30 Յունուար 2015
Կառավարության այսօր նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր: Այսօր էլ գործադիրը հաստատել է հանրության ուշադրությանն ու հետաքրքրությանը համապատասխանող նախագծեր: Վարչապետն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին ու հայտարարել, որ Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Այս նպատակով փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները, նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը:
Տնտեսական պատերազմ՝ աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումներն այսպես է բնութագրում վարչապետ Հովիկ Աբրահամնյանը: Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ է նախատեսել Կառավարության հերթական քայլն արդեն արված է՝ նախորդ շաբաթ հաստատված Շահութահարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով, այն ընկերությունները, որոնք տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն ՀՀ-ից շահութահարկի մասով արտոնություն կունենան, տասը անգամ պակաս կվճարեն:
Նախագիծը համարվել է անհետաձգելի ու ուղարկվել ԱԺ:
Այսօր հաստատված հերթական նախագիծն էլ սպասվող մարտահրավերներ դիմայակելու նպատակով է: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային իրավախորհրդատու, որը խորհրդատվություն կտրամադրի Եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում, կցուցաբերի տեխնիկական աջակցություն և կօժանդակի լավագույն ձևով Եվրապարտատոմսերի տեղաբաշխումը կազմակերպելու հարցում:
Նախատեսում է նաև մի քանի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ներդրողներ ներգրավել, փոխվարչապետի վստահեցմամբ, ներդրողները տեսնում են, որ Հայսատանի կառավարությունը կարողանում է էականորեն ներգրավել միջազգայն պարտք, նստահությունը նույնպես խթանում է արտասահմանյան ֆինանսավորման ներհոսքերին: Արտարժույթային շուկայում որոշակի կանոնակարգման հարցեր ևս քննարկվել են, մասնավորապես՝ աշխատակազմը քննարկել է ԿԲ-ի կողմից մշակված Արտարժույթային փոխանակման կետերի մասին նոր հայեցակարգը, ՏՄՊՊՀ -ի կողմից գների հնարավոր փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը:
Նպատակը մեկն է՝ դրսից եկող էական տատանումներն անմիջապես չազդեն և նոր միջոցներ ներգրավվեն: «Այս միջոցառումները հատկապես շատ կարևոր են մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու համար»,- նշեց փոխվարչապետը:
Առաջիկա 4 տարիների ընթացքում Դիաբետոն –ը ձեռք կբերվի ֆրանսիական ընկերությունից
2015-2019թթ ընթացքում շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված Դիաբետոն դեղահաբը ձեռք կբերվի ֆրանսիական ընկերությունից: Այս նախագիծը ենթադրում է, որ ֆրանսիական կազմակերպությունը աստիճանաբար փոխարինելու է հնդկական ընկերությանը: Հիշեցնեմ, հնդկական կազմակերպության դեղահաբի էֆեկտիվությունից ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ շարունակ էին դժգոհում դիաբետիկները: Նկատենք, որ Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը հիվանդների թվաքանակի ավելացման հետ տարեկան աճում է 10 և ավելի տոկոս: 2019թ. անհրաժեշտ կլինի ապահովել 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ Ուստի և առողջապահության նախարարությունը վերլուծելով իրավիճակն ու առաջարկները, այսօր ներկայացրեց, իսկ կառավարությունն էլ հաստատեց այս նախագիծը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեկ, Նորապատ և Նորակերտ գյուղական համայնքներում 9.24 հեկտար խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներ կիրականացվի: Այս այգետարածքներում բույսերի վնասակար օրգանիզմ համարվող ֆիլոքսերա (որդալվիճ ) հիվանդություն է հայտանբերվել: Մասնագետները հիվանդությունը դեռ 2009թ էին նկատել մարզի Գայ համայնքում: Դրան նախորդող տարիներին ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքներում այդ վնասատուով վարակված 9,68 հա խաղողի այգիները քանդվել և 22 այգետերերի տրամադրվել էր փոխհատուցում: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, 2014 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Արմավիրի մարզի Աղավնատուն, Արևադաշտ, Այգեկ, Նորապատ և Նորակերտ համայնքների խաղողի այգիների 11.07 հա տարածքում հայտնաբերվել է խաղողի ֆիլոքսերա (որդալվիճ) վնասատուն: Որպես վարակի օջախի վերացման միջոց՝ անհրաժեշտ է իրականացնել Աղավնատուն համայնքի խաղողի այգիների վարակված 1.01, Այգեկ` 1.43, Նորապատ 6.35 և Նորակերտ համայնքի 0.45 հեկտար մակերեսով խաղողի այգիների քանդում, ոչնչացում և բույսերի պաշտպանության ընթացիկ միջոցառումներ, ինչպես նաև քանդված այգիների սեփականատերերին կհատկացվի համապատասխան աջակցություն: