայրում իրենց «Իսլամական պետություն» հռչակած զինյալների կողմից իրականացվել է բարբարոսության ու վանդալիզմի աննախադեպ ակտ՝ պայթեցվել է հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին:

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտում են ազգային ողբերգության խորհրդանիշ հանդիսացող հոգևոր այդ կառույցի հանդեպ գործած ոճիրը: Ցասումով ու վրդովմունքով ենք լցված պատմամշակութային անկրկնելի հուշարձանի միտումնավոր ոչնչացման փորձի առնչությամբ:

Հայտարարում ենք, որ դա անլուր և լկտի անարգանք է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ հայ ժողովրդի պատմական հիշողության, մեր սուրբ ու նվիրական զգացմունքների և մեր նահատակների հիշատակի նկատմամբ: Սիրիական պատերազմի ավերածություններից, Հալեպում հայկական թաղամասերի դեմ պարբերաբար կազմակերպվող գրոհներից, ամիսներ առաջ Քեսաբի վրա թուրքական իշխանությունների աջակցությամբ ծայրահեղականների իրականացրած հարձակումից հետո, սա ևս մեկ փորձություն է տարածաշրջանի խաղաղ բնակչության և հատկապես քրիստոնյա համայնքների համար:

Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը համախմբվել և բողոքի ձայն բարձրացնել ի պաշտպանություն սփյուռքում ազգային հոգևոր և մշակութային մեր արժեքների:

Արդարության հաստատման ուղերձով մենք դիմում ենք աշխարհի քրիստոնյա հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային հեղինակավոր կազմակերպություններին, քաղաքակիրթ պետությունների ժողովուրդներին ու կառավարություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել հոգևոր արժեք ներկայացնող կառույցի հանդեպ իրագործած այդ ոճիրը, գործուն միջոցներ ձեռնարկել հանցավոր այդ կազմակերպության դեմ, առավել համակարգված հանդես գալ թիվ մեկ վտանգի՝ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում:

Արա Աբրամյան
Համաշխարհային հայկական կոնգրեսի և 
Ռուսաստանի հայերի միության նախագահ,
ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
ք. Երևան, 26.09.2014թ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here